Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ Մեղրիի դպրոցներից մեկի մի ուսուցչուհի պատմում էր, որ երբ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն 97 թ. այցելել էր Մեղրի, բնակիչները պատմել էին, որ բնակչությունը ծերանում է, ծննդաբերությունները նվազել են… Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Բա մեղրեցի տղամարդիկ ինչո՞վ են զբաղված»։ «Սածիլո՛վ»։ ՄԱԶՈՒԹՅՈՒՆ Չար լեզուներն ասում են, թե թատերական ռեժիսոր Արմեն Մազմանյանը շուտով կտիրանա նաեւ Ադրիի (այժմ՝ «Գոյակ») շենքը շարունակող հատվածին, որում ժամանակին տեղակայված էր «Թատրոն» հիմնադրամը, այժմ՝ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի միությունը։ Բարի լեզուներն էլ դա հերքում են, ասելով, թե միությունն այդ տարածքը վարձակալում է ընդամենը երեք ամսով։ «ԴԱՐ 21»-ԻՑ ԲԱՑԻ՞ Մեր տվյալներով Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) նոր հեռուստաընկերություն է մտադիր ստեղծել։ Եվ նրան աջակցում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության նախկին պետ Լիլիթ Մելքոնյանը։ Ասում են՝ այդ գործի համար մեծ գումարներ են ներդրվելու։ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Մեր թերթի մայիսի 25-ի համարում ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտած միտքը. «Առաջին հերթին ԼՂՀ-ն՝ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ իշխանությունները իրենք պետք է սահմանեն, թե ի՞նչ կարգավիճակ եւ հարաբերությունների փաթեթ կբավարարի Ղարաբաղի ժողովրդին», Մեղրիի հարցի հետ չի առնչվում, այլ՝ եվրոպական նոր առաջարկին։ Իսկ Մեղրիի մասին Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանի ժողովուրդը եւ հայ ազգն իր ամբողջությամբ բացառում են շրջող տարբերակը։