Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հունիս 02,2000 00:00

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ Որոշ քաղաքական գործիչներ՝ ժամանակ առ ժամանակ հիշելով ժողովրդի մասին, ձեւ են անում, իբրեւ թե հասկանում են եւ տեղյակ են՝ որքան ծանր սոցիալական պայմաններում են ապրում մարդիկ։ Խորաթափանց արտահայտություն տալով իրենց դեմքերին, սույն քաղաքականները, չգիտես ինչու, գոհունակությամբ շեշտում են, թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ մի փոքրիկ կայծ է պակասում ոտքի հանելու համար։ Այսօր, սակայն, Վլադիմիր Ուլյանովներ չկան, չկա նաեւ շաբաթօրյակի գերանը, որով կարելի է ինչ-որ հարված հասցնել, ինչ-որ հարց լուծել։ Այսօր կա միայն սոցիալական ճգնաժամը, տնտեսական եւ վստահության ճգնաժամերն էլ պլյուս։ Հիշեցնեմ. այս ամբողջ ընթացքում կառավարությունը դեռեւս ծրագիր չունի, բայց շատ պարտաճանաչ անցկացնում է իր հերթական նիստերը։ Ու մինչ կառավարության անդամները նիստ էին անցկացնում, նրանց ծառայողական մեքենաների վարորդները ծառայողական մեքենաների պատուհաններից զննում էին կառավարության շենքի մոտ հավաքվածներին։ Բավականին լուրջ բազմություն էր հավաքվել եւ բողոքի այնպիսի ալիք էր բարձրացել, որ նիստի մասնակիցներից մի քանիսը հաստատ իրենց նախարարական աթոռների մեջ մի լավ քրտնեցին։ Հավաքվածները բազմազավակ ընտանիքների մայրիկներն ու հայրիկներն էին։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նրանք որոշել էին այսպես նշել՝ գալ կառավարության շենքի մոտ եւ հիշեցնել իրենց մասին։ Նիստի մասնակիցները, իհարկե, չէին կարող լսել, թե կոնկրետ ինչ էին ասում բազմազավակները։ Իսկ նրանք ասում էին, որ դեռ մութը չընկած մի տուն լիքը մանուկների պառկեցնում են քնելու, որ երեխեքը ուտելիք չուզեն, անկողնուց էլ կեսօրին էին վեր կենում, դարձյալ նույն պատճառով. «օրեր են, կմթնեն, անց կկենան»։ «Մենք իրենց ողորմություն նպաստը չենք ուզում, թող աշխատանք տան, բոլորս էլ կաշխատենք»։ Սա նույնպես շենքում չէր լսվում։ Հիշեցնեմ՝ կառավարությունը դեռեւս ծրագիր չունի։ Հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հեղափոխություն։ Դժվար թե, որովհետեւ մարդիկ պայքարելու ցանկություն չունեն. «Թող մեզ վտարեն, կգնանք ուրիշ երկրում կապրենք»։ Համենայն դեպս, իր երեկվա նիստի համար կառավարությունը շատ լուրջ օրակարգ էր պատրաստել եւ ժամանակ չուներ մանրուքներով զբաղվելու։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստան» շքանշանի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ «Հայաստանը» (չշփոթել նույնանման պատգամավորական խմբի հետ) շնորհվում է օտարերկրյա պետությունների այն գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ ունեն ՀՀ ազգային շահերի պահպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման, ՀՀ-ի հետ բարեկամության հաստատման, ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում։ Բազմազավակներից մեկը, կառավարության օրակարգի մասին ոչինչ չիմանալով, բողոքում էր. «Մի հասարակ հավաքարար աշխատելու համար պետք է ծանոթ ունենալ. գնացեք Սուրմալու, բոլոր աշխատողները, հավաքարարից ու պահակից սկսած, վերեւներում մարդ ունեն»։ Հիշեցնեմ՝ կառավարությունը դեռեւս ծրագիր չունի։ Կառավարությունը երեկ քննության առավ «ՀՀ նախագահի, ինչպես նաեւ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների, ԿԸՀ-ի նախագահի եւ անդամների գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ պետք է ստեղծել այնպիսի օրենք, որը չկրի ձեւական բնույթ, այլ իրագործման հստակ մեխանիզմներ ունենա։ Կառավարական շենքի մոտ հավաքվածներն, այս ամենի մասին ոչինչ չիմանալով, շարունակում էին իրենց սոցիալական խնդիրների աղմուկով դղրդացնել շենքի ապակիները։ Իրոք, ՀՀ բոլոր ժամանակների կառավարությունները ծանրագույն աշխատանքային պայմաններում են տքնում։ Թեկուզ եւ ՆԳ աշխատակիցները շրջապատել էին շենքի մուտքը ներսից ու դրսից, բայց այդպիսի նյարդային պայմաններում, ընդունեք, դժվար է աշխատել։ Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման հարցը եթե լուծվի էլ, միեւնույն է, սոցիալապես անապահովների եկամուտները դրանից չեն աճի։ Հասկանալի է, Աբիսողոմ աղաների ժամանակը նույնպես անցել է, եւ ոչ մի պաշտոնյա սույն օրենքի ընդունումից հետո էլ գլուխ չի գովի, թե ինքը «կովերու, ագարակներու, խոզերու եւ ոչխարներու» տեր է։ Ժամանակները փոխվել են, հիմա զոքանչ ու աներ կա, քեռի եւ քեռակին։ Իսկ բազմազավակների եւ սոցիալապես խեղդվողների եկամուտների մասին հստակ օրենք հարկավոր չէ։ Նրանք ունեցած-չունեցածի ձեռքը կրակն են ընկել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել