2000թ. փետրվարի 2-ին լրացավ հանրահայտ «Դրո» գործով մահապատժի բռնադատված, քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանի բանտային կալանքի 5-րդ տարին ԱԱՆ քննչական մեկուսարանում
Ինչպես հայտնի է, նախօրոք կազմած շոու ծրագրով 1994թ. դեկտեմբերի 3-ից սկսվեցին «Դրո» կոչված խմբի թվով 12 դաշնակցական ազատամարտիկների ձերբակալությունները, Արսեն Արծրունի- Հրանտ Մարգարյանով եւ 1995թ. փետրվարի 2-ին ավարտվեց Արմենակ Մնջոյանով, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայի Օդեսա քաղաքում, տեղի ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» խմբի օգնությամբ, որի համար արժանացել են ՀՀ նախկին նախագահ Լ.Տ.-Պ.-ի շնորհակալական հեռագրին (որն էլ առիթ հանդիսացավ ծանոթանալու եւ հարաբերություններ ստեղծելու Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ): Այս կապակցությամբ արժե կարդալ «Одесский вестник» օրաթերթի 1995թ. 02.12 համարը։
Հետաքրքիր է, թե ո՞ր դեմոկրատական երկրում էր ընդունված, որ երկրի նախագահի ինքնաթիռը ուղարկեն մի ինչ-որ «տեռորիստ» տեղափոխելու համար։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին։
Ինչպես նշված է օրաթերթի նույն համարում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունները, որը ժամանակավորապես ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, խնդրանքով դիմել էին Ուկրաինայի անվտանգության ծառայություններին՝ օգնելու Ա.Մնջոյանին ձերբակալելու, վերջինիս ներկայացնելով որպես «հատկապես վտանգավոր հանցագործ, որպես միջազգային թմրաբիզնեսի մասնակից, պատվիրված 5 սպանությունների եւ երկու մահափորձերի հեղինակ»։ Սպանվածների թվում նշվում էին նախկին պետանվտանգության կոմիտեի նախագահ Մարիուս Յուզբաշյանի եւ նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի անունները, իսկ մյուս երեք սպանվածներն ովքե՞ր էին լինելու, ովքե՞ր էին ծրագրված՝ այդ շոուն կազմակերպողների կողմից, դեռ պարզ չէր։
Չար լեզուներն ասում են, թե Հայաստանից Օդեսա մեկնած ձերբակալող խմբին հանձնարարված էր Ա.Մնջոյանին ձերբակալման պահին խփել եւ ձեւակերպել որպես փախուստի փորձ։ Նպատակ ունենալով հանրապետությունում տեղի ունեցած բոլոր սպանությունները բարդել Մնջոյանի գլխին եւ համարել, որ բոլոր սպանությունները բացահայտված են, այդ պետական տեռորիստական ակտը կանխվել է միայն Օդեսայի հատուկ ծառայությունների կողմից։ Սակայն այդ նույն ժամանակահատվածում ձերբակալված էր ուրիշ մի խումբ եւ զուգահեռ խոշտանգումներով հատորներ էին կազմվում նույն Համբարձում Գալստյանի սպանության համար։ Արդյունքում երկարատեւ եւ պատվիրված դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ Ա.Մնջոյանին դատապարտում են ոչ թմրաբիզնեսի, ոչ Մ. Յուզբաշյանի եւ ոչ էլ Հ. Գալստյանի սպանության համար, այլ բոլորովին այլ՝ ոմն Աշոտ Ներսիսյանի, նրա կնոջ եւ Գագիկ Սահակյանի սպանության համար։ Նպատակը մեկն էր. արդարացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. դեկտեմբերի 28-ի հեոուստաելույթը եւ վրեժխնդիր լինել ՀՅԴ կուսակցության նկատմամբ, քանի որ այդ ելույթով արգելվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում, արգելվեցին «Երկիր» եւ «Ազատամարտ» օրաթերթերի տպագրությունները։
Որքան էլ ցանկանանք փոշի փչել ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերին, միեւնույն է՝ «Դրո» գործը քաղաքական էր, իսկ դատապարտված ազատամարտիկները, որոնք ամենաակտիվ կերպով մասնակցել են Արցախյան ազատագրական պայքարին, այսօր գտնվում են բանտերում։ Այս կապակցությամբ էր, որ ստեղծվեց Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանության մարմինը, որն էլ իր հերթին շահարկեց «Դրո»-ն՝ ինչ-ինչ նպատակներով, բացարձակ ոչինչ չանելով «Դրո» խմբի համար։
Ամբաստանյալների եւ փաստաբանների ձեռքից խլվեց (նախկին դատախազ Արտավազդ Գեւորգյանի ակտիվ ջանքերով) 19 հատոր գործը, ապօրինաբար սահմանափակվեց գործին ծանոթանալու ժամկետը, փաստորեն զրկելով ամբաստանյալներին պաշտպանվելու հնարավորությունից։ Գործին մասնակցող դատախազը, իր ճառի նախաբանում, կարծեք թե ինքն իրեն ուզում էր համոզել, իբր այդ գործի դատաքննությունը «ժողովրդավարության եւ իրավական պետության ստեղծման ճանապարհին, դատական համակարգում արվող անդրանիկ քայլերից մեկն է» եւ այդ անդրանիկ քայլերով թույլ է տալիս համարյա ամբողջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բացահայտ ոտնահարում եւ Հայոց եղեռնի նախօրյակին պահանջում է 4 մահապատիժ։ Ինչպես հայկական առածն է ասում. «Մեկ գնդակով՝ երկու ծիտ» նշանաբանով, նախ ցանկանալով իր մեղքը քավել եւ իրեն արդարացնել այն առումով, որ 1993 թ. այդ նույն Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանության համար, ոմն Տիգրան Դավթյանի պահանջել է 15 տարվա ազատազրկում եւ գերագույն դատարանն էլ կուրորեն կատարել է դատախազի պահանջը։ Տ. Դավթյանը 1,8 տարի կալանավայրում գտնվելուց հետո որոշվեց, որ թյուրիմացություն է, որ վերջինս պետք է ազատվի եւ այդ մեղադրանքը բարդվի «Դրո» խմբի վրա։
Ահա այսպես են կատարվում «անդրանիկ քայլերը», իսկ ՀՀ գերագույն դատարանի դատական կոլեգիան (նախագահությամբ՝ էդվարդ Մանուկյանի) մարդու իրավունքների պաշտպանության օրը (10.12.96 թ.) հռչակեց իր դատավճիռը 3 մահապատիժներով, 15 եւ 10 տարիներ ազատազրկումներով եւ պատվերը, ճշտությամբ կատարելու համար նշանակվեց ցմահ դատավոր, իր ընտանիքի երջանկությունը կառուցելով մի շարք ընտանիքների դժբախտության վրա։ Նախաքննության ժամանակ կալանավայրում սպանվեց Արտավազդ Մանուկյանը եւ փաստացի սպանության համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Ապօրինի դատավճռով դատապարտվեցին ազատամարտիկներ, ահա սա է իրավական պետությունը, կատարվեցին անօրինական խուզարկություններ օրենքի կոպիտ խախտումներով, որոնք դատախազը համարում էր «մի փոքր սխալ»։
Գործում չգտնվեց «բանդա» հասկացողությունը բնորոշող որեւէ ապացույց։ Չհարցաքննվեցին կարեւոր վկաներ, չստուգվեցին Ա. Մնջոյանի պատճառաբանություններն ու «ալիբիները»։ Այս բոլորից հետո ինչպե՞ս կարելի է խոսել դատաիրավակարգի նկատմամբ վստահություն ունենալու մասին։
«Դրո» խմբի տղաների ազատ արձակման հարցը օրակարգային հարց է եւ դրա հետագա ձգձգումները, ինքնահոսի թողնելը խաբուսիկ դիրքորոշում է, թե իբր ժամանակը կհարթի այն կոպիտ սխալները, որոնք բերեցին այսօրվա վիճակին՝ «Դրո» գործի չվերանայելը կարող է բերել շատ ավելի տխուր եւ անկանխատեսելի վախճանի, ինչի համար հավասարապես մեղավոր կլինենք բոլորս։
ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ
պաշտպանության կոմիտե
Ա. Վստահելի աղբյուրներից «Առավոտ»-ին հաջողվեց պարզել, որ Արմեն Մնջոյանը չի տեղափոխվել Երեւան՝ ՀՀ նախագահի ինքնաթիռով։