Երեկ մոտավորապես ժամը 11-ին «Առավոտի» խմբագրություն ներկայացավ ԼՂՀ դատախազության ՀԿԳ քննիչ Ռազմիկ Աղասյանը։ Կարճ ասած՝ եկել էր Սաթիկ Սեյրանյանի ետեւից։ Վերջինիս տեղում չգտնելով, խոստացել էր կրկին այցելել։
Վերջապես ժամը 19.20-ի սահմաններում թանկագին հյուրը խմբագրությունում էր։ Նա մեզ ներկայացրեց մի ծանուցագիր, ուր նշվում էր, թե Ս. Սեյրանյանը հրավիրվում է որպես վկա՝ հարցաքննվելու մարտի 22-ի գործով։
Կասկածելի էր ծանուցագրի վավեր լինելը։ Ծանուցագրի՝ «ՀՍՍՀ դատախազություն» բառի վրա ձեռքով ջնջված էին երեք առաջին տառերը, փոխարենը՝ ավելացված էր «ԼՂՀ»։ Հիշեցնենք, որ Ս. Սեյրանյանին «քննելու» պատրաստակամություն էր հայտնել ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Հ. Բաբայանը, որի մեղքով, սակայն, հարցաքննությունը տեղի չէր ունեցել։
Որոշ ճշտումներ անելու նպատակով փորձեցինք կապվել ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Նրա օգնականը (հավանաբար՝ հեռախոսի գծով)՝ վերցնելով կառավարական հեռախոսը, չթողեց որեւէ բառ փոխանակել։ Կապվեցինք գլխավոր դատախազի տեղակալ Ժ. Խառատյանի հետ։ Նրան էլ էր փոխարինում օգնականը, որը, սակայն, ոչնչով օգնել մեզ չկարողացավ. ի վիճակի չէր պատասխանել մեր հարցերին։ Կապվեցինք քննիչ Բաբայանի հետ։ Նա մեզ հայտնեց, որ իր ծանրաբեռնվածության պատճառով է, որ չի զբաղվում մարտի 22-ի գործով, իսկ ծանուցագրի վավեր լինելու հետ կապված էլ՝ չզարմացավ, «ՀՍՍ»-ն ձեռագրով «ԼՂՀ»-ի փոխելու վրա (ասաց, որ, հավանաբար, ծանուցագրի պաշտոնական թերթիկ չի գտնվել)։ Մեկ այլ քննիչ մեզնից առաջին անգամ լսեց մարտի 22-ի մասին։
Ինչեւէ, այսօր առավոտյան ժամը 10-ին Ս. Սեյրանյանը, խմբագրակազմը փորձ կանեն հանդիպել ՀՀ գլխավոր դատախազի կամ տեղակալի հետ։ Եթե նրանք օրինական կդիտեն ԼՂՀ քննիչի կողմից ՀՀ քաղաքացի լրագրողին հարցաքննելու՝ նրա մոտ առկա իրավական հիմքերը, այս դեպքում Ս. Սեյրանյանը կօգտվի պատմական պատեհ պահից. քննիչը հրաժեշտ տալիս խոստացավ նրան. «Պատմության էջ կմտնե»։
«ԱՌԱՎՈՏ»