Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 06,2000 00:00

ԿՀԱՎԱՏԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ «Առավոտը» փորձեց դատախազության լրատվության եւ միջազգային կապերի ծառայության պետ Գուրգեն Ամբարյանից պարզել, թե նախագահի հանձնարարությամբ հանդիպելով Նաիրի Հունանյանի հետ, գլխավոր դատախազն ի՞նչ եզրակացության է եկել նրա պնդումների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Բորիս Նազարյանին ուղղված դիմումում Նաիրի Հունանյանը շարադրել էր այն անձանց անունները եւ նրանց կիրառած մեթոդները, որոնցով իրեն ստիպել էին ցուցմունք տալ: Գուրգեն Ամբարյանը պատասխանեց, որ Նաիրի Հունանյանի դիմումի մեջ նշված փաստերը ստուգվում են։ ԴԻՏՈՐԴԻ ԲԱԽՏ ԿԱՄ ՎԱՐԿԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Առավոտի» տեղեկություններով երեկ ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է տարվել տարբեր թերթերում թղթակցություններով հանդես եկած Վահագն Ղուկասյանը, որը օրերս լույս է ընծայել «Դիտորդի վարկած» գրքույկը՝ մասնավորապես շոշափելով հոկտեմբերի 27-ի գործին, նախագահ Քոչարյանի պաշտոնանկությանը, նաեւ՝ նշված վարչության պետի անցյալին առնչվող հարցեր։ Վահագն Ղուկասյանին քրեական հետախուզության վարչություն տանելու պատճառների վերաբերյալ մեր հարցին վարչության պետ Հրաչյա Հարությունյանը պատասխանեց. «Թույլ տվեք չպատասխանել»։ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁԸ Նախագահի նկատմամբ ՄԵղրիի առնչությամբ կասկածներ սերմանողների դեմ պայքարելու իր հաստատակամության մասին ԱԺ ամբիոնից ՀԺԿ քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունից հետո, հունիսի 1-ին կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նրան հեռացնելու հարցը։ Նիստն ընթացել է Հմայակ Հովհաննիսյանի բացակայությամբ։ Ընդամենը 2 հոգի են «դեմ» արտահայտվել նրան հեռացնելուն։ Վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ Մարտի 4-ին Բրիտանահայկական խորհրդարանական բազմակուսակցական խումբն իր ժողովում միաձայն ընտրեց նախկին վարչապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանին «ցմահ նախագահ»: Խումբը ստեղծվել է 1992 թվականին եւ իր մեջ է ընդգրկում բրիտանական խորհրդարանի /երկու պալատների/ 56 անդամ: Ելույթ ունենալով ընտրության կապակցությամբ՝ լորդ Վալփոուլը բարձր գնահատեց պրն Սարգսյանի 8-ամյա արդյունավետ գործունեությունն այդ խմբում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել