ԲԼԵՅԱՆ, ԽՈՍՏՈՎԱՆԻ՛Ր Ա. Բլեյանի քրեական գործի 5-6-7-րդ դրվագներով անցնող չորս գլխավոր վկաները, որոնց ցուցմունքների հիման վրա կազմվել են այս դրվագները, բացակայում են Երեւանից։ Փոխարենը դատարան են հրավիրվում միանման ցուցմունքներ տվող ոչ էական բազմաթիվ վկաներ։ Դատը ձգձգելու այս եղանակի դեմ բողոքող Բլեյանի կասկածները երեկ հիմնավորեց մեղադրող Տիգրանյանը՝ դատարանում բացահայտորեն հայտարարելով. «Շարունակելու ենք այնքան, մինչեւ խոստովանես, Բլեյան»։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ծնողական աջակցության գումարներով մասնագիտացված կրթություն տալուն եւ ուսուցիչներին խրախուսելուն, ինչից Բլեյանը ոչ միայն չի հրաժարվում, այլեւ որպես փորձարարական դպրոցի ղեկավար՝ իրականացրել է կրթահամալիրի հիմնադրման օրից։ ՄԵԶ ՉԵՐԵՎԱԿԱՅԵՆՔ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պ. Զոգրաֆոսը «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի համատեղ միջոցառումների ծրագիր» ներկայացնելիս, որպես «ոչ բժիշկ» կարեւորեց հունական եւ հայկական Կարմիր խաչ կազմակերպությունների ծրագրի «քաղաքական կողմը»՝ համենայն դեպս նշելով, որ իրենց համար կարեւոր են Անդրկովկասի բոլոր երեք հանրապետություններն էլ։ Հայկական Կարմիր խաչ ընկերության ղեկավարի պաշտոնակատար Գ. Բոշյանը հարկ համարեց հիշեցնել, որ Կարմիր խաչն ամենուր ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական կառույց է։ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԿԱՆՉԸ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը երեկ հյուրընկալեց հերթական «սեմինարիստներին», որոնք այս անգամ կրթական համակարգի ներկայացուցիչներն էին՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից։ «Կրթության որակի վերահսկման իրավական շրջանակները Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» առաջին տարածաշրջանային կոնֆերանսը կրթության (իսկ Հայաստանինը՝ նաեւ գիտության) նախարարների մակարդակով էր։ Ի դեպ, Ադրբեջանի կրթության նախարարը ծնունդով իջեւանցի է եւ, ըստ երեւույթին, շատ էր կարոտել իր ծննդավայր Հայաստանի բնությանը. ճաշից հետո, թողնելով ամեն տեսակի քննարկումներ ու փորձի փոխանակում, նստեց մեքենա ու գնաց զբոսանքի։ Ծաղկաձորյան գիտաժողովի մասին ավելի մանրամասն կարդացեք մեր վաղվա համարում։ Սեփ. լր.