Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԱԶ

Հունիս 03,2000 01:06

Մինչ նախագահ Քոչարյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրում էր Չիկ Կորեային, համերգասրահի հակառակ երեսին՝ Ազատության հրապարակում, «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խումբը փորձում էր հանրահավաք անցկացնել։

Արեւ էր, ծառերի տակ հավաքվածները կարծես «թամաշայի» էին եկել, հրապարակում մի քիչ մարդ էր հավաքված, Թումանյանի արձանի ստվերում նույնպես մարդիկ կային։
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի համարձակությանը պարզապես կարելի էր նախանձել։ Ներկաներից մի քանի ճղճղան կանայք փորձում էին փակել նրա բերանը, բայց՝ ապարդյուն։ Պրն Շանթը խոսքը չէր ընդհատում. «Ես եմ, կանգնել եմ, չեմ փախել»։ Իր ասելով, Շանթ Հարությունյանը 12 տարի առաջ նույնպես ինքն էր, այստեղ էր եւ հացադուլ էր անում։ Նա առաջարկում էր չլսել, չենթարկվել, այլ նույնիսկ 10 հոգով փողոց դուրս գալ։ Եվ կարեւոր չէ՝ միտինգին ժողովուրդը շատ էր, թե քիչ, կարեւորը՝ ժողովուրդը ջղայնացա՞ծ էր, թե՝ ոչ այնքան։ Իսկ ժողովուրդը ջղայնացած էր ե՛ւ հարթակում այսօրվա կանգնածների, ե՛ւ 12 տարի առաջ կանգնածների, ե՛ւ այսօրվա, ե՛ւ երեկվա իշխանության վրա։ Մի կին, որն իր ճղճղոցով ամենից շատ էր խանգարում, հպարտորեն ասում էր, թե իր բերանը փակել չի լինի։ Թեպետ ոչ ոք չէր էլ փորձում այդ բանն անել։ Հանրահավաքի մասնակիցները միաբանվելու փորձ արեցին, երբ խոսք գնաց Սերժ Սարգսյանի մասին։ Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտված լինելը, բոլոր կալանվածներին կամաց-կամաց ազատելը, հնարավոր է, ժողովրդին ափերից հանի։ Ընդհանրապես ներկաները պարզապես բորբոքվում էին, երբ հռետորներից մեկն ու մեկը հիշատակում էր Սերժ Սարգսյանի կամ նախագահ Քոչարյանի անունները։ Ոմանք էլ տեղից լրացնում էին՝ էդ ինչո՞ւ Լեւոնի անունը չեք տալիս։
Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի կարծիքով, «այսօր դուք (հանրահավաքին ներկա գտնվողները- Մ. Ե.) մի քիչ ավելի շատ եք, քան չեկիստները, որոնք շրջապատել են մեր գրասենյակները»։ ԼԴԿ ղեկավար Վիգեն Խաչատրյանի կարծիքով. «Այն հանգամանքը, որ հանրահավաքն այսօր բազմամարդ չէ, բնավ չի նշանակում, որ մեր ժողովուրդը համակերպվել է այս վարչախմբի հետ, եւ բնավ չի նշանակում, որ մեր քաղաքացիները զոհ կգնան այս վարչախմբին»։ Նախաձեռնող խումբը որոշել էր ճշմարտությունն ասել ժողովրդին եւ ասաց. «Իրոք հայրենիքը վտանգված է։ (…) Այսօր Մեղրիի խնդիր չկա, Ղարաբաղի խնդիր կա։ Եվ պետք չէ մեր ուշադրությունը շեղել դեպի Մեղրի։ Մենք Մեղրիում համոզվեցինք, որ մեղրեցին վստահ է եւ պատրաստակամ է իր տարածքը պաշտպանել»։ Մինչ Վիգեն Խաչատրյանը բացատրում էր, թե ինչ պետք է անել, որ վարչախումբը հեռանա, նույն ճղճղան կինը, որի բերանը, իր ասելով, փակել չի լինի, ականջիս տակ գոռում էր. «Սերժին ու Քոչարյանին էլ բերեիք, ըստեղ կանգնացնեիք, որ մենք ինչ որ պետքն էր իրենց ասեինք»։ Հանրահավաքի կազմակերպիչները իրենց խոսքը քաջաբար առաջ էին տանում։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մաքեյանը եւս խոսեց Մեղրիից, ներկաներին պատմեց վերջերս դեպի Մեղրի կատարած իրենց ուղեւորության մասին։
Կարո Կարապետյանը՝ «21-րդ դար» կուսակցության իրավաբանական հանձնախմբի ղեկավարը, հայտարարեց. «ՀՀ դատախազությունը չի աշխատում օրենքով, այլ աշխատում է Ռոբերտ Քոչարյանի հրահանգով»։ Որտեղից՝ որտեղ տարածքում հայտնվեց ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Հմայակ Հովհաննիսյանը։ Իր վերջին ելույթներից մեկի ժամանակ պրն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե նախկինները Կիկոսի մահն են դարձրել Մեղրիի հարցը եւ նպաստում են այդ տարածքի հայաթափմանը, ջուր լցնելով պանթուրքիզմի գաղափարախոսների ջրաղացին։ Հավանաբար Հմայակ Հովհաննիսյանը հրապարակ էր եկել իր խոսքերի ապացույցը գտնելու, բայց՝ ակնհայտորեն չգտավ, քանի որ «նախկինները» երեկ գոնե Մեղրիի վերաբերյալ այլ բան ասացին. «Մեղրիի հարց չկա, կա Ղարաբաղի հարց»։
Հանրահավաքից հետո, երբ կազմակերպիչները հեռացան, ժողովուրդը դեռ երկար մնաց հրապարակում։ Տեղային նշանակության մինիևմիտինգներ տեղի ունեցան, որոնցում ժողովուրդը քաղաքական հասունության օրինակներով փայլեց։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Հանրահավաքից հետո աստիճաններին նստած տեսանք նախկին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին։ Վերջինիս մոտեցավ տարեց մի մարդ, ներկայացավ. «Արամ Հարությունյան, ՀՀ քաղաքացի։ Եթե չեմ սխալվում՝ դուք Ժիրայր Լիպարիտյանն եք»։ Ինքն էր, հետո՞։ Հետո այն, որ ՀՀ քաղաքացին հետաքրքրվեց. «Ե՞րբ է էս երկիրը կարգին երկիր դառնալու»։ «Բայց ինչո՞ւ եք այդ հարցն ինձ ուղղում»,- եղավ պրն Լիպարիտյանի պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930