ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ՝ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀՀ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե նորանշանակ Գագիկ Պողոսյանը, որն ընդամենը 8-9 օր է նշանակվել այս պաշտոնում, մտադիր է նախարարության գործունեությունն ավելի հրապարակային դարձնել։ Այս նպատակով նախարարությունը պարբերաբար ասուլիսներ է կազմակերպելու եւ ԶԼՄ-ների սերտ համագործակցություն է ակնկալում։ Իբրեւ առաջին քայլ, նախարարության լրատվական ծառայությունը երեկ մի տեղեկանք տրամադրեց էներգահամակարգի երկու ընկերություններում օրերս կատարված ստուգումների վերաբերյալ։ Ըստ այդմ, «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ում եւ «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ում հարկային օրենսդրության խախտումներ են արձանագրվել։ Այսպես, «Կենտրոնական էլեկտրացանցում» կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետության նկատմամբ ընկերության պարտքը կազմում է 218,3 մլն դրամ։ Ակտավորումից հետո վերջինիս առաջադրվել է 162,6 մլն դրամ տուգանք եւ 148 մլն դրամ ժամկետանց օրերի տույժ։ «Հյուսիսային էլեկտրացանցի» կուտակած պարտքը պետության հանդեպ կազմել է՝ 188,8 մլն դրամ։ Ընկերության նկատմամբ կիրառված վարչական պատժամիջոցների արդյունքում տուգանքը կազմել է 109,1 մլն դրամ, ժամկետանց օրերի տույժը՝ 84,5 մլն դրամ։ Հիշյալ երկու ընկերությունների գծով պետական բյուջե կմուտքագրվի լրացուցիչ 778,1 մլն դրամ։ «Օրենքի առաջ բոլորն են հավասար»։ Նախարարությունը պնդում է, թե իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է հենց այս կարգախոսով։ Իսկ թե այս կարգախոսն ամիսներ անց կշարունակի արդյոք արդիական մնալ՝ ցույց կտա առաջիկան։ ԷԴ ՍՐՃԱՐԱՆԸ ՆԱԽԱՐԱՐԻ՞ՆՆ Է Խորհրդարանական պաշտոնյաներից մեկից տեղեկացանք, որ կապի եւ տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանը՝ նույն ինքը՝ «Խուճուճ Էդոն», ակտիվ գործունեություն է ծավալել իր սեփականության ցանկը ընդլայնելու ուղղությամբ։ Ըստ նույն աղբյուրների, նա ջանքեր չի խնայում Երեւանի կենտրոնում գործող բացօթյա սրճարաններից մեկ-երկուսը, այդ թվում՝ «Էրեբունին», իրենով անելու համար։ Ասում են նաեւ, որ պրն Մադաթյանը հիշյալ սրճարանատիրոջը նախարարի իրավունքով հայտարարել է, թե՝ «Էս իմն ա»։ Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունն ու դիմեցինք հենց իրեն՝ պարոն Մադաթյանին։ «Ես նոր օբյեկտներ վերցնելու ցանկություն չունեմ։ Ես հիմա ավելի շատ պետական պաշտոնյայի գործերով եմ զբաղված։ Այն օբյեկտները, որ ունեի մինչեւ հիմա՝ բավարար է»,- արձագանքեց Էդ. Մադաթյանը։ Իսկ այդպիսի օբյեկտներից մեկը «Անի» հյուրանոցի հարեւանությամբ գործող «Ուրարտու» ռեստորանն է, որն, ի դեպ, այնքան էլ հեռու չէ հիշյալ «Էրեբունի» սրճարանից։ Պարոն Մադաթյանին չհավատալու հիմքեր չունենք, ուստի, հուսանք, որ նախարար նշանակվելուց հետո «սեփականության վերաբաշխման» գործընթացի մասնակիցներից մեկը նա՛ չի լինի։ ՄՐՑԱԿԻՑ «ՆԱԻՐԻՏԻ» ՀԱՄԱՐ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ մի հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել քիմիական արդյունաբերությունը։ Այս «հանդուգն» հայտարարությունն անցյալ տարեվերջից սկսեց աստիճանաբար կենսագործվել։ Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին «Հայրենական ապրանք արտադրողների միությունը» ի դեմս կազմակերպության նախագահ Վ. Սաֆարյանի, նամակով դիմել էր «Գազպրոմ» ռուսական կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռ. Վյախիրեւին եւ «Ապրանք արտադրողների միջազգային միության» նախագահ Ն. Ռիժկովին՝ խնդրանքով՝ ուսումնասիրել հայկական կաուչուկը ռուսական շուկա դուրս բերելու հնարավորությունները։ Արդեն դեկտեմբերի 23-ին ռուսական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության «Սիբուր» ԲԸ-ի եւ «Հայրենական ապրանքներ արտադրողների միության» միջեւ համաձայնագիր է ստորագրվել։ Ըստ այդմ «Սիբուրը» պարտավորվել է «Նաիրիտ» ԳԱ ՊՓԲԸ-ից ամսեկան գնել 500 տոննա կաուչուկ։ Համաձայնագիրն արդեն գործողության մեջ է, եւ կաուչուկի առաջին խմբաքանակը՝ 500 տոննա, ավելի քան 10 օր առաջ ուղարկվել է Ռուսաստան։ «Նաիրիտի» արտադրած 1 տոննա կաուչուկի գինն այսօր արժե 2500 դոլար, մինչդեռ ռուսական շուկան կաուչուկով ողողած «Դյուպոն» ընկերությունը 1 տոննա կաուչուկը վաճառում է 4000 դոլարով։ Սա նշանակում է, որ հիշյալ համաձայնագրի իրագործման դեպքում «Նաիրիտը» միջազգային շուկայում՝ ի դեմս «Դյուպոնին», լուրջ մրցակից կարող է ձեռք բերել։ Սեփ. լր.