ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փորձեց պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն է արդարադատության նախարարի միջոցով ճնշում գործադրել դատարանի վրա՝ իր խորհրդական Ալեքսան Հարությունյանին կալանքից արձակելու որոշում պարտադրելու համար։ «Թող մնա հաջորդ անգամ»,- ի պատասխան տեղից ասաց վարչապետը։
ԴԱՇԻՆՔՈՒՄ ԽՓԵԼԸ ՉԵ՞Ն ԱՐԳԵԼՈՒՄ
Երեկ խորհրդարանում հայհոյանքների եւ բռունցքների միջոցով իրար հետ հաշիվներ պարզեցին արտաշատցի երկու պատգամավորներ, որոնք երկուսն էլ «Միասնություն» դաշինքից են։ ՀՀԿ անդամ Հենրիկ Աբրահամյանին դուր չէր եկել, որ ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը համարձակվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ քննադատել իր եղբորը՝ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանին։ Հուսով ենք, որ ՀՀԿ մեկ այլ ներկայացուցչի՝ Տիգրան Թորոսյանի հասցեին Արամայիս Բարսեղյանի քննադատությունը եւս նման անվայել արձագանքի չի արժանանա։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
«ԶԵՐԾԱՆԵԼԸ» ՎԵՐԾԱՆՎԵՑ
«Զերծանել» բայը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հասցեին կիրառելու համար կալանավորված Գարեգին Ղազարյանը ժամանակին աշխատել էր ՀՀ կառավարության տարածքային կառավարման բաժնում։ Երեկ «Առավոտին» զանգահարած նրա նախկին բաժնի վարիչը հիշեց, որ երբ 93-ին պրն Ղազարյանը հայրենասիրական մղումներով ցանկություն հայտնեց գնալ Ղարաբաղ, այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանը զգուշացրեց. «Նրանք քեզ ծեծելով հետ են ուղարկելու»։
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
Շտապօգնության աշխատակիցների հավաքին անցած շաբաթ մասնակցել է նաեւ դաշնակցական գործիչ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա բուժաշխատողներին կոչ է արել գործադուլ անել ու պահանջել կառավարության հրաժարականը։ Նաեւ խոստացել է քաղաքական ուժերի զորակցությունը։