Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒՐՍ ՄԻ՛ ԵԿԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ

Ապրիլ 19,2000 00:00
Albert Bazeyan

Վտանգավոր է կյանքի համար

«Առավոտն» իր ապրիլի 13-ի համարում տպագրել էր տեղեկատվություն, որ ըստ թերթին հասած տվյալների՝ 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկը, նիստի կեսից հեռացել էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ Ալբերտ Բազեյանը։

Երեւանի քաղաքապետ պրն Բազեյանից էլ փորձեցինք ճշտել՝ որքանով է ստույգ այս լուրը. տարածքների փոխանակման շուրջ իշխանական շրջանների խոսակցությունները, ամեն դեպքում ենթադրում են նաեւ ա՛յս տեղեկատվության իսկությունը։

– Նախ՝ Անվտանգության խորհրդի նիստից ինֆորմացիա դուրս չի գալիս եւ էդպիսի բան չի եղել, չգիտեմ։

– Չգիտե՞մ, թե՞ չի եղել։

– Ո՛չ։ Ո՛չ։ Ո՞վ պիտի հաներ այդ ինֆորմացիան Անվտանգության խորհրդի նիստից, եթե անգամ էդպիսի բան լիներ։ Էդ դեպքում ինչի՞ է պետք այդ Անվտանգության խորհուրդը, եթե նիստերի քննարկման արդյունքները դառնում են հասարակության քննարկման առարկա։

– Տեղեկատվության արտահոսքը բացառո՞ւմ եք։

– Իմ կողմից որեւէ արտահոսք բացառում եմ։ Լավ չէ, որ էդպիսի ինֆորմացիա դուրս գա։ Էդպիսի քննարկում չի եղել ու էդպիսի բան ես չեմ հիշում։

– Ներեցեք համառությանս համար. ամեն դեպքում ձեր կողմից նիստը լքելու տեղեկությունը շրջանառվում է։

– Ես ժխտում եմ։ Էդպիսի բան չի եղել։ Ուրեմն ե՛ս պետք է հանեի ինֆորմացիան. չկա Կարեն Դեմիրճյանը, չկա Վազգեն Սարգսյանը։ Ուրեմն ինձանի՞ց է դուրս եկել ինֆորմացիան։ Էդպիսի բան չի եղել։

– Պրն Բազեյան, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցի փոփոխությունը երկրապահներն ու հանրապետականները միանշանակորեն չեն ընդունել։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր են լուրջ տարաձայնություններ վերոնշյալ երկու կազմակերպությունների միջեւ, ասենք, հետագա ռազմավարության առումով։

– Դուք տեղյակ եք իմ մոտեցումներին։ Նման հարցերը հրապարակայնորեն ես չեմ ուզում քննարկել։ Դրանք իրավապահ մարմինների խնդիրներն են, նրանք էլ թող տան իրենց դիրքորոշումը, գնահատականն այդ կարգի հարցերի վերաբերյալ։ Պատասխանատուն նրանք են։ Ներեցեք, իրավական հարցերը ես չեմ ուզում քաղաքականացնել։ Ես ինձ համարում եմ քաղաքական գործիչ եւ չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ իրավական խնդիրներին։

– Երեւանի քաղաքապետի պաշտոնից ձեր հրաժարականը հիմնականում պայմանավորում էին նրանով, որ հոգնել ու հիասթափվել եք քաղաքականությունից։

– Որովհետեւ քաղաքականության մեջ անընդհատ էսպիսի անձնավորված քննարկումներ ու խոսակցություններ են գնում, չգիտեմ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Պրն Բազեյանին հանդիպեցի երեկ, «Երեւան» հյուրանոցի բացումից քիչ առաջ, շենքի մուտքի մոտ, ուր նա հանրապետության վարչապետի հետ զրուցում էր։ Ճիշտ է, ընդամենը 10 րոպե ուշացումով, բայց եկավ հանրապետության նախագահը, եւ մի քանի հարցեր արդեն վարչապետից չհասցրեցի ճշտել։ Նա մտավ ներս, իսկ ինձ եւ «Ա1+»-ի թղթակիցներին ներս չթողեցին. մենք, պարզվեց, հրավիրված չէինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930