Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՐԵՏԵՆԶԻԱ ՉՈՒՆԻ Խորհրդարան՝ պատասխանելու պատգամավորների հարցերին, երեկ եկել էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ «Առավոտը» նրանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է, լա՞վ է աշխատելը մի վարչապետի հետ, որը մի քանի ամիս առաջ իր հրաժարականն էր պահանջում։ – Շատ նորմալ։ Ես վարչապետի նկատմամբ ոչ մի պրետենզիա չունեմ,- մեղմանուշ ժպիտով պատասխանեց Սերժ Սարգսյանը։ «Հայկական ժամանակի» թղթակիցը հարցրեց, թե որքանո՞վ են ստույգ լուրերը, թե պաշտպանության նախարարության ողջ կազմը՝ ընդհուպ վարչության պետերը փոխվելու են։ – Վարչության պետերը նշանակվում եւ ազատվում են հանրապետության նախագահի հրամանագրով, եւ դուք տեղյակ եք հանրապետության նախագահի հրամանագրերից. դա այն փաստաթուղթը չէ, որ կարող է լինել գաղտնի։ «Առավոտը» հետաքրքրվեց. տեղյա՞կ է պրն Սարգսյանը հասարակությունում տարածված այն կարծիքին, որ Ռոբերտ Քոչարյանին՝ իշխանական լծակներն իր ձեռքում հավաքելու «պատիվը» վերագրվում է իր՝ Սերժ Սարգսյանի, խելքին, ճարպկությանը, լայն կապերին։ – Ո՞ր լծակների մասին է խոսքը։ Ես խորապես համոզված եմ, որ բանակի ազդեցությունը հասարակության վրա, պետք է քչանա։ Ի՞նչ լծակներ, բանակը լծակներ չպետք է ունենա։ «Ա1+»- Իսկ այն հայտարարությունները, թե ձեր նշանակումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, բարոյական չէր։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում։ ՀԺԿ-ի մասին է խոսքը, կոնկրետ՝ Գագիկ Ասլանյանի (սա ճշտեց «Իրավունքի» թղթակիցը- Լ. Ա.)։ – Եկեք անձերին չանդրադառնանք։ Ես խորապես համոզված եմ, որ բարոյական նորմերի մասին իրավունք ունեն խոսել բարոյական բարձր չափանիշներ ունեցող մարդիկ։ Իսկ թե ես բարոյական իրավունք ունեմ՝ բանակը ղեկավարելու, թող դատի բանակը, թող դատեն հրամանատարները, թող դատեն այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմ եւ, ընդհանրապես, ժողովուրդը։ – Արդյո՞ք Ձեր խոսքից բխում է, որ խոսքը Ստեփան Դեմիրճյանի մասին է։ – Խնդրում եմ չանհատականացնել։ Անհատների հետ ես անձնական հարցեր հո չե՞մ լուծում։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել