Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 30,2000 00:00

«ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք, ՀԺԿ-Ն ԻՐ ԱՆԵԼԻՔԸ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ» Հարցազրույց ՀԺԿ վարչության անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Կանդայանի հետ – ՀԺԿ վարչության վերջին նիստից առաջ եւ դրանից հետո շատերը ժողովրդական կուսակցությունից կտրուկ հայտարարություն էին ակնկալում։ Ենթադրվում էր նույնիսկ, որ ՀԺԿ-ն դաշինքից դուրս կգա։ Այդպես չեղավ. ինչո՞ւ։ – «Միասնության» գաղափարը Կարեն Սերոբիչի եւ Վազգեն Սարգսյանի գաղափարն էր։ Վարչության նիստում «Միասնության» հարցը հատուկ քննարկման առարկա դարձավ։ Նիստը ցույց տվեց, որ դեռեւս պետք է մտածել, խորհել, որովհետեւ տարբեր կարծիքներ արտահայտվեցին։ Մի մասը կողմ էր «Միասնությունից» դուրս գալուն, մյուս մասը՝ մնալ «Միասնությունում», հաստատակամորեն իրականացնելով ՀԺԿ-ի ծրագրերը։ Մեր կուսակցությունն իր հանդարտ եւ կշռադատված քայլերով կրկին ապացուցեց, որ Ժողովրդական կուսակցությունը լուրջ կուսակցություն է եւ րոպեի ազդեցության տակ քայլեր չի ձեռնարկի։ Վարչության նիստը զուտ կուսակցական քննարկումներ էր կազմակերպել, իսկ կուսակցության քաղաքական խորհուրդն իր հետագա քայլերը ձեռնարկելիս՝ անպայման նկատի կունենա վերոհիշյալ քննարկումները։ Վարչության նիստում կրկին լիակատար վստահություն տրվեց կուսակցության ղեկավարությանը եւ հանձնարարվեց քաղխորհրդին՝ հաշվի առնել նիստի ընթացքում հնչած կարծիքները։ Վարչությունը նպատակ չուներ հայտարարությամբ հանդես գալ։ ՀԺԿ-ն իր ասելիքը կասի եւ անելիքը կանի։ Արհեստական աժիոտաժ է ստեղծվել վարչության նիստի վերաբերյալ, գործի են դրվել վարկաբեկման մեխանիզմները, «Միասնության» վարկաբեկումից անցել են ՀԺԿ-ի վարկաբեկմանը։ Հասկանալի է, թե դա որտեղից է գալիս եւ ինչու է արվում։ Մենք ուզում ենք, բոլոր այն պարոններին, ովքեր անհանգստացած են ՀԺԿ-ի անելիքով, ասել՝ հանգստացե՛ք, ՀԺԿ-ն իր անելիքը շատ լավ գիտի, ՀԺԿ-ն իր անելիքը կանի եւ ասելիքը կասի։ Այսօր, դժբախտաբար, Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորին կասկածում են։ Սա խայտառակ իրավիճակ է, ժողովրդի համար՝ կործանարար։ Խարդավանքները հասել են համաճարակի մակարդակի։ Ժողովուրդը փախչում է, գնում է Հայաստանից ոչ միայն սոցիալ-տնտեսական պատճառներով, այլեւ՝ բարոյական։ Մարդիկ հավատ չունեն վաղվա օրվա հանդեպ։ Ոչ ոք չի մտածում՝ եկեք հավաքվենք, խելք խելքի տանք, մտածենք, ով ինչով կարող է օգնել։ – Դուք ի՞նչ կարծիքի եք նոր կառավարության, նրա ձեւավորման ընթացքի եւ այն իրողության մասին, որ ՀԺԿ-ն, լինելով «Միասնություն» դաշինքի անդամ, չափազանց քիչ պորտֆել ստացավ։ – Մենք այս կառավարությունից մի բան ենք ակնկալում. այնպես աշխատի, որ կարողանա, թեկուզ մի փոքր, ժողովրդի վիճակը լավացնել։ Այլ ակնկալիք մենք չունենք։ ՀԺԿ-ն հստակ արտահայտվել է, թե ինչո՞ւ չէր կարող լիարժեք պատասխանատվություն վերցնել այս կառավարության համար. լիարժեք պատասխանատվության համար լիարժեք լծակներ պետք է տրվեին։ Կառավարության ձեւավորումը չի բխել սկզբունքային մոտեցումներից։ Պաշտպանության նախարարի նշանակումը բացարձակապես անընդունելի է մեզ համար եւ դա էլ է բազմիցս ասվել։ Իսկ թե ինչո՞ւ ընդունելի չէ, կարող եմ կրկնել. որովհետեւ աշխարհում չտեսնված ահավոր ողբերգությունը տեղի ունեցավ նրա՝ ԱԱ նախարար աշխատած ժամանակահատվածում։ Մինչդեռ այսօր հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվել, դատ ու դատաստան չի եղել։ Այս ամենը բացասաբար է ընդունում ամբողջ ժողովուրդը։ – Պարոն Կանդայան, հիմա շատ է խոսվում ՀԺԿ-ի պասիվության մասին, թեպետ կուսակցության առաջին դեմքերն իրենց տված հարցազրույցներում մերժում են այս միտքը։ Անձամբ դուք ի՞նչ կարծիքի եք։ – Մենք մեր դիրքորոշումը բավականին հստակ բացատրել ենք, մենք նաեւ ասել ենք, որ կուսակցությունը քայլեր կանի։ Ի՞նչ եք հասկանում պասիվ ասելով, ո՞ր կուսակցությունն է ակտիվ։ Թույլ տվեք մենք որոշենք՝ ի՞նչ ասենք եւ ե՞րբ։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ կառուցողական ուժ ենք, եւ դրանք լոկ խոսքեր չեն։ Մենք չենք կարող գնալ միանգամից կառավարությունը քարկոծելու ճանապարհով։ Մենք առաջին հերթին պետք է դա անենք մեր օրենսդրական գործունեությամբ։ Կուսակցության ղեկավարությունը հետեւողականորեն պահանջելու է իր պատգամավորներից խորհրդարանում իրականացնել ՀԺԿ ծրագրերը։ – Հնարավո՞ր է ՀԺԿ-ն նոր դաշնակից ունենա հանձին Արտաշես Գեղամյանի։ – ՀԺԿ-ն կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք ռեալ քայլեր կանեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել