Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ՍԱՍՏԿԱՑԵ՞Լ ԵՆ ՀԱԿԱԱՆԿԱԽԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլ 20,2000 00:00
Tigran Torosyan

Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական նստաշրջանին Հայաստանի 6 հոգանոց պատվիրակության մասնակցությունն առիթ դարձավ, որ երեւան գան այս խնդրի շուրջ «Միասնության» երկու թեւերի միջեւ առկա գաղափարական տարակարծությունները։

Խորհրդարանի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ժամանակին» տրված հարցազրույցում հայտարարել էր, թե այդ միությանն արագ ինտեգրվելու անհրաժեշտության վերաբերյալ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն «Միասնության» տեսակետների հետ։ Հետաքրքրվեցինք, թե ընդհանրապես ո՞ւմ է վերապահված դաշինքի անունից հայտարարություններ անելու իրավունքը։ Ըստ Արամայիս Բարսեղյանի, «Միասնության» տեսակետները կարող են արտահայտել դաշինքի խորհրդի անդամները, որոնցից մեկն, իհարկե, Տիգրան Թորոսյանն է, բայց ՀԺԿ-ն էլ խորհրդում 5 ներկայացուցիչ ունի. «Բայց եւ ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր տեսակետները հայտնելու, ինչն էլ ես արել եմ Ռուսաստան-Բելառուսի վերաբերյալ իմ հայտարարությամբ»։ Նշենք, որ Արամայիս Բարսեղյանը, ինչպես եւ ՀԺԿ այլ 5 պատգամավորներ, մաս է կազմում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնությանը։

Տիգրան Թորոսյանը կարծիք էր հայտնել, թե այդ մարդկանցից շատերը չեն էլ կարդացել այն պայմանագիրը, որով հայտարարվում են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման նպատակները. «Իսկ եթե կարդացել են եւ գտնում են, որ Հայաստանը՝ Ռուսաստանի եւ Բելառուսի հետ մեկ պետության մեջ միավորվելով, կարող է լուծել իր խնդիրները, ինչպես իրենք են ակնկալում, Ռուսաստանի հաշվին, ապա չարաչար սխալվում են»։ Արամայիս Բարսեղյանն այս առնչությամբ ասաց, թե իրենք երբեւէ նման հայտարարություններ չեն էլ արել, թե ակնկալում են Ռուսաստանի հաշվին լուծել մեր խնդիրները. «Եվ մենք նախաձեռնող խմբով խորապես ուսումնասիրել ենք այդ պայմանագիրը, եւ որեւէ դրույթ մեր անկախությանը չի հակասում բացարձակապե՛ս»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ԱԺ պատգամավորները Ռուսաստանում մեր խորհրդարանի անունից որեւէ հայտարարությո՞ւն են արել կամ ներկայացել որպես Հայաստանի պաշտոնական տեսակետն արտահայտող խումբ, որի անթույլատրելիության մասին նշել էր ԱԺ փոխնախագահը։ Արամայիս Բարսեղյանը պարզաբանեց, թե իրենք միջպետական հարաբերությունների հարցեր չեն քննարկել եւ որեւէ պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել. «Նա մեր հայտարարությունների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի, անտեղյակ է մեր հանդիպման արդյունքներից եւ բանակցություններից, բայց տեսակետ է հայտնում, որն ամենեւին չի համապատասխանում իրականությանը։ Մենք երբեւէ հանդես չենք եկել որպես խորհրդարանի կողմից լիազորված պատգամավորներ։ Ներկայացել ենք միայն որպես նախաձեռնող խումբ, ինչպես եւ կանք իրականում, որը եկել է ծանոթանալու այդ գործընթացներին»։

Առանձին հարց է, որ այդ մասնավոր այցը ձեւակերպվել էր որպես գործուղում։ «Չեմ գտնում, որ սա կարելի է որպես մասնավոր այց դիտարկել,- ասաց պրն Բարսեղյանը, հիշեցնելով, որ նախաձեռնող խմբի մեջ արդեն 38 պատգամավորներ կան։- Թե ինչքանով է մեր այցը վնասում բյուջեին՝ վիճելի հարց է։ Ինձ թվում է, նման քննարկումների մասնակցելը մեզ երբեք չի վնասի»։ Բյուջետային միջոցներից փաստորեն շուրջ 1300 դոլար մսխվեց Հայաստանի, այնուամենայնիվ, անկախ հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում բացակայող մի հարցի նախանձախնդիր պատգամավորների այցելությունը Մոսկվա ֆինանսավորելու համար։ Այս առնչությամբ փորձեցինք բացատրություններ ստանալ եւ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Սեւակ Մանուկյանը փոխանցեց, թե ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ողջունում է այդ նախաձեռնությունը, որ Հայաստանը դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ միության խորհրդարանական նստաշրջանի աշխատանքներին եւ ուշի-ուշով հետեւի ընթացիկ գործընթացներին։ Թերեւս այդ պատճառով էլ ԱԺ-ի սուղ միջոցները չէին խնայվել։

Ինչեւէ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն անհրաժեշտ էր համարել, որ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» պատգամավորական խմբի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում լինի եւ մեր օտարերկրյա գործընկերները տեղեկացվեն, որ այդ խումբը որեւէ տեղ ԱԺ-ն չի կարող ներկայացնել։ Եզրակացնենք, որ չի հաջողվում այս կարեւորագույն խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալ ոչ միայն ԱԺ ղեկավարությունում, այլեւ «Միասնություն» դաշինքում։ «Նման կոշտ դիրքորոշումներ ցուցաբերելու իրավունք չունեն։ Սա ընդամենը Տիգրան Թորոսյանի տեսակետն է, որը ոչ ես, ոչ իմ գործընկերները՝ ոչ մեկս չենք կիսում,- այս առնչությամբ ասաց պրն Բարսեղյանը։- Մեր օտարերկրյա գործընկերներին նման զգուշացումներ անելը նրանց իրավասությունների շրջանակում չէ»։ Իսկ մեր այն հիշեցմանն ի պատասխան, թե արտգործնախարարն է հայտարարել, որ Ռուսաստան-Բելառուսին անդամակցությունը Հայաստանի համար օրակարգային հարց չէ՝ Արամայիս Բարսեղյանն ասաց. «Վարդան Օսկանյանի հայտարարությունն ամենեւին էլ չի տարածվում ԱԺ-ի վրա, քանի որ խորհրդարանն իր կարգավիճակով իրավունք ունի որոշել մասնակցել այս կամ այն աշխատանքներին։ Եվ մենք ինտեգրվելու շուրջ չենք տանում բանակցությունները, այլ՝ որ այդ միության աշխատանքներին մասնակցենք դիտորդի կարգավիճակով»։ Նա վստահ էր, որ սա մեր արտաքին քաղաքականությանը չի վնասում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930