Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2000 00:00

«ՈՂՋԱՄԻՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ» Այսպես էր բնորոշել Հայաստանի «Աջ (ազատական) միությունը» Ռուսաստանի նրանց գործընկեր Եգոր Գայդարն իր ողջույնի հեռագրում։ «Քննադատական խոսքեր չեմ ասում, քանի դեռ ողջ քարոզչական եւ կոմպրոմատային համակարգն աշխատում է ձեր դեմ։ Ես կքննադատեմ, երբ դուք ուժեղ կլինեք»,- «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանի ողջույնի խոսքից արված այս մեջբերումը համահունչ է մեր մասնագիտական սկզբունքներին, ուստիեւ նրանց երեկվա հավաքին անդրադառնալու ենք ելնելով այդ սկզբունքից։ Չնայած հենց նրանց համախոհների կողմից բազմաթիվ քննադատական դատողություններ հնչեցին։ Ասենք, «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահ Գեորգի Վանյանը համարում էր, թե անընդհատ հետ են նայում, լավագույն դեպքում՝ կանգ առնում նույն տեղում. «Կիսամիջոցների քաղաքականությամբ, նման անձնավորված գաղափարի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումն անհեռանկար զբաղմունք է»։ Գեորգի Վանյանը նաեւ ասաց. «Չպետք է ուրանալ, որ մեր ներկան՝ երեկվա, իսկ այսօրվա իշխանությունը նախորդի հետեւանքն ու տրամաբանական շարունակությունն է, որի համար պատասխանատվություն են կրում, այդ թվում նաեւ անձնական, այս դահլիճում ներկա շատերը»։ Չի կարելի ասել, թե «Աջ ուժերի միությունը» կազմող կազմակերպությունների ղեկավարների խոսքում միտում էր զգացվում ուրանալու առկա վիճակի համար նաեւ սեփական պատասխանատվությունը։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանի ելույթն ասվածի լավագույն ապացույցն էր։ Մեկ օրինակ. «Մենք փաստում ենք, որ 1995-ի, 1996-ի ընտրություններում չենք ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հասարակությունն ամբողջությամբ ընդունի այդ ընտրությունների արդյունքները, որ այդ ընտրությունների արդյունքում համերաշխության մթնոլորտ տիրի հասարակությունում»։ Չնայած այս պնդումը տեղում հակահարվածի արժանացավ՝ ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանն ազդարարեց, թե իրենք կրում են այդ երկու ընտրությունների ողջ քաղաքական պատասխանատվությունը։ Ընդհանրապես հավաքի ելույթները կրկնում էին ե՛ւ «Աջ ուժերի միության» հռչակագիրը (առավել մանրամասնելով այն), ե՛ւ ներկա գործիչների այլ առիթներով (զանազան սեմինարներում, հանրահավաքներում, քննարկումներում) արտահայտված տեսակետներն ու գնահատականները։ Ուստի, առավել կմեջբերենք բանավիճային դրույթները։ Ասենք, Վիգեն Խաչատրյանն ի շարս իրենց առջեւ ծառացած այլ խնդիրների (վերականգնել ընտրական համակարգը, հասնել նրան, որ բանակը չմիջամտի քաղաքականությանը եւ այլն) նաեւ մատնանշեց, թե տնտեսությունը պիտի առանձնանա եւ անկախանա իշխանությունից։ Հարց է, թե կա՞ որեւէ երկիր, որտեղ տնտեսությունն ու իշխանությունն անջատ են, շաղկապված չեն։ Բանավիճային է թվում նաեւ «Արմատ» կենտրոնի ղեկավար Բաբկեն Արարքցյանի այն պնդումը, թե Հայաստանը պիտի լինի անվտանգության այնպիսի համակարգում, որի մեջ «անհրաժեշտաբար» կլինեն իր բոլոր հարեւաններն ու նաեւ Ռուսաստանը։ Այսինքն, Հայաստանը պիտի անվտանգության մի համակարգում լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի՞ հետ։ Բաբկեն Արարքցյանը սակայն «վտանգվածության համակարգ» որակեց ընդհանուր սահման չունեցողների հետ պայմանագիր ստորագրելը (ինչպես մայիսի 24-ին արվեց Մինսկում) եւ վտանգ կանխատեսեց, որ այդ դեպքում Հայաստանը կվերածվի զենքի պլացդարմի։ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի ելույթից առանձնացնենք հետեւյալ կանխատեսումը, որի համար հիմք էր իշխանափոխությունից հետո «իրավիճակի փոփոխման պատճառով» գործերի կարճումը. «Ես չեմ զարմանա, եթե մոտ ապագայում քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով հոկտեմբերի 27-ի գործն էլ կարճվի եւ հայտարարվի, որ հիմա չկա այն իշխանությունը, ում դեմ դա իրականացվեց»։ Դավիթ Շահնազարյանն «Աջ ուժերի միության» համար ընդունելի համարեց միայն քաղաքական գործողությունները եւ բացառեց հեղաշրջումը, որի նախանշաններն արդեն երեւացող էր համարում. «Եթե իրավիճակն այսպես զարգանա՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ինքը հեղաշրջում կանի եւ կհեռացնի Ռոբերտ Քոչարյանին»։ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ելույթն «Առավոտը» մտադիր է հրապարակել ամբողջությամբ, ուստի առայժմ միայն կմեջբերենք, որ նա «Աջ ուժերի միության» համար խնդիր էր համարում երբեք չդիմել ամբոխավարությանն ու պոպուլիզմին, չնայած նաեւ ըմբռնում էր, թե միայն դրանց միջոցով է կարելի վարկանիշ բարձրացնել ու ժողովրդի համար լսելի դառնալ։ Գուցե այդ մղումներո՞վ է բացատրելի նախկին իշխանավորների հավաքում երբեմն բառացի կրկնությունն այն մեղադրանքների, որ նախկին ընդդիմադիրներն ուղղում էին իրենց։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել