Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

«Մեզ կեղծ անուններ պետք չեն» ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանին նշանակելը միանշանակ չգնահատվեց։ Ոմանք դա որակեցին որպես պրն Մանուկյանին սիրաշահելու եւ լռեցնելու փորձ, ոմանք՝ զարմացան, քանի որ հոկտեմբերի 27-ից հետո (հասկանալի պատճառներով) նա մի քանի սուր գնահատականների էր արժանացրել Ռոբերտ Քոչարյանին։ – Պրն Մանուկյան, շատերի համար անակնկալ էր, որ համաձայնեցիք պաշտոն զբաղեցնել կառավարությունում։ Մանավանդ որ, դրանից առաջ նախագահի հասցեին էլ շատ ջերմ չէիք արտահայտվել։ – Ես երբեք որեւէ մեկի դեմ չեմ եղել։ Որպես հոկտեմբերի 27-ի տուժող՝ ասել եմ, որ մեզ պետք են իսկական կազմակերպիչները, կեղծ անուններ պետք չեն։ Ինձ՝ որպես տուժողի, գործի համար ամենաշատ ցավող մարդկանցից մեկի՝ պետք է իսկական կազմակերպիչը։ Պետք չէ մարդկանց անունները հոլովել իզուր տեղը եւ մեզ թյուրիմացության մեջ գցել։ Եթե մարդն անմեղ է, մեղք չունի, պետք չէ էդ մարդու անունը հոլովել։ Ոչ ոք չի ուզի, որ մարդուն, որը կապ չունի, մեղադրեն, տանեն՝ բանտերում փտի, իսկ իսկական կազմակերպիչը մնա դրսում եւ նորից կազմակերպի նման տեռորիստական ակտեր։ – Ձեր այն կարծիքը, թե հոկտեմբերի 27-ը ոչ թե 5 հոգու անձնական նախաձեռնություն էր, այլ ծրագրված էր ուրիշների կողմից, ուժի մե՞ջ է։ – Այո։ – Հավանաբար, տեղյակ եք, որ Նաիրի Հունանյանը հրաժարվել է իր ցուցմունքներից… – Ես շատ զբաղված եմ եւ չեմ հասցրել ծանոթանալ այդ փաստին։ Թերթ էլ նույնիսկ չեմ կարդում, հավատացեք, ժամանակ չունեմ։ Ես չգիտեմ՝ ինչ փուլ կմտնի նախաքննությունը։ Իմ ցանկությունն է, որ այդ տականքները՝ Նաիրին եւ մյուսները, հայ ժողովրդի դատին արժանանան։ – Պրն Մանուկյան, ձեր՝ այդ պաշտոնը ստանձնելն այնքանով էր անսպասելի, որ կարծիք կար, թե մինչեւ հոկտեմբերի 27-ի բացահայտումը դուք ձեռնպահ կմնայիք որեւէ պաշտոն զբաղեցնելուց։ – Չգիտեմ՝ դա ում կարծիքն է։ Ես գնացել եմ աշխատելու եւ իմ մարդկային պարտքը կատարելու։ Այսօր ինձ վստահել են ամենածանրաբեռնված ոլորտը, ես պարտավոր եմ այդ ոլորտը ոտքի կանգնեցնել, որովհետեւ կառավարության աշխատակազմից կախված է նաեւ ողջ հանրապետության տնտեսության վիճակը։ Պետք է կանոնակարգել, մեխանիզմներ ստեղծել, որպեսզի այդ ապարատը կարգին աշխատի, որպեսզի մյուս նախարարությունները, գերատեսչությունները կարողանան կառավարության հետ նորմալ հարցեր լուծել։ Թեեւ ինձ համար բավական ծանր է, քանի որ ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում։ Բայց ես դա կանեմ։ – Ձեզ այլ պաշտոնի առաջարկ եղե՞լ է։ Նկատի ունեմ, ասենք, պետեկամուտների նախարարի։ – Խնդրում եմ, այդ հարցին չպատասխանեմ, քանի որ ես հիմա այլ պաշտոնում եմ։ Պետեկամուտների նախարարն ուրիշ մարդ է։ – Ձեզ պաշտոն տալը, գնահատվում է որպես ձեզ սիրաշահելու փորձ։ – Սիրաշահելու փորձեր չեն արվել։ Ինձ առաջարկվել է, ես Հանրապետական կուսակցության անդամ եմ։ Այդ պաշտոնում պետք է լինի մարդ, որն ազնվորեն աշխատի։ Վարչապետն ինձ առաջարկեց այդ պաշտոնը։ Դրա համար մարդ համապատասխան փորձ պիտի ունենա։ Ես, փառք Աստծո, նման փորձ ունեի։ Եվ, պրն վարչապետի խոսքերով՝ «որպես ազնվագույն, նվիրված, կայուն, ռիսկով մարդ, լավ կլինի, որ դու գաս այդ պաշտոնը զբաղեցնես եւ իմ կողքին լինես, որպեսզի մենք կարողանանք միասին դուրս բերել այս երկիրը ծանր վիճակից»։ Վարչապետի տրամադրվածությունը դա է։ Մեր ժողովուրդը թող համոզված լինի, որ ես կշտկեմ այդ ոլորտը, կաշխատեցնեմ կառավարության ապարատը՝ ի շահ ժողովրդի։ Առավոտյան ժամը 8.30-ին գնում ենք աշխատանքի, գիշերը ժամը 1.30-ին՝ գնում տուն։ Պրն Մանուկյանը նշեց նաեւ, որ թեեւ իր առողջական վիճակը, մասնավորապես տեսողության հետ կապված խնդիրը փոքր-ինչ դժվարացնում են աշխատանքը, սակայն անգամ դա չի խանգարում, որպեսզի ինքը հնարավորությունների շրջանակներում փորձի իր աշխատանքը գերազանց կատարել։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել