Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

ԴՐՎԱԳՆԵՐ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ Ազգային ռադիոյի թղթակիցը «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկություն ցանկանում սահմանել նաեւ առաջին խմբի հաշմանդամների համար, ինչպե՞ս են նրանք օգտվելու այդ արտոնությունից, երբ գամված են անկողնուն։ «Ճի՛շտ է,- համաձայնեց պրն Բաղդասարյանը։- Ուրեմն, այդ արտոնությունից հնարավոր օգտվողները ոչ թե 108 հազար են, այլ 104 հազար»։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի «զառանցանք» եւ «զրպարտություն» գնահատականները էներգետիկ չարաշահումների վերաբերյալ ԱԺ հանձնաժողովի զեկույցին, Դավիթ Լոքյանն ասաց. «Հանձնաժողովը որոշակի միտում չի ունեցել զրպարտանքների։ Այն, ինչ հնչել է՝ դրանք փաստական ապացույցներ ունեն։ Պրն Բագրատյանը կարող է վերհիշել, որ ժամանակին ինքն էլ է փորձել այդ հարցերով որոշակի ուսումնասիրություններ կատարել։ Խոսքը, կարծեմ, 70 հազար տոննա մազութի մասին էր, եւ այդ փաստաթղթերի որոշակի մասը պահպանված է։ Վերջին հաշվով, այսօր Բագրատյանին մնում է այդպիսի բան ասել։ Չեմ ուզենա նման երկխոսության մեջ մտնել, երբ ինքը հստակ բան չի ներկայացնում»։ Հայկոմկուսի խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանն էլ իր հերթին պատասխանեց տեւական շրջան հանրությանը հուզող «Ո՞վ է այն տղամարդը» հարցին։ Ըստ այդմ. «Նախագահն ավելի տղամարդ գտնվեց, քան շատ պատգամավորներ»։ Խոսքը վերաբերում է էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկությանն առնչվող օրինագծի վերաբերյալ հստակ ու միանշանակ կարծիք ասելուն։ Գագիկ Թադեւոսյանը նաեւ վստահ էր, թե քանի որ Ռոբերտ Քոչարյանը շատերից ավելի խելացի է՝ այս պատրվակով չի ցրի ԱԺ-ն, որ չհերոսացնի խորհրդարանը։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին «Առավոտը» խնդրեց հստակեցնել, թե արդյոք «Միասնությունը» նիստեր գումարո՞ւմ է եւ որոշումներ ընդունո՞ւմ է. «Անդրանիկ Մարգարյանին վարչապետ առաջադրելուց հետո եւ կառավարության ձեւավորման ընթացքում, այո՛, նիստեր չեն գումարվել։ Իսկապես այդպես է։ Լավ գիտեք, որ կային խնդիրներ։ Բայց երեկ «Միասնությունը» նիստ գումարել է։ Մինչ այդ էլ ՀԺԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել։ Եվ հուսով եմ, նաեւ այդ նիստի գումարումը նախանշան է, որ այն բարդությունները, որոնք եղել են «Միասնության» ներսում՝ հաղթահարվում են»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել