Հարցազրույց Վլադիմիր Նազարյանի հետ
Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունը շարունակվում է։ Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, որը մինչ այդ երկու անգամ բավարարել էր զինդատախազության միջնորդությունը, առաջինով՝ Ալեքսան Հարությունյանին կալանելու, երկրորդով՝ այդ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, երրորդ անգամ զինդատախազության միջնորդությունը մերժվեց նույն առաջին ատյանի դատարանի կողմից։ Վերաքննիչն էլ իր հերթին այդ որոշման բողոքարկումը մերժեց։ Արդյո՞ք դատարանի այս քայլը լուրջ հիմքեր ունի, այսինքն՝ արդյո՞ք փոխվել է Ալեքսան Հարությունյանին ներկայացված մեղադրանքը կամ դրա ծավալները։ Այս մասին մեր հարցին զինվորական դատախազ, նախաքննության մարմնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ միջնորդությունը նույնն է, իսկ ծավալներն ավելացել են։ Ինչո՞ւ են դատարաններն այսպիսին։
– Ուրեմն դատարանի կայացրած որոշումներից մեկն անպայման ապօրինի է։ Չի բացառվում, որ դա կարող է լինել հենց այն որոշումը, որը առաջին անգամ խափանման միջոցը կալանքն է ընտրել։ Ինչ խոսք, խափանման միջոցը կարելի է փոխել, բայց պայմանով՝ եթե փոխվեն մեղադրանքի բնույթն ու ծավալը։ Այնպիսի հրեշավոր հանցագործության մեջ մեղադրվելը, ինչպիսին է պետական հեղաշրջումը, ապա եթե որոշակի հիմքերի առկայության դեպքում խափանման միջոցն ընտրվել է կալանքը, ու դատարանը նշանակել է կալանքը, եւ մեղադրանքը չի փոխվել, ապա եթե կար սկզբնական հիմքը, այդ հիմքով էլ պետք է խափանման միջոցը կալանքը ընտրվեր։
– Բայց, կարծեմ ասվում է, որ այդպիսի նախադեպեր եղել են։ Դուք ինչո՞ւ չեք ընդունում այս տարբերակը։
Կարդացեք նաև
– Կան այդպիսի խոսակցություններ, բայց դրանք հաշվի են առնված ոչ մասնագիտական գիտելիքներ ունեցողներին, նորմալ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար։ Աշխարհում կան իրավական երկու խոշոր համակարգեր՝ նախադեպային համակարգը, որը անվանում են անգլո-սաքսոնական կամ անգլո-ամերիկյան համակարգ, որտեղ չկան օրենքներ, չկան կանոններ, այլ կան նախադեպեր։ Որեւէ վճիռ կամ որոշում կայացնելիս հենվում են, ասենք, նախորդ դարում համանման գործերի համար ընդունած որոշումների վրա։ Կա նաեւ եվրոպական մայրցամաքային կամ ռոմանո-գերմանական համակարգ, որը ժխտում է նախադեպը, եւ գործում է կանոնը։ Այն կանոնը, ըստ որի, եթե մեղադրյալի մեղադրանքի բնույթն ու ծավալը չի փոխվել, ապա դատարանը պետք է կայացնի միանշանակ վճիռ։ Մեր դեպքում, այդ որոշումներից մեկն ապօրինի է։ Եվ սա կապ չունի գործող օրենսդրության հետ, որովհետեւ գործող օրենսդրությունը թերություններ չունի, եւ ոչ էլ գործող դատական համակարգը թերություններ ունի։ Այս հարցում դրանք միանգամայն բավարար են։ Որպես մասնագետ ինձ հետաքրքրում է այդ հարցը՝ այդ որոշումներից ո՞րն է ապօրինի։ Մնում է մտածել, որ այս որոշումների պատճառները պետք է որոնել օրենսդրությունից եւ դատական համակարգից դուրս։
– Իսկ անմեղության կանխավարկածն այս հարցում դեր չունի՞։ Եվ հետո, եթե այդպես է, ովքե՞ր են ազդել դատարանի վրա։
– Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը եւ տրամադրությանս տակ չունեմ փաստեր, ես չեմ կարող ասել, թե ովքե՞ր են ազդել դատարանի վրա։ Ինձ համար ցանկալի կլիներ, որ արդարադատության խորհուրդը քննարկեր այդ դատարանի եւ դատավորի հարցը եւ պատասխան տար, թե դատարանի ո՞ր որոշումն էր սխալ, այս վերջի՞նը, թե՞ առաջին երկուսը։
Հարցազրույցը վարեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ