Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԵՐԿԱԼՈՆ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎԱՀՐԱՄԻՆ

Ապրիլ 20,2000 00:00
Vahram Aghajanyan

Ի պաշտպանություն Վահրամ Աղաջանյանի հայաստանյան ԶԼՄ-ների ցույցի՝ հաջորդ օրն իսկ, ապրիլի 18-ին ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը «Հայ լրագրողները կմերկացնեն կոռուպցիոներին» հոդված էր տպագրել, ուր անհանգստություն էր հայտնում իրենց խմբագրությունում մեկ տարի առաջ հյուրընկալած հայ լրագրող Վահրամ Աղաջանյանի մասին: Երկու շաբաթ առաջ «Զերկալոին» Երեւանից տեղեկացրել էին, որ «Խանկենդիի դատարանը լրագրողին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման»: Թերթը ադրբեջանցի ընթերցողին տեղեկացնում է նաեւ, որ «այդ երկրի /իմա՝ Հայաստանի- Ա. Բ.) ԶԼՄ-ները ապրիլի 18-ից կսկսեն արտատպել ռուսաստանյան եւ ուկրաինական թերթերի բոլոր հոդվածները, որոնք պարունակում են աղաղակող փաստեր «ԼՂՀ վարչապետ» /չակերտները «Զերկալոի»- Ա. Բ./ Անուշավան Դանիելյանի եւ իր շրջապատի մասին»: Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները ապրիլի 18-ից «բոյկոտելու են «ԼՂՀ» /չակերտները «Զերկալոի»/ պաշտոնական լրատվությունը, Երեւանում ի նշան Խանկենդիի քաղաքային դատարանի որոշման, ապրիլի 17-ին բողոքի ցույց անցկացվեց»,- նշում է թերթը:

Գրեթե նույնությամբ արտատպելով մեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հայտարարությունը, թերթը մեկ անգամ եւս ընդգծում է. «Հայաստանի կողմից զավթած եւ այդ երկրի օրենքներով հայկական տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում չկա դեմոկրատիա՝ այնտեղ տիրում է տեղացիների եւ եկվորների, ինչպես որ Անուշավան Դանիելյանի դեպքում է. ռազմական կոմունիզմի ռեժիմը»: Ով է Ղարաբաղում տեղացի, իսկ ով՝ եկվոր, դժվար է ասել, դա առանձին թեմա է։

Առավել մտահոգիչն այսօր «Զերկալոի» հետեւյալ միտքն է. «Վ. Աղաջանյանի հետ տեղի ունեցածը միայն հաստատում է ադրբեջանցի քաղաքագետների այն կարծիքը, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է հրաժարվի Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ համահարթեցման քաղաքականությունից, երբ խոսք է գնում մեր երկրի ԵԽ-ին անդամակցելու մասին»: Այս տողերն էլ ավելի անհանգստացնող են Հայաստանի Բելառուս-Ռուսաստան միության մոտալուտ անդամակցության մասին ահագնացող լուրերի ֆոնի վրա:

Ինչ վերաբերում է հայտնի լրագրող Վահրամ Աղաջանյանին, ապա հուսով եմ, որ ԼՂՀ գերագույն դատարանը կվերանայի Ստեփանակերտի քաղաքային դատարանի որոշումը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի կարծիքը, մեր հասարակության արձագանքը, ինչպես նաեւ ադրբեջանցի մեր գործընկերների մտահոգությունը:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930