Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

«ԵՍ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ» Սամվել Բաբայանի պաշտպան Գագիկ Հակոբյանը երեկ ԼՂՀ դատախազ Մավրիկ Ղուկասյանին է ուղղել հետեւյալ դիմումը. «30.05.2000 թ. ԼՂՀ դատախազ Մ. Ղուկասյանի կողմից գրություն ենք ստացել այն մասին, որ ինձ հրավիրում են 01.06.2000 թ. ԼՂՀ դատախազություն՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։ 27.05.2000թ. դիմել եմ հայտարարությամբ՝ քննչական խմբի ղեկավար Ա. Գ. Ավագյանին, այն մասին, որ մինչեւ չապահովվի ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 47 հոդվածով պաշտպանին վերապահված իրավունքները՝ տեսակցություն ունենալ մեղադրյալի հետ եւ ծանոթանալ քրեական գործի նյութերին, ես չեմ մասնակցի քննչական գործողությունների կատարմանը։ Սակայն 30.05.2000 թ. ստացել եմ գրություն 11.05.2000 թ. թվագրմամբ՝ քննչական խմբի ղեկավարի կողմից, այն մասին, որ Ս. Բաբայանի հետ քննչական գործողություններ կատարելու ժամանակ ինձ տեղյակ կպահվի քննչական գործողություններին մասնակցելու եւ Սամվել Բաբայանի հետ տեսակցություն ունենալու համար։ Իսկ քրեական գործի ամբողջ նյութերին ես կարող եմ ծանոթանալ նախաքննությունը ավարտելուց հետո։ Տվյալ գրությունը հակասում է քր. դատ. օր.-ի 47 հոդվածի պահանջներին եւ նպատակ է հետապնդում տարբեր անօրինական միջոցներով թույլ չտալ ինձ իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը։ Քննչական խմբի ղեկավար Ա. Ավագյանի կողմից թեեւ ինձ 15.05.2000 թ. թույլատրվել է մասնակցել քր. գործին՝ որպես Սամվել Բաբայանի պաշտպան, բայց ինձ նույնիսկ չեն ներկայացրել իմ պաշտպանյալին։ Եվ նման պարագայում խոսել այն մասին, որ մեղադրյալը ապահովված է պաշտպանով՝ ուղղակի անհեթեթություն է։ Ես կրկին պնդում եմ իմ հայտարարությունը, որ մինչեւ նախաքննություն իրականացնող մարմինը չապահովի ԼՂՀ քր. դատ. օր.-ի 47 հոդվածի պաշտպանին վերապահված իրավունքները՝ «գործին մասնակցելու թույլտվություն ստանալու պահից տեսակցություն ունենալ մեղադրյալի հետ (առանց թվի եւ ժամանակի սահմանափակման), ծանոթանալ քրեական գործի ամբողջ նյութերին եւ անհրաժեշտ տեղեկություններ քաղել դրանցից…» ես չեմ մասնակցի որեւէ քննչական գործողության»։ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԷԻՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԻ Չնայած մարտի 22-ի գործով մեղադրյալ Էրիկ Ֆարամազյանը հրաժարվել էր իր երեւանցի պաշտպան Աշոտ Վարելջյանից, այնուամենայնիվ, փաստաբանին ԼՂՀ դատախազությունից հունիսի 1-ին հրավիրել էին Ստեփանակերտ՝ մասնակցելու քննչական գործողության։ Այս փաստաբանն էլ էր ուրիշներից իմացել, որ իր պաշտպանյալն իրենից հրաժարվել է՝ պաշտոնապես իրեն արձանագրություն չի ներկայացվել։ «Ինձ համար այժմ հասկանալի չէ, եթե նա ինձնից հրաժարվել է՝ ո՞նց են ինձ հետ կանչում»,- «Առավոտին» ասաց պրն Վարելջյանը։ Ի դեպ, նա նաեւ վկայեց, թե ապրիլի վերջին առանց իր մասնակցության էին հարցաքննել Էրիկ Ֆարամազյանին։ Մինչ այդ էլ միայն 1-2 անգամ է տեսակցել իր պաշտպանյալի հետ (երկրորդ հանդիպումն ընդհատել էին)։ ԱԼԻԵՎԸ ՈՒԶՈՒՄ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՍՏԱՆԱԼ ԽՄԿԿ ԿԿ Պոլիտբյուրոյի նախկին անդամ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մտադիր է իր քաղաքական կարիերան ավարտել Նոբելյան մրցանակով եւ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելով: Այդ մասին մայիսի 26-ին ռուսաստանյան ԱՊՆ գործակալությանը հայտնել է հատուկ ծառայություններին մոտ կանգնած մի աղբյուր: ԱՊՆ-ը գրում է, որ ըստ նույն աղբյուրի՝ Ալիեւը հույս ունի Նոբելյան մրցանակ ստանալ ղարաբաղյան կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացման համար, որը նախատեսում է Ղարաբաղի եւ Զանգեզուրի փաստացի փոխանակումը: ԱՊՆ-ի կարծիքով, հայտնի խաղաղարարի կարգավիճակը թույլ կտա Ալիեւին ամրապնդել անձնական իշխանության ռեժիմը եւ նորացած Ադրբեջանի ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն՝ պետական տարածքը «ցեմենտավորելու» նպատակով: Արտակարգ իրավիճակի պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը /առանց այդ էլ ձեւական/ կդադարեցվի, եւ դրա արդյունքում պայմաններ կստեղծվեն նախագահի որդուն իշխանությունը խաղաղ փոխանցելու համար: Ըստ ԱՊՆ-ի, Ալիեւին Նոբելյան մրցանակ տալու մեջ նշանակալից դեր կարող է խաղալ ԱՄՆ-ը, որին պատկանում է «ղարաբաղա-զանգեզուրյան» տարբերակի փաստացի հեղինակային իրավունքը: ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՉՔ ՄՏՆԵԼ» Մեր թերթի մայիսի 25-ի համարում տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը պատրաստվում է աշխատանքից ազատել «21-րդ դար» կուսակցության անդամներ՝ Արտաքին կապերի եւ սոցիալական ծրագրերի բաժնի պետ Աշոտ Ֆելիկյանին, ինչպես նաեւ նույն բաժնի աշխատակիցներ Քրիստինե Կարախանյանին ու Արամ Զաքարյանին: Շարունակելով հետեւել «մաքրման» աշխատանքների ընթացքին, պարզեցինք, որ Աբովյանի քաղաքապետ Իսրայելյանի մայիսի 31-ի թիվ 127 որոշման համաձայն սույն անձինք տեղյակ են պահվել օգոստոսի 1-ից աշխատանքից ազատված լինելու մասին: Կարծում ենք, «Աջ ուժերի միության» նույն օրը կայացած հավաքին քաղաքապետի ցուցաբերած նման օպերատիվ արձագանքը կշարժի վերադասներին հաճոյանալ ցանկացողներից շատերի նախանձը: Ի դեպ, սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ իշխանությունների համար, չկա չարիք՝ առանց բարիքի: Բանն այն է, որ, ըստ որոշման, աշխատանքից ազատելու պատճառը «բյուջեի սուղ պայմաններն» են: Ուստի դժվար չէ կռահել, որ բյուջեի անմխիթար վիճակը կարող է ծառայել որպես քաղաքական հետապնդումների եւս մեկ արդյունավետ միջոց: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել