Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 31,2000 00:00

ԵՐԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երեկ հնչած 11 հայտարարություններից մեր ընտրած 3-ը բավական խոսուն բնութագրում են այն տրամադրությունները եւ տեսակետների բախումները, որ առկա են այժմ օրենսդիր մարմնում։ Երկրապահները դժգոհ են «Միասնությունից» Ծրագրային հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։ Բավական ընդդիմադիր ոգով խոսք էր՝ «մերժելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը»,- եւ այլն։ Նաեւ կարեւորեց «ազատ-արդար ընտրությունների միջոցով ժողովրդական իշխանության ձեւավորման անհրաժեշտությունը», բայց չմանրամասնեց, թե խոսքն իշխանության ո՛ր մարմինների մասին է։ Մյասնիկ Մալխասյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական կազմակերպությունների հետ։ Բայց նաեւ առանձնահատուկ նշեց. «Հայաստան» պատգամավորական խմբի անդամները, արտահայտելով իրենց դժգոհությունը «Միասնություն» դաշինքի ղեկավարության անսկզբունքային եւ հարմարվողական քաղաքականությունից՝ հայտարարում են իրենց նվիրվածությունը Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ծրագրերին»։ Տրամաբանական եզրահանգումն էր այս երկու պնդումների, որ «Հայաստանը» պատրաստ է համագործակցել նաեւ անսկզբունքային եւ հարմարվողական անձանց կողմից ղեկավարվող «Միասնության» հետ։ Մի առիթով ԱԺ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նման պնդումները համեմատել էր մանկապարտեզային խաղերի հետ։ ՀԺԿ քարտուղարն էլ՝ «ռեւանշիստներից» «Հարգելի՛ գործընկերներ։ Աստված մի արասցե ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում՝ ասում էին չինական իմաստունները եւ չէին սխալվում»,- այսպես սկսեց իր հայտարարությունը Հմայակ Հովհաննիսյանը։ Խորհրդարանի ամբիոնը նա օգտագործեց աջ ուժերի մասին իր նկատառումներն արտահայտելու համար. «Երբ նայում ես այս քաջածանոթ դեմքերին, լսում ռեւանշիստական խաժամուժի հեծկլտանքները՝ ժողովրդի թշվառ վիճակի եւ արտագաղթի մասին, ակամայից հիշում ես Կարլ Մարքսի կողմից տրված ֆեոդալական սոցիալիզմի հանճարեղ բնութագրությունը»։ Դահլիճում ներկաներից ոչ մեկը հաստատ «ակամայից» երբեք Կարլ Մարքսի համապատասխան մտքերը չէր հիշել (մանավանդ նման երկար բնութագիր, ինչպես ընթերցեց Հմայակ Հովհաննիսյանը՝ չբավարարվելով չինական իմաստուններին վկայակոչելով)։ ԱԺ-ում իրար հետ խոսելիս «ակամայից» ավելի շատ միմյանց անցյալն են հիշում։ Ասենք, ինչպես երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը կոմունիստ Խորեն Սարգսյանին ասաց. «Տաքսու վարորդ ես՝ գնա, տաքսու վարորդ աշխատիր» (արժե՞ ասել, որ մի 10 հոգի կմնային այս ԱԺ-ում, եթե բոլորը գնային զբաղվելու այն գործով, ինչից հասկանում են)։ Սակայն մարքսիստական «հանճարեղ» բնութագրումն էլ հիշոցների առումով աղքատ չէր։ Հմայակ Հովհաննիսյանն առանձնակի կրքով ընթերցեց այս տողերը. «Երբ ժողովրդին առաջնորդելու նպատակով շրջվում էին՝ մարդիկ, տեսնելով ռեւանշիստների հետույքներին փակցված հին ֆեոդալական զինանշանները՝ հռհռալով նրանցից հեռանում էին»։ Այս տողերը հատկապես զվարճացրին ԱԺ նախագահությունում տեղ զբաղեցրած ՀԺԿ-ի մյուս երկու քարտուղարներին։ Նրանց երրորդ գործընկերը շարունակում էր մերկացնել աջ ուժերին եւ ցուցադրել նրանց խոցելի տեղերը. «Յուրահատուկ քաղաքական ստրիպտիզը՝ նրանց կատարմամբ, բացի զավեշտականից՝ իր մեջ պարունակում է նաեւ ազգային ողբերգության տարրեր»։ Եթե քիչ առաջ Մյասնիկ Մալխասյանը խոսել էր Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում արտաքին անբարենպաստ միջամտությունները կանխելու անհրաժեշտության մասին, Հմայակ Հովհաննիսյանն ազդարարեց, թե հանիրավի են մեղադրում միջազգային հանրությանն ու երկրի նախագահին Մեղրին հանձնելու մեջ եւ պնդեց, որ «Կիկոսի մահը հիշեցնող այս հիստերիան նախաձեռնել են» ՀՀՇ-ի ներկայացուցիչները, եւ որ նրանք դատարկ տեղն են խուճապի մատնում մեղրեցիներին։ Ենթադրե՞նք, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ է ՀՀՇ-ական, քանի որ նա էր «Կալիֆոռնիա կուրյերում» պնդել, թե արժե քննարկել եւ վերլուծել այդ առաջարկները։ Ուստի եւ մասնավորապես նրան է վերաբերում ՀԺԿ քարտուղարի սպառնալիքը. «Ինչպես 80-90-ական թվականներին պայքարել եմ հակապետական ուժերի դեմ (…), այնպես էլ այսօր պայքարելու եմ այդ նույն պետականադավ ուժերի դեմ, որոնք այժմ արդեն փորձում են ավերել մեր նորանկախ Երրորդ Հանրապետությունը՝ դիմելով նման քայքայիչ քարոզչության, այս անգամ արդեն Մեղրիի հանձնման մտացածին պատրվակով հրահրելով ժողովրդին հայոց պետականության դեմ, ներշնչելով քաղաքացիներին կասկած երկրի նախագահի եւ պետական ինստիտուտների նկատմամբ»։ Սադոյանը պահանջում է Քոչարյանից Հայոց Երրորդ Հանրապետությունը այն հիմնադրողների ջանքերով քայքայման հեռանկարի դեմ ըմբոստացողի այս հերոսական արարքի համեմատ շատ մանր թվաց Արշակ Սադոյանի պահանջը, որն այս էլ երկրորդ անգամ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջում էր պատասխանատվություն ստանձնել իրականացվելիք ծրագրի համար. «Թող գա՛ եւ հայտարարի՛, որ կառավարության ծրագիրն իր ծրագիրն է եւ եթե այն ձախողվի, ապա ինքն է պատասխանատու»։ Արշակ Սադոյանը մնացած ամեն ինչն օդի մեջ արված հայտարարություններ էր համարում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել