Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Հունիս 03,2000 00:28
Jirayr Liparityan

«Միջազգային անվտանգության համակարգեր» թեմայով իր զեկուցումը Ժիրայր Լիպարիտյանը երեկ եզրափակեց մի ակնարկով.

«Այն բոլոր առաջարկները, որ կան, որտեղից որ եկած են (…) ընդհանրապես դրանք մթնոլորտ ստեղծելու միտում ունեն։ Ինչ-որ մարդիկ խոսում ու խոսում են։ Ու տարբեր հանրապետություններում մարդկանց մտքի մեջ սկսում է գոյանալ այն համոզումը, որ արդեն դե ֆակտո ինչ-որ բան կա։ Իսկ երբ մի բան դե ֆակտո է՝ դրա դեմ կռվելը հոգեբանորեն մի քիչ դժվար է։ Սա բավական նպատակաուղղված քաղաքականություն է»,- Ժիրայր Լիպարիտյանը չորոշակիացրեց, թե հատկապես ո՛ր առաջարկների մասին է խոսքը։ Սակայն ակնհայտ է, որ ակնարկը Մեղրին Արցախի եւ Լաչինի հետ փոխանակելու, եւ Հայաստանին Իրանի հետ հաղորդակցվելու համար Ադրբեջանի սահմանագիծը չհատող մի ճանապարհ տրամադրելու մասին էր։ Չնայած այն մերժվել էր՝ այնուամենայնիվ, ապրիլի 25ևին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր. «Միգուցե մենք սխալվո՞ւմ ենք «ոչ» ասելով։ Ինչի՞ց ենք վախենում։ Ինչի՞ չենք քննարկում։ Ի՞նչ է, տաբո՞ւ է»։
«Առավոտն» էլ, առիթից օգտվելով, բանակցային գործընթացին մի ժամանակ փորձագետի մակարդակով տիրապետող անձանցից մեկին առաջարկեց քննարկել այս առաջարկի «պլյուսներն ու մինուսները», ինչպես հորդորել էր պրն Օսկանյանը։ Ժիրայր Լիպարիտյանը չցանկացավ. «Բավական փորձ ունեմ ասելու, որ մինչեւ առաջարկը գրավո՛ր, իմ աչքերո՛վ չտեսնեմ՝ կարծիք չեմ հայտնի։ Մի բան կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում, թե Մեղրիի կարգավիճակը որեւէ ձեւով փոխվելը Հայաստանին օգտակար կլինի»։ Պրն Լիպարիտյանը եւս մեկ անգամ նշեց, թե միայն առաջարկին ծանոթանալուց հետո կարող է մեկնաբանել. «Նախարարի այդ հայտարարությունը ոչինչ չի ասում ինձ։ Ես բավական փորձառու բանակցող եմ եւ փաստաթղթեր տեսած լինելով գիտեմ, որ երբեմն ստորակետն էլ տարբերություն է»։ Օրինակելի մի պատասխան էր հայաստանյան քաղաքական գործիչների համար, որ այս էլ քանի տարի հակամարտության կարգավորման զանազան առաջարկներն են գնահատում՝ առանց գոնե թռուցիկ ծանոթ լինելու փաստաթղթերին։
Ժիրայր Լիպարիտյանը համառորեն հրաժարվում էր նաեւ կարգավորման առաջարկների եւ հոկտեմբերի 27-ի միջեւ զուգահեռներ փնտրող հարցերին պատասխանելուց. «Միայն գիտեմ՝ որպեսզի նման հիմնահարց պետության մեջ լուծվի, պետք էր ունենալ ուժեղ ղեկավարություն։ Հստակ է, որ մեր ղեկավարությունը տկարացավ»։
«Քոչարյանը ճի՞շտ է լուծում Ղարաբաղի հարցը»,- հետաքրքրվեց թղթակիցներից մեկը, եւ նախկին իշխանության ներկայացուցիչը դարձյալ ձեռնպահ մնաց ներկաներին քննադատելու հարմար առիթից օգտվելուց. «Չգիտեմ ինչ է անում, չի ասում ինձ։ Ձեզ ասո՞ւմ է։ Դուք գիտե՞ք ինչ է անում։ Ես մանրամասն չգիտեմ»։
Նրան խնդրեցին մեկնաբանել վերջերս շրջանառության մեջ հայտնված այն թեզը, թե խուսանավելու այս քաղաքականությունը հեռանկար չունի, եւ ի վերջո Հայաստանին ստիպելու են ընտրություն կատարել Արեւմուտքի կամ Ռուսաստանի միջեւ։ Ի պատասխան պրն Լիպարիտյանը հիշեցրեց իր հրապարակած պնդումը. «Ի վերջո, այնքան ենք տկարանալու, որ մեզ պարտադրելու են ինչ-որ լուծում։ Վստա՛հ եմ։ Եվ նույն Ադրբեջանն էլ այնքան ուժեղ չէ, որքան երկու տարի առաջ։ Նույնը Վրաստանը։ Նույնը Ղարաբաղը։ Ընդհանուր երեւույթ է»։
«Սնարքի» աշխատակցին հետաքրքրող հարցն էր. եթե արտաքին ուժերն այդքան բացասական են ազդում թե՛ մեր բոլոր երկրների, թե՛ հակամարտության կարգավորման վրա, արդյոք պե՞տք էր միջազգայնացնել կարգավորման գործընթացը. «Պետք էր թե ոչ՝ իր առավելություններն ունի եւ իր անպատեհությունները։ Տեղեր կան, որ ավելի դյուրին է ունենալ միջնորդ՝ խոսելու համար։ Եթե կարգավորումը պահանջում է խաղաղապահ ուժեր՝ ուրիշները պիտի անեն։ Միեւնույն ժամանակ, երբ քո հաշվարկների մեջ՝ այսօ՞ր բանակցես, այսօրվա՞ առաջարկն ընդունես, թե՞ ոչ՝ մտցնում ես այնպիսի գործոններ, որոնք հակամարտության էության հետ կապ չունեն, դրսից են կամ նրանք են քեզ պարտադրում այդ բանը, եւ դու ներքին եւ արտաքին պատճառներով ընդունում ես՝ խաղի օրենքներն են փոխվում։ Որեւէ անգամ, երբ հակամարտության իսկական էությունից հեռանում եւ մեծ հաշվարկների մեջ ես խառնվում՝ ավելի հնարավորություն ունես գործիք դառնալու, քան հարց լուծող։ Դրա համար էլ, միջազգայնացումը պետք է մի քանի տեսանկյունից քննարկել։ Նախ եւ առաջ, առաջին միջազգայնացումը, որ իրավական էր՝ ինքն իրեն պատահեց։ Այսինքն, երկու պետություններն անկախացան եւ հակամարտությունը ինքնաբերաբար դարձավ միջազգային։ Դրանից առաջ քաղաքականորեն միջազգայնացվեց, երբ մենք ամբողջ Սփյուռքով Արցախի հետ եղանք եւ սկսեցինք ճնշել մեր կառավարություններին։ Իսկ հակամարտության լուծման գործընթացի միջազգայնացումը ԵԱՀԿ-ում եղավ, որի միջնորդությամբ մենք մեծ հաջողություն ունեցանք։ Դա նշանակեց, որ Ադրբեջանը չէր կարող ասել, թե Արցախի կարգավիճակն իր խնդիրն է, քանի որ իրեն մաս է կազմում»։
Նշենք նաեւ, որ Ժիրայր Լիպարիտյանը խոստովանեց, թե շարունակում է հանդիպել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեին։ Վերջին անգամ՝ փետրվարին իր տանն է հյուրընկալել, Վաշինգթոնում միասին ելույթ են ունեցել։ Խոստովանեց, թե իրար հետ չեն վիճում, նույն կերպ են մտածում։ «Ոչ պաշտոնական խոսե՞լ եք Արցախի հարցի մասին» հարցին պատասխանեց. «Ո՛չ։ Լրիվ պաշտոնական եմ խոսել»։ Լրագրողը շարունակում էր հետաքրքրվել՝ մի ընդհանուր եզրակացության եկե՞լ են, թե ինչպես էր կարելի հիմնահարցը լուծել։ Ժիրայր Լիպարիտյանը խուսափեց որոշակի պատասխանից. «Վերջնական չէ։ Կարծում եմ, բավական լուրջ առաջադիմեցինք։ Ի վերջո, կարծում եմ, որ այդ ձեւով կլուծվի։ Հիմա բացահայտեմ՝ ավելի կքաղաքականանա»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930