Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 31,2000 00:00

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «Հոկտեմբերի 27-ի գործը» վաղուց արդեն չի ընկալվում որպես պետական հանցագործություն եւ մարդկային ողբերգություն՝ վերածվելով քաղաքական հաշվեհարդարների եւ առեւտրի թատերաբեմի: Ամեն ինչի մասին կարելի է դատել ըստ արդյունքի. իշխանության երկբեւեռ համակարգը՝ մի կողմից Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, մյուս կողմից՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում ի վերջո վեր է ածվել միաբեւեռ համակարգի, առաջին տանդեմի անսահմանափակ, անվերահսկելի իշխանությամբ եւ բոլոր տնտեսական-ուժային լծակների լիակատար տիրապետմամբ: Եվ, բնականաբար, նրանք, ովքեր «վերխ են վերցրել», թելադրելու են ամեն ինչ՝ այդ թվում նաեւ «27-ի գործի» ընթացքը, ավելի ճիշտ՝ ավարտը: Քաղաքական այդ կոնյունկտուրայից ելնելով, գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանն արդեն հրաժարվել է Քոչարյանի շրջապատի դեմ տված իր նախորդ ցուցմունքներից: Այժմ տրամաբանական է ենթադրել, որ գերսկզբունքային դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հմուտ ղեկավարությամբ գործը կդզվի-կփչվի ներկա քաղաքական իրավիճակին համապատասխան: Այլ կերպ ասած՝ լիակատար իշխանություն ստացած Ռոբերտ Քոչարյանը այն կփորձի օգտագործել իր սակավաթիվ ընդդիմախոսների հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու եւ այլախոհության մնացուկները քոքահան անելու համար: Ուստի բացառված չէ, որ այսուհետ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ է տալու. ա/ Վանո Սիրադեղյանի եւ «ՀՀՇ-ածին ռեւանշիստների» դեմ, բ/ երկրապահների դեմ, գ/ Սամվել Բաբայանի եւ Արտաշես Գեղամյանի դեմ, դ/ կոմունիստների դեմ /եթե երբեւէ նորից համարձակվեն խոսել հանրահավաքի կամ իմպիչմենտի մասին/: Վերջապես, որպես պահեստային տարբերակ, Աշոտ Բլեյանը միշտ կա ու կա: Իմանալով Սերժ Սարգսյանի մտքի ճկունությունը եւ կազմակերպչական տաղանդը, ենթադրելի է նաեւ, որ նա ոչ թե կընտրի նշված տարբերակներից մեկը, այլ կփորձի դրանք ինչ-որ ձեւով համատեղել: Հիշո՞ւմ եք, Մյունհաուզենի մասին ֆիլմը՝ առաջ մենք ծրագրավորում էինք ձերբակալություններ, այնուհետեւ տոնախմբություններ, հիմա որոշել ենք դրանք համատեղել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել