Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ, ՄԵՆՔ ԻՄԱՑԱ՞ՆՔ, ԹԵ՝ ԻՆՉՈՒ

Ապրիլ 21,2000 00:00
Ara Ketikyan

ՀՀԿ խորհուրդ-ՀՀ նախագահ ամենամսյա հանդիպմանը մասնակցում էին հանրապետական խորհրդի բոլոր անդամները, բացի երկու նախարար անդամներից՝ Դավիթ Զադոյանից եւ Սմբատ Այվազյանից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը մեր հեռախոսային զրույցի ընթացքում ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ։

Բացակա ստացածների մասին մենք հարցրինք, եւ թվարկելով վերը նշված անունները, պրն Կետիկյանը մոռացավ կամ միտումնավոր չհիշեց ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանի անունը։ Պարզապես հանդիպումից բացակայողների ցուցակն ավելի ճշգրիտ ներկայացնելու համար փաստենք, որ Ալեքսան Հարությունյանը եւս չէր մասնակցում նախագահի հետ հանդիպմանը։ Մեր հարցին, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, Արա Կետիկյանը պատասխանեց, որ սա հերթական հանդիպում էր եւ ոչ թե արտակարգ։ Քննարկվել են մի շարք հարցեր։ Արտաքին քաղաքականությանն անդրադառնալիս քննարկվել են ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հարցեր։ Նախագահը ասել է, թե բանակցային գործընթացում այս պահին որոշակի դադար կա, բայց բանակցային գործընթացը ապագայում կշարունակվի։ Հանրապետականներն իրենց անհանգստությունն են արտահայտել ասելով, որ իրենք դեմ են միակողմանի որեւէ զիջման, որ «երբեք չպետք է մոռանանք, որ մենք հաղթող կողմ ենք»։

Խոսվել է նաեւ Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ առաջին ատյանի դատարանի որոշումների եւ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցի մասին։ Հանրապետական խորհրդի անդամները հայտնել են նախագահ Քոչարյանին, որ այս պահին իրենց համար անհասկանալի է դատարանի այսպիսի դիրքորոշումը, որովհետեւ դրանք իրար հակասում են։ Հանրապետականների այս մտահոգությանը նախագահի կողմից կոնկրետ պատասխան չի տրվել, բայց պայմանավորվել են, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կրկին կխոսվի այդ մասին։ ՀՀԿ խորհրդի անդամները նախագահի հետ քննարկել են նաեւ էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը։ Հանրապետականները հայտնել են նախագահին, որ իրենք այս պահին կողմ են բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը, միեւնույն ժամանակ, նախագահին տեղյակ են պահել, որ սեփականաշնորհման խնդիրը կարող է բարձրացվել խորհրդարանի մի շարք խմբակցությունների կողմից։ Արա Կետիկյանն ասաց նաեւ, որ էլցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կա, եւ չսեփականաշնորհման դեպքում հետեւանքները շատ լուրջ կարող են լինել. «Խոսքը վերաբերում է թե ՀԲ-ի դիրքորոշմանը, որը կփոխվի, եթե բաշխիչ ցանցերը դուրս բերվեն սեփականաշնորհման ցուցակից, նաեւ՝ էներգետիկ ցանցերի տեխնիկական վիճակին։ Սա անպայման խոշոր ներդրումներ է պահանջում, որը մեր պետությունը չունի»։

Մեր հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք նախագահի հետ զրույցում բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ ՀՀԿ-ՀԺԿ առկա որոշ տարակարծությունների մասին հարցին, պրն Կետիկյանը պատասխանեց. «Նախագահին տեղյակ պահեցինք քվեարկության արդյունքների մասին եւ, որ ՀԺԿ-ն երբեմն միակարծիք չի այդ հարցի շուրջ։ Նախագահը իր հերթին ասաց, որ պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվի, որ ՀԺԿ-ին համոզենք, «Միասնության» քաղաքական խորհրդում հարցը քննարկել, մյուս կուսակցությունների հետ աշխատել, եւս մեկ անգամ էներգետիկայի նախարարության հետ քննարկել»։ ՀՀԿ խորհուրդ-նախագահ Քոչարյան հանդիպման մասին նախագահի մամլո գրասենյակից մեզ հասած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր. «Խոսելով էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին, կուսակցության անդամները ներկայացրել են այդ հարցի շուրջ խորհրդարանում առկա տրամադրությունները։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եթե քաղաքական ուժերը ձեւավորել են կառավարություն, հայտարարել են իրենց աջակցության մասին, ուրեմն պետք է վստահեն նրա գործունեությանը։ Ըստ հանրապետության նախագահի, էներգետիկ բաշխիչ ցանցերը միանշանակ պետք է սեփականաշնորհվեն, այլ է, որ պայմաններն անհրաժեշտ է առավել մանրակրկիտ ուսումնասիրել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930