Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 30,2000 00:00

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇՈԻՄԸ Մայիսի 28-ի «Նեզավիսիմայա գազետայում»՝ Արման Ջիլավյանի հոդվածում, քննության են առնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ստորեւ բերում ենք հրապարակման առավել հետաքրքիր հատվածները: «Կիսապաշտոնական մակարդակով Վաշինգթոնում ընդունում են, որ «Միացյալ նահանգները վճռականորեն տրամադրված են հասնել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմանը՝ մշակված ամերիկյան ծրագրերով»: Հրաժարվելով կոնկրետացնել այդ ծրագրերի էությունն ու մանրամասները, ամերիկացիները նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման միջոցով խնդրի լուծումը՝ առայժմ մնում է ԱՄՆ-ի համար ամենաընդունելի տարբերակներից մեկը: Վաշինգթոնի այդ դիրքորոշումը, փաստորեն, հաստատեց ամերիկացի քաղաքագետ եւ իրավաբան Պիտեր Ռոզենբլատը: Հայկական ծագում ունեցող ԱՄՆ հայտնի գործիչ, պետքարտուղարության նախկին բարձրաստիճան դիվանագետ Էդվարդ Ջերեջյանի հետ նրանք այցելել էին տարածաշրջան եւ մի շարք բանակցություններ անցկացրել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ»: Թերթը նշում է, որ ըստ Ռոզենբլատի, Ղարաբաղի հարցն «ունի լուծվելու շատ նեղ հնարավորություններ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել հակամարտության երեք կողմը: Դրանցից մեկը հիմնված է, այսպես կոչված, հատուկ կարգավիճակի հիմնադրույթի վրա, որը հնարավորություն կտա Ադրբեջանին ձեւականորեն հայտարարել իր տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ իր ապագան ինքնուրույն կառուցելու իրավունք: Հասնել նման լուծման ավելի քան դժվար է: Եվ հենց այստեղ է ծնվում երկրորդ տարբերակը. Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ ինչ-որ բան ստանալով փոխարենը»: Ամերիկյան փորձագետն այնուհետեւ նշում է, որ այդ «փոխարենը» Մեղրիի միջանցքն է: Ըստ թերթի, Հայաստանի նախագահն ու խորհրդարանի խմբակցությունները մերժել են այդ տարբերակը: Սակայն կողմերի դիրքորոշումը ԱՄՆ-ի համար բավարար պատճառ չէ գործընթացը դանդաղեցնելու համար՝ հաշվի առնելով Հեյդար Ալիեւի զառամյալ տարիքը: Թերթի տեղեկություններով, Հայաստանի ԱԳ նախարար Օսկանյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի հանդիպումը տեղի էր ունենում «կարծր ճնշման» մթնոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել