Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԻՐՏՈՒԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 20,2000 00:00
Respublika Armenia

«Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերը տպագրել են հոդվածներ, որոնց նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին լրագրողների «վայրագ» հարձակումներից: Դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք պատրաստ ենք ճշմարտությունն իմանալ միայն կատարված փաստից հետո: Մեր վիրտուալ երեւակայությունը թույլ է տալիս պատկերացնել Լեռնային Ղարաբաղի աշխատավորության ներկայացուցիչ Դ.Մ.-ի «Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին ուղղած նամակն այն բանից հետո, երբ ԼՂՀ N իշխանավորը հայտնված կլինի ճաղերի ետեւում: Ասում եմ N՝ նկատի ունենալով ամենաժողովրդական SHOW MUST GO ON կարգախոսը: Ուրեմն՝ այսպես:

N իշխանավորի հերթական լծից ազատագրված արցախցին քայլում է Ստեփանակերտի փողոցներով եւ նպատակաուղղված կերպով մաքուր օդ է շնչում: Նա շնչում է մաքուր օդի իր բաժինը, որը բանտում հայտնվելուց առաջ կլլում էր N իշխանավորը:

Եւ մինչ նա մաքուր օդ է շնչում, այդ ընթացքում պարզվում է, որ N իշխանավորը ոչ միայն չի մտածել Ղարաբաղի տնտեսության կայունացման ու զարգացման մասին, այլեւ չարամտորեն քայքայել ու փոշիացրել է այն: N իշխանավորը չի բավարարվել տնտեսության քայքայմամբ: Նա պաշտոնից հեռացվելուց հետո իր առանձնասենյակից վերցրել է սուրճի բաժակներ (6 հատ), մոխրաման (1 հատ) եւ օճառ (1 կտոր): Մաքուր օդ շնչող արցախցին իմանում է նաեւ, որ N իշխանավորը արհամարհաբար է վերաբերվել Հայաստանից վերաբնակվելու նպատակով Ղարաբաղ մեկնած իր հայրենակիցների նկատմամբ, նրանց ասել է, թե բյուջեում փող չկա եւ ցույց է տվել հետդարձի ճամփան: Իմանում է մաքուր օդ շնչող արցախցին եւ զայրույթը մեղմելու համար մի անգամ էլ է խորը ներշնչում:

Զայրույթը մի կերպ մեղմած՝ մաքուր օդ շնչող արցախցին իմանում է նաեւ, որ N իշխանավորը ճանապարհ կառուցելու նպատակով՝ սփյուռքահայության հավաքած գումարը ներկայացրել է որպես արտասահմանյան ներդրումներ ապահովելու ուղղությամբ իր վարած քաղաքականության փայլուն արդյունք: Ամենավերջում միայն մաքուր օդ շնչող արցախցին իմանում է, որ N պաշտոնյան հետախուզման մեջ գտնվող քրեական հանցագործ է, որ նրա հանցանքների մասին բազմաթիվ հոդվածներ են գրել ու գրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի համապատասխան թերթերը: Այս վերջինն իմանալուց հետո արցախցին շնչում է մաքուր թթվածին, բայց, ավաղ, Ստեփանակերտի որեւէ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

ՍԱՀԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930