ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ ոչ թե ցանկությունների. հիշեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Արա Պապյանն իր ասուլիսի ժամանակ։ Սովորաբար ԱԳ նախարարությունն ասուլիսներ է հրավիրում հերթական արտասահմանյան այցերից առաջ կամ հետո։ Այս մեկը եւս բացառություն չէր։ Սակայն, սովորաբար, լրատվամիջոցները գրեթե չեն անդրադառնում ուղեւորություններին, տեղերի հայ համայնքների հետ ջերմագին հանդիպումներին։ Սովորաբար, ԱԳ նախարարության բոլոր անցուդարձերը լրատվամիջոցները հակված են կապել ԼՂՀ հարցի հետ։ Ինչ էլ ասեն բանախոսները, Ղարաբաղի հարցի շուրջ հետաքրքրասիրությունն ամենամեծն է լինում։ Տարածքների հնարավոր փոխանակման մասին հարցին պատասխանելով, ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ իրենք բազմիցս նշել են, որ այդպիսի բան չկա, որ մերժվել է այդ առաջարկը։ Ի դեպ, պրն Պապյանն ուզեց տարածքների փոխանակման մասին առաջարկի ծանրությունն ամերիկացիների ուսերից թեթեւացնել եւ ասաց, թե նման առաջարկ եղել է ոչ միայն ամերիկացիների կողմից։ «Ուրիշ ո՞ւմ կողմից է նման առաջարկ արվել»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հրաչ Մելքումյանի այս հարցին պրն Պապյանը վարանեց պատասխանել, պարզապես ասաց. «Կան եռանախագահողներ»։ Լավ, տարածքների փոխանակման հարցն, ընդունենք, իրոք մերժվել է, բայց չէ՞ որ շրջանառության մեջ է նաեւ միջանցքների խնդիրը։ Արա Պապյանը հակված չէ միջանցքների հարցը կապել Ղարաբաղի հարցի լուծման հետ։ Նրա ասելով, միջանցքների հարցը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը։ Ճանապարհները կշարունակեն մնալ Հայաստանի ճանապարհները, բայց շահագործելու իրավունք կունենան նաեւ հարեւանները, մենք էլ կօգտվենք ասենք՝ Նախիջեւանի կայարանից։ «Մենք չպիտի սպասենք Ղարաբաղի հարցի լուծմանը եւ հետո միայն սկսենք զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք երբեք Ղարաբաղի կարգավիճակը համարժեք չենք համարում ճանապարհների բաց եւ փակ լինելուն»։ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հարցին պատասխանելով՝ ԱԳ մամուլի խոսնակը դրանք բնութագրեց դինամիկ զարգացում ունեցող, փոխշահավետ։ Հատուկ շեշտվեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը՝ լինի պետական, թե մասնավոր կառույցներից։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, Արա Պապյանի ասելով, երբեք չեն կարող խանգարել կամ ազդել այլ երկրների հետ հարաբերություններին. «Մենք կարող ենք Ռուսաստանի հետ ոչ համարժեք հարաբերություններ ունենալ։ Մենք գտնում ենք, որ տարբեր երկրների հետ կարելի է հարաբերություններ զարգացնել»։ Իսկ Ռուսաստանը մեր կարեւոր ստրատեգիական գործընկերն է։ Առաջիկայում հնարավո՞ր են շրջադարձային փոփոխություններ ԼՂՀ հարցի կարգավորման կապակցությամբ. «Ամեն մի փոփոխություն հնարավոր կլինի, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը ընդունեն պայմանները։ Ընդհանրապես, տարածաշրջանում ոչ մի բան պարտադրանքով չի լինի»։ Կգա՞ն արդյոք փորձագետները Հայաստան, ե՞րբ կգան, ի՞նչ անելու կամ ասելու կգան, այս հարցերին ԱԳ մամուլի խոսնակն առայժմ չէր կարող պատասխանել։ Քոչարյան-Ալիեւ հնարավոր առաջիկա հանդիպման մասին հարցը եւս մնաց անպատասխան, ավելի ճիշտ, մոտավորապես այսպիսի պատասխան ստացվեց. նախագահի հետ կապված հարցերով դիմենք ոչ թե մեզ, այլ՝ նախագահի աշխատակազմ։ Մայիսի 19-ին Ժնեւում տեղի ունեցավ համանախագահողների հանդիպումը։ Որեւէ նոր բան սպասե՞նք այդ հանդիպումից, լրատվամիջոցներից մեկի այս հարցին եւս համանման պատասխան տրվեց. «Մենք առայժմ որեւէ նոր բան չունենք, այսինքն, այսօր քանի դեռ պաշտոնապես որեւէ առաջարկ չի ներկայացվել, բնականաբար, ոչինչ ասել չի լինի»։ Ի վերջո, եթե Ռուսաստանի նման մեծ ու հզոր պետությունը կոմպլիմենտարիզմի քաղաքականությունից չի խորշում, մենք ո՞վ ենք, որ փորձենք կոշտ լինել եւ կոմպլիմենտարիզմին տուրք չտալ։ Ի վերջո, աշխարհի համար Հայաստանը մի փոքրիկ կետ է եւ աշխարհը, երբ աչքը մեր վրա է գցում, ոչ թե մեզ է տեսնում, այլ՝ տարածաշրջանը, այդ մենք ենք ինքներս մեզ եւ մեր խնդիրները կարեւորում։ Վերջում՝ վերնագրի վերլուծություն. մեր ցանկությունները եւ հնարավորությունները երբեւէ համարժեք լինելո՞ւ են, թե՞ միշտ էլ ճկույթիկ հնարավորությունները ճնշելու են աշխարհի չափ մեծ մեր ցանկություններին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ