«Առավոտի» ապրիլի 18-ի համարում՝ որպես սեփական լրատվություն, տպագրել էինք «Ազատություն Վահրամ Աղաջանյանին» նյութը (այն պատրաստել էր Լիլիթ Ավագյանը)։ Ապրիլի 17-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ ի պաշտպանություն լրագրող Վահրամ Աղաջանյանի, հավաքված հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեջ էր նաեւ Ամերիկայից 7 տարի առաջ Հայաստան եկած մի կին (նրա տվյալները խմբագրությունում են)՝ մի ցուցապաստառ ձեռքին։ Այնտեղ ասվում էր, որ իրեն բռնաբարել է ղարաբաղցի մի սպա, որին Ստեփանակերտի զինդատախազն ազատ էր արձակել։ Բացի Լիլիթ Ավագյանից, այլ լրագրողներ եւս զրուցել են տիկնոջ հետ։ Նյութի կապակցությամբ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ պրն Բալայանը եւ պահանջեց հերքել լուրը։ Ըստ նրա՝ տիկինը թեթեւ վարքի տեր է եւ ինչ-ինչ պատճառներով փորձ է անում վարկաբեկել սպային։ Իսկ տիկնոջ նկարագրած դեպքը պարզապես հերյուրանք է։