ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ» Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ Նաիրի Հունանյանը հրաժարվել է հոկտեմբերի 27-ի գործով իր այն ցուցմունքներից, որոնք վերաբերում են ահաբեկչությունն անմիջականորեն չկատարածներին՝ դրդիչներին կամ աջակցողներին, այդպիսով կամենալով հաստատել թիկունքում որեւէ ուժ չունենալու վարկածը։ Թերեւս այս էր ենթադրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը։ ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈՇՄԱՆԵԼ Է ՀԿԿ խմբակցության պատգամավոր Խորեն Սարգսյանը ասուլիսում մայիսի 24-ն էր նշել որպես այն վերջին ժամկետը, երբ իրավաբանները պիտի եզրակացություն տային Քոչարյանի պաշտոնազրկման հիմքերի մասին։ «Առավոտի» հարցին ի պատասխան պրն Սարգսյանն այժմ ասաց. «Իրավաբանները տվել էին իրենց եզրակացությունը, որ իրոք կատարվել են Սահմանադրության մի քանի խախտումներ։ Ես այն մայիսի 15-ին ներկայացրել էի կենտկոմի բյուրոյին։ Ինձ ասացին, որ չներկայացնեմ այդ ստորագրությունները, քանի որ նախագահը խոստումներ է տվել Ռուսաստան-Բելառուսին միանալու եւ տնտեսության զարգացման վերաբերյալ։ Բայց ես այդ խոստումներին չեմ հավատում եւ համոզված եմ, որ դրանք չեն կատարվի։ Ու մեկ է՝ վաղ թե ուշ պաշտոնանկության հարցը կմտնի օրակարգ»։ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱԺԻՈՏԱԺ «Արհեստական աժիոտաժ է ստեղծվել ՀԺԿ վարչության նիստի վերաբերյալ։ Գործի են դրվել վարկաբեկման մեխանիզմները»,- վստահ է ՀԺԿ վարչության անդամ Ռուբեն Կանդայանը։ Վերջինիս հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։ ՀԺԿ-ՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ ՇԱՀԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Ըստ ամենայնի, ՀԺԿ անդամ, պատգամավոր Արմեն Հակոբյանը նշանակվելու է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ՝ Վյաչեսլավ Յարալովի փոխարեն։