ՀՀ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե նորանշանակ Գագիկ Պողոսյանը (լուսանկարում), որն ընդամենը 8-9 օր է նշանակվել այս պաշտոնում, մտադիր է նախարարության գործունեությունն ավելի հրապարակային դարձնել։ Այս նպատակով նախարարությունը պարբերաբար ասուլիսներ է կազմակերպելու եւ ԶԼՄ-ների սերտ համագործակցություն է ակնկալում։ Իբրեւ առաջին քայլ, նախարարության լրատվական ծառայությունը երեկ մի տեղեկանք տրամադրեց էներգահամակարգի երկու ընկերություններում օրերս կատարված ստուգումների վերաբերյալ։ Ըստ այդմ, «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ում եւ «Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ում հարկային օրենսդրության խախտումներ են արձանագրվել։ Այսպես, «Կենտրոնական էլեկտրացանցում» կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ պետության նկատմամբ ընկերության պարտքը կազմում է 218,3 մլն դրամ։ Ակտավորումից հետո վերջինիս առաջադրվել է 162,6 մլն դրամ տուգանք եւ 148 մլն դրամ ժամկետանց օրերի տույժ։
«Հյուսիսային էլեկտրացանցի» կուտակած պարտքը պետության հանդեպ կազմել է՝ 188,8 մլն դրամ։ Ընկերության նկատմամբ կիրառված վարչական պատժամիջոցների արդյունքում տուգանքը կազմել է 109,1 մլն դրամ, ժամկետանց օրերի տույժը՝ 84,5 մլն դրամ։
Հիշյալ երկու ընկերությունների գծով պետական բյուջե կմուտքագրվի լրացուցիչ 778,1 մլն դրամ։ «Օրենքի առաջ բոլորն են հավասար»։ Նախարարությունը պնդում է, թե իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է հենց այս կարգախոսով։ Իսկ թե այս կարգախոսն ամիսներ անց կշարունակի արդյոք արդիական մնալ՝ ցույց կտա առաջիկան։