Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ՁԵՐՆ Է, ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Ապրիլ 19,2000 00:00
Belorus

Ղարաբաղը դեռ ո՜ր թվից Ռուսական կայսրության տարածք է

Այս մտքի հեղինակը ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն է։ Այն ասվել է Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում։ Զրույցի թեման Հայաստանի անդամակցությունն էր Ռուսաստան- Բելառուս դաշինքին, եւ ըստ այդմ՝ Ղարաբաղի հետագա ճակատագիրը։

Ըստ Վլադիմիր Դարբինյանի տվյալների՝ Ղարաբաղի իշխանություններն իրեն հայտնել են, որ միությանն անդամակցելու նպատակով հանրաքվե անցկացնելու դեպքում ԼՂՀ-ի ողջ բնակչությունը (100%-ը) կողմ կքվեարկի։ Հայկոմկուսի երեկ հրավիրած ասուլիսի թեման Հայաստանի անդամակցության հիմնավորումն էր Ռուսաստան-Բելառուս դաշինքին։ «Առավոտը» փորձեց ճշտել, իրո՞ք ԼՂՀ իշխանությունների հետ համաձայնեցված է միությունը դաշինքին։ Պատասխանը հետեւյալն էր. «Մենք բոլորս հարազատ մարդիկ ենք, նույն ընտանիքի, նույն ժողովրդի զավակներն ենք։ Վերջին հաշվով՝ ես այլ կերպ չեմ էլ կարող մտածել. ռուսական կողմնորոշման գաղափարը ծնվել է Ղարաբաղում»։

Որքան հիշում ենք, թե՛ ՀՀ նախագահը, թե՛ արտգործնախարարը հարմար առիթներով կրկնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ռուսաստան-Բելառուս դաշինքին անդամակցելու հարցը չկա։ Սակայն ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական խումբ (որի անդամների մեծ մասն, ի դեպ, մինչեւ վերջերս չէին պատկերացնում՝ ի՞նչ հարց են քննարկում), կոմկուսը պարբերաբար հիշեցնում է իր հավաքած մեկուկես միլիոն ստորագրության մասին, հանրահավաքներ է կազմակերպում։ Կարծիք կա, որ այս ամենի դիրիժորը հանրապետության նախագահն է, որի պատվերը կոմկուսը կատարում է՝ Ռուսաստանին ապացուցելու՝ որ Հայաստանը կոմպլիմենտար քաղաքականության ջատագով է։

Ստացվում է, որ այս շարժումը ֆիկցիա է՝ Ռուսաստանից ֆինանսավորվող, Հայաստանից կառավարվող։ «Առավոտն» այս տեսակետը ներկայացնելով՝ պրն Դարբինյանից պարզաբանումներ խնդրեց. «Հանրապետությունում կան ուժեր, որոնք դեմ են Հայաստանի անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, դրա համար էլ մենք հանրահավաք ենք կազմակերպում, դիմում ենք ժողովրդին, նախագահին, ԱԺ-ին՝ համաձա՞յն եք, որ Հայաստանն անդամակցի դաշինքին։ Դրական պատասխանի դեպքում կանդամակցենք, հակառակ դեպքում՝ ոչ»։

Ռուսաստանի նոր ղեկավարի հետ համաձայնեցվա՞ծ է այս քայլը, թե ոչ. այս հարցին, պրն Դարբինյանը՝ թե. «Ոնց ասեմ, որ իրար ճիշտ հասկանանք. ստույգ ինֆորմացիա ունենք, հանդիպումներ ենք ունեցել Պետդումայի ղեկավարների հետ, նրանց միջոցով իմացել ենք, որ այսօր Ռուսաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերը Հայաստանի անդամակցությանը դրական են վերաբերվում»։ Իսկ թե ում հետ եւ երբ է հանդիպել, պրն Դարբինյանը չասաց, սակայն ավելացրեց, որ մեր երկրի հանդեպ այնտեղ տածում են «ամենաջերմ, ամենաեղբայրական, նույնիսկ հիացմունքի հասնող զգացմունքներ։ Բարձրաստիճան պետական այրերից լսել եմ անգամ այսպիսի արտահայտություն, որ դուք շատ ավելի հավատարիմ գտնվեցիք այս բարեկամության մեջ, քան մեր որոշ սլավոնական եղբայրներ»։ Մեր հեզությունն ու հավատարմությունն առ Ռուսաստանն ապացուցելու նպատակով պրն Դարբինյանը նաեւ ներկայացրեց Ռուսաստան-Բելառուս դաշինքին անդամակցելու խոշոր առավելությունները։ Նախ՝ քաղաքական ոլորտում կմշակվեն միասնական մոտեցումներ միջազգային հարաբերություններում ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի շուրջ։ Պայմանագրի 14-րդ հոդվածը հռչակում է, որ դաշինքի անդամ երկրի քաղաքացիները նաեւ միության լիիրավ քաղաքացիներ են։ «Ունենալով ընդհանուր բյուջե (Հայաստանի դատարկը, Ռուսաստանի եւ Բելառուսի կիսադատարկները- Լ. Ա.), միությունը կստեղծի տնտեսական միասնական տարածք, կզարգանա փոխշահավետ առեւտուրը, կվերանան մաքսային արգելքները»։

Պայմանագրի 18-րդ հոդվածով միության անդամ պետությունները պիտի որոշեն այլ պետության անդամակցության հարցը. «Դա նշանակում է, որ ապագայում կլուծվի նաեւ ԼՂՀ-ի՝ այդ միությանը միավորվելու խնդիրը»։ Թղթակցի հարցին՝ եթե Հայաստանը անդամակցի դաշինքին, ապա, փաստորեն, Ղարաբաղը ինքնաբերաբար մնում է Ադրբեջանի տարածքում. Ռուսաստանը պատրա՞ստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ շահագրգռվա՞ծ է Ղարաբաղի անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս դաշինքին։ Ի պատասխան պրն Դարբինյանը խանդավառված ներկայացրեց ԼՂՀ իշխանությունների հետ իր զրույցը եւ ԼՂՀ վարչապետի պատասխանը (տե՛ս վերնագիրը)։

Սակայն պայմանագրի ամենաէական կետը հետեւյալն է. «Միության ընդհանուր բանվորական լեզուն հռչակվում է ռուսերենը»։ «Պրն Դարբինյան, ո՜ղջ հայ ժողովուրդը կողմ է Հայաստանի անդամակցությանն այդ դաշինքին։ Կողմ է Ռուսաստանը։ Կողմ է Բելառուսը։ Սակայն դե՜մ են Հայաստանի իշխանությունները։ Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այդ արգելքը»։ Շոյված հարցի տոնից եւ բովանդակությունից՝ պրն Դարբինյանը սիրահոժար սկսեց. «Հարցադրումը շատ անկեղծ ու ազնիվ է (իսկ հարց տվողը լրագրող Ավետիս Բաբաջանյանն էր, որի տված հարցին Վլ. Դարբինյանի «անկեղծ» ու «ազնիվ» գնահատականից հասկացա, որ մինչ օրս միմյանց հետ շփվելու առիթ սույն լրագրողն ու կոմկուսի առաջնորդը չեն ունեցել)»։ Ավետիս Բաբաջանյանն անմեղորեն ճպճպացնելով աչքերը՝ հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Աղասի Արշակյանի հետ։ Պրն Արշակյանի հետ պրն Դարբինյանը ջերմ, բարեկամական հարաբերություններ է պահպանում։ Իսկ պրն Արշակյանը նույնատիպ հարաբերությունների մեջ է Աշոտ Մանուչարյանի հետ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930