ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՈՉ ԹԵ ԱՆՁԻՆՔ Գլխավոր հարցը, որն առաջացավ «Աջ ուժերի միության» հավաքում ելույթները լսելիս, հետեւյալն է՝ ո՞ւմ էին ուղղված այդ ելույթները: Այլ կերպ ասած, ո՞ւմ վրա են պատրաստվում հենվել Աջ ուժերը՝ իրենց գործունեությունը ծավալելիս: Մեզանում կա՞ սեփականատերերի, ազատ ձեռներեցների, արժանապատիվ քաղաքացիների այն խավը, որի շահերը կոչված են արտահայտել ազատականները: Վախենամ, որ չկա՝ այսօր հայաստանցիների 98 տոկոսն իրենց մտավոր մակարդակով եւ մտածելակերպով ավելի շատ նման են գուսան Համազասպին, քան Հրանտ Բագրատյանին: Մնացած երկու տոկոսը կարող է շատ բան անել ուժեղ ժողովրդավարական պետություն կառուցելու գործում, բայց դրա համար նրանց պետք է հստակություն՝ գործողությունների երկաթյա տրամաբանություն, գաղափարների անշեղ իրագործում՝ անկախ նրանից, թե ով ինչ կասի կամ ում է դա օգուտ, ում՝ վնաս: Միայն այդպես, իմ պատկերացմամբ, Աջ ուժերը կարող են լուրջ քաղաքական գործոն դառնալ: Բերեմ մեկ օրինակ օրենսդրության բնագավառից: Երեքշաբթի նախագահը ԱԺ վերադարձրեց մի պոպուլիստական օրինագիծ, որն օրենք դառնալու դեպքում, միեւնույն է, չի կատարվի: Եթե քաղաքական ուժի կամ դաշինքի գործունեության շարժառիթը արժեքային համակարգի վրա հիմնված սկզբունքներն են եւ ոչ թե միայն՝ Ռոբերտ Քոչարյանին «թախտից գցելը», ապա նրանք պետք է քաջալերեն այն քայլերը, որոնք բխում են հիշյալ սկզբունքներից: Բայց վստահ եմ, որ Աջ ուժերի ներկայացուցիչներից ոչ մեկը Քոչարյանի այդ քայլը չի ողջունի եւ հակառակը՝ Աջ դաշինքում եւ նրա շուրջը կգտնվեն գործիչներ, որոնք թոշակառուներին հաճոյանալու համար կսկսեն այն դատապարտել՝ քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով: Որքան էլ Հայաստանի քաղաքացիները հիասթափված եւ հուսալքված լինեն, նրանք ի վիճակի են գնահատել հետեւողականությունն ու սկզբունքը եւ կարող են դրանք տարբերել պոպուլիզմից եւ պատեհապաշտությունից, որոնք դրսեւորում են խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը, ինչպես նաեւ չներկայացվածների մեծամասնությունը: Նախագահի նկատմամբ նրանց «սապոնվելը» նույնքան անընդունելի է, որքան փակ աչքերով եւ մոլեգին մտասեւեռվածությամբ փնովելը: Ուստի կարելի է պարզապես կրկնել երեկվա հավաքում ելույթ ունեցողներից մեկի խորհուրդը՝ մի՛ կենտրոնացեք անձի քննադատության վրա, թե չէ նույն պատվանդանին այսօրվա կիսաբռնակալի փոխարեն կբազմի կատարյալ բռնակալը: Փորձենք վերացնել այն պատվանդանը՝ համակարգը, մտածելակերպը, որը բռնակալներ է ծնում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ