Հանրապետության նախագահի՝ ՀԱՀ-ին երեկ տված բացառիկ հարցազրույցը նոր հարցերի եւ տարակուսանքների տեղիք տվեց։
Նախագահը կտրուկ հակադարձեց իր դեմ հնչող այն մեղադրանքները, թե ինքը խոչընդոտում է հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը։ Նա նախաքննության վրա ճնշում գործադրելու մեջ, փաստորեն, մեղադրեց «Միասնություն» դաշինքին, անձամբ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Իր անմեղությունը նախագահը ինքնախարազանումով փորձեց հիմնավորել. «Ինձ մեղադրում են, որ ինչու ես ամբողջ նախաքննական գործընթացի վրա ավելի լուրջ վերահսկողություն չեմ սահմանում։ Այստեղ, կարծում եմ, իսկապես, նման մեղադրանք կարելի է ուղղել նախագահին։ Բայց ես դա չէի անում եւս հասկանալի, զուտ քաղաքական պատճառներով։ Իհարկե, հիմա, անկասկած, ես շատ ավելի լուրջ ուշադրություն եմ դարձնելու այս գործընթացին եւ քննչական խմբի գործունեությանը»։
Վատ է այն զինդատախազը, որը չի երազում ուչաստկովի դառնալ
Ահա եւ մյուս թեւի դեմ ուղղված մեղադրանքը. «Ճնշումը հակառակ կողմից է եղել։ Ե՛վ այն հավաքը, որ եղավ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց (ուր հավաքված են եղել ԱԺ 4 պատգամավորներ- խմբ.), այն հայտարարությունները տարբեր ուժերի կողմից, որոնք եղան ուղղակի, անուղղակի ձեւով, սա ես գնահատում եմ որպես ճնշում»։ Ըստ նախագահի՝ որպես ճնշում կարելի է գնահատել նաեւ այն, որ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը գործի վերաբերյալ հաշվետվության էր գնում տարբեր «հայտնի» կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ. «Զինվորական դատախազը, փաստորեն, ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ, որը օրենքով խիստ արգելված է։ Սա հետագայում հանդուրժելու մտադրություն ես չունեմ։ Եվ եթե այսպես շարունակվի, այո, որոշ հետեւություններ արվելու են»։ Այս դեպքում արժե հիշել, որ նույն տրամաբանությամբ զինդատախազը նախաքննության ընթացքի մասին պիտի չզեկուցեր նաեւ ՀՀ նախագահին, որը նույնպես հոկտեմբերի 27-ի գիշերը եղել է ԱԺ շենքում, բանակցել Ն. Հունանյանի հետ, եւ, փաստորեն, գործով անցնող վկա է (թեեւ որեւէ կարգավիճակ այս գործի առնչությամբ նախագահը չունի)։
Կարդացեք նաև
Նախագահի հարցազրույցից անմիջապես հետո պրն Ջհանգիրյանից փորձեցի պարզել՝ որքանով է ընդունում նախագահի մեղադրանքը։ Նա հարցազրույցը չէր լսել, սակայն առաջին ռեակցիան հետեւյալն էր. «Էդ դեպքում թող ինձ հեռացնի»։ Մեկնաբանություն տալ խոստացավ հաջորդ օրը, հարցազրույցին ծանոթանալուց հետո։ Ինչ վերաբերում է Ալիկ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու շուրջ ծավալված քննարկումներին եւ նախաքննության ընթացքին առհասարակ, նախագահը կարծիք հայտնեց, որ հոկտեմբերի 27-ից հետո դատաիրավական համակարգում հարցերն ընկալվում եւ գնահատվում էին ոչ թե իրավական հարթության վրա, այլ քաղաքական հետեւանքների առումով. «Ուղղակի սա (Ա. Հարությունյանի խափանման միջոցի փոփոխությունը- խմբ.) պետք է դիտել ժամանակի կտրվածքով. երբ է եղել 1-ին որոշումը եւ երբ կայացավ 2-րդը։ Կարելի է այսպիսի հարց տալ. դատավորը կամ դատարանը մեղք ունի՞, թե՞ չունի։ Ես կասեմ՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ Ավելի շատ՝ ոչ, որովհետեւ ամբողջ երկիրն էր այդ վիճակում, եւ, եթե հիշում եք, նույնիսկ որոշ դետալների մասին խոսելը, կարծես, արգելված թեմա էր։ Եվ իսկապես տպավորություն կար, որ այս գործի հետաքննությունը նաեւ քաղաքական շանտաժների գործիք է կարող դառնալ, որն ուղղակի անթույլատրելի եմ համարում։ (…) Ես չեմ կարծում, որ մենք լրիվությամբ հաղթահարել ենք այդ իրավիճակը…»։
Արգելված թեմայով խոսելու, ինչ-ինչ քաղաքական իրավիճակում դատական համակարգի՝ «ճնշված» գործելու մասին նախագահի խոսքերից հետո վերհիշենք Սահմանադրությունից մի հատված. «ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։
Թո՛ւ զա վսեխ, կարմիր ասեղ,
Մեղադրում եմ բո-լո-րին
Խոսելով Վանո Սիրադեղյանի դատավարության, նրա անհետացման եւ իրավապահ մարմինների աշխատանքի մասին՝ ՀՀ նախագահը խոստովանեց, որ իրեն իրավապահները զեկուցում էին, թե իրավիճակը վերահսկվում է։ Մինչդեռ, իրավապահները, փաստորեն, նախագահին թյուրիմացության մեջ են գցել։ «Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե իրավապահ մարմինները նրան նախօրոք ձերբակալեին։ Բայց չկար վստահություն, որ ԱԺ-ում այդ հարցը կստանա համապատասխան քանակի քվեներ։ Չկար այդ վստահությունը, եւ պատկերացրեք մի վիճակ, երբ ձերբակալելուց հետո դատախազը մտնում է ԱԺ եւ չի ստանում թույլտվությունը, որից հետո ազատ է արձակվում։ Այդ դեպքում այլ կարգի մեղադրանքներ կհնչեին, որ թատրոն են խաղում եւ այլն»։ Մեծահոգաբար նկատելով, որ «կարելի էր, իհարկե (Սիրադեղյանին), չձերբակալել, չփորձել, բայց շատ հստակ տվյալներ ունեինք, որ շատ ակտիվ խանգարում է դատական գործընթացը՝ կողքից տարբեր միջնորդություններով»։
Այստեղ նախագահը դարձյալ դիմում է ինքնաձաղկման միջոցով համակրանքի արժանանալու միջոցին. «Բայց ես խոստովանում եմ, որ, այո՛, այստեղ թերացել ենք։ Փորձեցինք շարժվել լրիվ օրենքի տառով, այդպես ստացվեց։ Պետք է փնտրենք, եւ հետեւողական ենք լինելու այդ հարցում»։
Լեռնային Ղարաբաղի հայրերի մասին եւ նրանց շուրջ
Մարտի 22-ին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձը եւ դրանից հետո ծավալված դեպքերը նախագահն այս կերպ գնահատեց. «Սա ընդհանրապես նոր երեւույթ չէ պատմության մեջ, երբ անձինք պատերազմից հետո փորձում են սեփականաշնորհել պատերազմի արդյունքները, հատկապես եթե այդ արդյունքները դրական են, եւ փորձում են սեփականաշնորհելով այդ արդյունքները՝ իրենց վերապահել ազգի հայր լինելու, հատուկ իրավունքներ ունենալու, հատուկ կարգավիճակ ունենալու իրավունք, որն, իհարկե, մերժվում է ե՛ւ ժողովրդի կողմից, ե՛ւ չէր կարող նաեւ Ա. Ղուկասյանի կողմից ընդունվել։ Հետաքննությունը, կարծում եմ, բավական օպերատիվ էր, կարելի է հիմա ասել, որ լրիվությամբ բացահայտված է հանցագործությունը»։
Այս բացատրություններն ուշադիր լսելուց հետո «Հայլուրի» տնօրենը նախագահին շնորհակալություն հայտնեց։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ