«Նման բան չի կարող լինել»,- ասաց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանն «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե որքանո՞վ են իրական իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը։ Ի դեպ, նախարարը նաեւ նշեց, թե հակառակ պարագայում ինքն ուրախ կլիներ։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ ԱԺ-ում հնչեցրեց այս հարցը. «Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Ալեքսան Հարությունյանի հանդեպ նույն դատարանը 3 որոշում է կայացրել։ Նույն դատավորը խափանման միջոցը որպես կալանք կիրառելու զինվորական դատախազության միջնորդությունը նախ բավարարել է, ապա 2 ամիս անց՝ մերժել։ Ընդ որում, այդ 2 ամսվա ընթացքում մեղադրանքը չի փոխվել, ապացույցները, եթե նույնիսկ չեն ավելացել, բնական է, որ չէին էլ կարող պակասել։ (…) Կա՛մ հիմա, կա՛մ այն ժամանակ՝ դատավորը կոպիտ սխալ է թույլ տվել։ Մտադի՞ր է արդյոք վարչապետը, կառավարությունը, հանձին արդարադատության նախարարի՝ արդարադատության խորհրդի առջեւ հարց բարձրացնել սույն դատավորի գործելակերպը քննելու, նրան պատասխանատվության ենթարկելու համար»։ Այս երկար հարցին Արամ Սարգսյանը շատ կարճ պատասխանեց. «Այո, մտադիր է»։