Մարտի 22-ին ժ. 14.20-ին «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին Ստեփանակերտի Երեւանյան փողոցից ՆԳ աշխատակիցները տարան ՆԳ նախարարություն։ Լրագրողը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում եւ նախորդ օրը երեկոյան ժ. 21.30-ից մինչեւ 00.40-ը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախնական պայմանավորվածության համաձայն, հարցազրույց էր վարել նրա հետ։
Ինչպես հայտնի է, հարցազրույցն ավարտելուց հետո, երբ Ս. Սեյրանյանը հեռացել էր նախագահի նստավայրից, 15-20 րոպե անց տեղի էր ունեցել հայտնի մահափորձը։
Ս. Սեյրանյանը ՆԳ նախարարությունում գտնվեց մինչեւ հաջորդ օրը՝ մարտի 23-ի ժ. 19.35-ը։ Այդ ողջ ընթացքում նրա հետ զրուցել է ՀՀ ԱԱ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նելսոն Զաքարյանը եւ էլի մեկ քննիչ։ Սակայն, մինչեւ ՆԳ նախարարությունից Ս. Սեյրանյանին բաց թողնելն այդպես էլ չորոշակիացվեց նրա իրավական կարգավիճակը, թե նա որպես կասկածյա՞լ, վկա՞, ինչո՞ւ եւ ի՞նչ կարգավիճակով է տարվել ՆԳ նախարարություն։ Սա դեռ ոչինչ։
Ս. Սեյրանյանը նախարարությունից «բաց թողնվելուց» հետո դեռ մեկուկես օր էլ մնացել է ԼՂՀ-ում, շարունակել զբաղվել իր մասնագիտական աշխատանքներով (եւ հնարավորություն է, վերջապես, ունեցել կապվել խմբագրություն եւ հայտնել՝ իր մասին)։ Տեղեկացնենք, որ ՆԳՆ-ում Ս. Սեյրանյանը թողել էր իր կոորդինատները եւ, սակայն, ոչ ոք փորձ չի արել ԼՂՀ-ում գտնվելու ժամանակ նրան նորից անհանգստացնելու։ Մեծ եղավ մեր զարմանքը, երբ ապրիլի 12-ին ստացանք ուղղագրական բազմաթիվ սխալներով մի գրություն, որի պաշտոնական լինելը կասկածելի էր ոչ միայն առկա սխալների պատճառով, այլ նաեւ այն, որ չէր նշված, թե ինչո՞ւ, ի՞նչ գործով պետք է Ս. Սեյրանյանը ներկայանար ԼՂՀ դատախազություն։ Չկային հիմքերը, ինչի մասին նույն ինքը՝ լրագրող Ս. Սեյրանյանը հեռախոսազրույցի միջոցով հայտնեց դատախազության քննիչ Ամիրյանին, որն էլ, ի դեպ, արդարացել էր, թե «տեքստից երեւի դուրս է մնացել», այսպես կոչված՝ հիմքը։ Վերոնշյալ քննիչի պատճառաբանությունից հասկացանք, որ Սաթիկը հրավիրվում է որպես վկա։
Կարդացեք նաև
Մինչ մենք սպասում էինք պաշտոնական կանչին, երեկ տարածվեց ԼՂՀ դատախազության հաղորդագրությունը. «…Չնայած նա բազմիցս գրավոր եւ բանավոր տեղեկացվել է ԼՂՀ դատախազություն ներկայանալու մասին՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով, Ս. Սեյրանյանը ցայսօր չի ներկայացել»։
Կարդում ենք վերոնշյալ տողերը, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եւ նաեւ՝ «… ԼՂՀ դատախազության կողմից տարվող նախաքննությամբ պարզվել է, որ հայաստանյան «Առավոտ» օրաթերթի թղթակից Սաթիկ Սեյրանյանը կարող էր տեղյակ լինել ահաբեկչական գործողության իրականացման մանրամասներին, որոնք կօգնեն հանցագործության բացահայտմանը»։
Խմբագրությունը գտնում է, որ ՀՀ քաղաքացի Ս. Սեյրանյանին որպես վկա կարող են քննել նաեւ Հայաստանում, եթե այդպես է պահանջում նախաքննության շահը, մանավանդ, որ նա երբեք չի խուսափել եւ չի խուսափում ներկայանալ նախաքննական մարմնին։
Միեւնույն ժամանակ այս մասին տեղյակ ենք պահում ՀՀ արդարադատության նախարարությանը, Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ակնկալելով, որ իրենք կապահովեն քննության անցկացումը եւ սա չի դառնա հերթական սադրանք լրագրողի նկատմամբ։
«ԱՌԱՎՈՏ»
ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի փաստով ԼՂՀ դատախազության կողմից տարվող նախաքննությամբ պարզվել է, որ հայաստանյան «Առավոտ» օրաթերթի թղթակից Սաթիկ Սեյրանյանը կարող էր տեղյակ լինել ահաբեկչական գործողության իրականացման որոշ մանրամասներին, որոնք կօգնեն հանցագործության բացահայտմանը։
Ելնելով վերոնշյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա եղել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վերջին այցելուն՝ մահափորձից առաջ, անհրաժեշտություն է առաջացել որպես վկա հարցաքննելու Սաթիկ Սեյրանյանին։ Չնայած նա բազմիցս գրավոր եւ բանավոր տեղեկացվել է ԼՂՀ դատախազություն ներկայանալու մասին՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով, Ս. Սեյրանյանը ցայսօր չի ներկայացել։
Եթե Ս. Սեյրանյանը այսուհետ եւս շարունակի չներկայանալ ԼՂՀ դատախազություն, ստիպված կլինենք նրան բերման ենթարկել՝ օրենքով սահմանված կարգով։
20.04.2000
ք. Ստեփանակերտ