Մենք չիմացանք, թե ինչու Այն, որ Աջ ուժերի միությունը նախատեսում է հանրահավաքները պարբերական դարձնել եւ աշխատում է այդ հանրահավաքների մասնակիցների թիվը մեծ տեսնել, հասկանալի է։ Այն, որ հանրահավաքից առաջ միությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավաքում է՝ մեկ անգամ եւս մամուլով լրատվություն տարածելու հանրահավաքի օրվա եւ ժամի մասին, նույնպես հասկանալի է։ Անհասկանալի է, սակայն, թե ինչու էր երեկ ասուլիս հրավիրել անկուսակցական Ստեփան Դանիելյանը։ Բանն այն է, որ պրն Դանիելյանի անունը զետեղված է «Հանուն հանրապետության եւ օրինականության» (այսպես է այլեւս հանրահավաքների կազմակերպման նախաձեռնող խմբի անվանումը) նախաձեռնող խմբի ցանկում։ Սակայն որեւէ լուրջ ասելիք՝ սպասվող հանրահավաքի բուն նպատակի մասին, պրն Դանիելյանը երեկ այդպես էլ չասաց, տրված հարցերին էլ մոտավոր ու ոչ շատ որոշակի պատասխաններ տվեց։ Այնպես որ, հանրահավաքին առավել լուրջ կանդրադառնանք հունիսի 3-ին, հանրահավաքի հաջորդ օրը։ Մինչ այդ տպագրում ենք «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խմբի հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Ազատության հրապարակի 2000 թ. մայիսի 12-ի եւ 19-ի հանրահավաքները, ինչպես նաեւ մարզերում հասարակության հետ հանդիպումները վկայում են, որ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական օրեցօր խորացող ճգնաժամը հաղթահարելու համար որպես առաջնահերթ ելք հասունացել է Ռ. Քոչարյանի վարչախմբից ձերբազատվելու հասարակական պահանջ։ Ելնելով վերոնշյալից եւ մեկ անգամ եւս արձանագրելով, որ լրջորեն խարխլված են Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության բոլոր հիմքերը՝ հանրահավաքները կազմակերպած նախաձեռնող խումբը վերակազմավորվում է «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խմբի։ Հունիսի 2-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում բոլորս մասնակցենք «Հանուն հանրապետության եւ օրինականության» նախաձեռնող խմբի հերթական հանրահավաքին»։ Լ. Ա.