Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ, ԵՏ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ»

Ապրիլ 20,2000 00:00
tndanot

Որեւէ միության կամ խորհրդի մեջ մտնելու անզուսպ ցանկություն ունեցողներին պարզապես առաջարկում ենք կրկին թերթել 1709 թվականից սկսած Իսրայել Օրիի հայտնի պատմությունը, երբ նա այցելել էր Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին եւ նրան ներկայացնելով հայ ժողովրդի դառը ճակատագիրը, օգնություն էր խնդրում։

Պետրոս Առաջինն էլ իր կայսերական մեծությունից փորձում էր հասկանալ, թե ի՞նչ են ուզում հայերը՝ պետություն են ուզում դառնա՞լ, թե՞ պարզապես ուզում են Ռուսաստանի կազմում լինել։ Այնուհետեւ, անցնող երեք հարյուր տարիների ընթացքում շարունակում էինք չհասկանալ՝ ի վերջո, ի՞նչ ենք ուզում։ Հավանաբար, սա էր նաեւ պատճառներից մեկը, որ չէինք կարողանում պետականություն ստեղծել մինչեւ 1990 թվականը։ Անցած երեք հարյուր տարիներին ե՛ւ տարածք կորցրինք, ե՛ւ բնակչություն։ Ինչո՞ւ չէինք կարողանում պետություն ստեղծել։ Հիմա էլ ունենք՝ ի՞նչն է խանգարում, որ այս պետությունը, իրոք, կայացնենք, հզորացնենք, պահպանենք։ Ինչո՞ւ ենք ուզում դարձյալ կցմցվել։ Հարցը լուծում ունի՝ որպես պետություն գոյատեւելու համար Հայաստանը պետք է կարողանա այս աշխարհաքաղաքական իրավիճակում իր հարաբերությունները ճշտել։ Միայն այս պայմաններում Հայաստանը կարող է պահպանել իր պետականությունը։ Բայց գաղտնիք չէ, որ մեզ միշտ խանգարել են։ Միշտ ասել են, որ ճիշտ կլինի՝ լավ հարաբերություններ ունենանք մեզնից հեռու գտնվողների հետ։ Ու կրկին մեր աչքը հառած հեռուներին՝ ուզում ենք ճամփա ելնել։ Խորհրդարանական «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից Աղասի Արշակյանը եւ ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը մամուլի ասուլիս էին հրավիրել Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության դրական կողմերը ներկայացնելու, այդ մասին մամուլում եղած «դեմ» գնահատականներին գնահատական տալու եւ իրենց մի քանի արված եւ չարված ծախսերի մասին խոսելու համար։ Նախ ասվեց, որ միությանն անդամակցելու պահանջը որեւէ առանձին ուժի, կուսակցության, քաղաքական կազմակերպության մենաշնորհը չէ եւ դա, իբրեւ թե, բոլորի մենաշնորհն է։ Իսկ նրանք, ովքեր անհանգիստ են, թե ինչպես կկարգավորվի Ղարաբաղի հակամարտությունը, եթե Հայաստանը դառնա Ռուսաստան-Բելառուսի անդամ, կարող են հանգիստ քնել, քանի որ, եթե հիշում եք, մի քանի օր առաջ ՀԿԿ կենտկոմի քարտուղարը հստակ ասաց, թե ո՞ւմն է Ղարաբաղը. «Ղարաբաղը ոչ ձերն է, ոչ Ադրբեջանինը, Ղարաբաղը դեռ ո՜ր թվից Ռուսական կայսրության տարածք է»։

Աղասի Արշակյանը հորդորում էր, որ մենք այդ հարցը ուղղենք նաեւ Եվրախորհուրդ վազելու ջատագովներին՝ «իսկ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի խնդիրը Եվրախորհրդին անդամակցելու դեպքում»։ Հենց որ Աղասի Արշակյանն այս հորդորն արեց, «վազեցինք» վերջերս Ստրասբուրգից վերադարձած ՀԿԿ խմբակցության անդամ Ժ. Խառատյանի մոտ եւ հարցը նրան ուղղեցինք։ Ընկեր Խառատյանը ահա թե ինչ ասաց. «Ղարաբաղի հարցը ամենատարբեր լուծումներ կարող է ունենալ։ Մեզ համար ընդունելի լուծումն այն է, որ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ այդպիսի հարցադրմանը ես վճռականորեն դեմ եմ։ Չի կարելի հակադրել այդ երկու կազմակերպությունները մեկը մյուսին։ Անդամակցել Եվրախորհրդին՝ չի նշանակում, որ պետք է հրաժարվել Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու գաղափարից։ Երկուսն էլ մեր ժողովրդի համար անհրաժեշտ են, բայց ավելի էական նշանակություն ունի Ռուսաստան-Բելառուս միությանը միանալը»։

Կարծեմ՝ չարժե բացատրել, թե ինչո՞ւ է ընկեր Խառատյանն այսպիսի բան ասում։ Թեպետ պնդում են, որ Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու հարցը ոչ մեկի մենաշնորհը չէ, բայց ո՞վ կարող է ժխտել, թե ովքեր են առավել ոգեւորված. Աղասի Արշակյանը՝ մեկ, եւ կոմկուսը՝ երկու։

Վերադառնանք ասուլիսին։ Հրանտ Ոսկանյանի ասելով. «Էսօր չենք բացելու եւ մտնելու միության մեջ։ Սա երկարատեւ պրոցես է։ Այստեղ կարող են շատ հարցեր լինել՝ Ղարաբաղի հետ միասի՞ն ենք միանում, թե՞ առանձին ենք միանում»։ Իսկ ի՞նչ է տալու անդամակցությունը։ Ի դեպ, այս հարցին ե՛ւ Եվրախորհրդի, ե՛ւ Ռուսաստան-Բելառուսի սիրահարները նույն բառերով են պատասխանում՝ տնտեսությունը կվերականգնվի, աշխատատեղեր կբացվեն, երկիրը ոտքի կկանգնի։ Պարզապես մի փոքրիկ տարբերություն՝ Աղասի Արշակյանն անմիջապես, իբրեւ ասվածի ապացույց, հիշեցնում է, որ Բելառուսի տրակտորաշինությունը 52 տոկոսի աճ է տվել եւ մոտ 15 հազար տրակտոր է արտադրել։ Եվրոպական կողմը տրակտորի մասին ոչինչ չի ասում։ Հետաքրքիր է, Եվրախորհրդի կազմում հայ տրակտորաշինությունն ինչպե՞ս կզարգանա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930