Այլ կերպ, քան որոշակի էներգիայի փոխակերպմամբ՝ չես բացատրի այն ակտիվությունը, որով Տիգրան Նաղդալյանի եւ Սերժ Սարգսյանի վրա ատամները ջարդած «Միասնության» առաջնորդները եւ հատկապես հարցազրույցների առումով առավել ակտիվ Տիգրան Թորոսյանը սկսեցին հարձակվել այլ լրատվամիջոցների եւ գործիչների վրա։ ԱԺ փոխնախագահը նաեւ սկսեց նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին այսպես խոսել. «Անգամ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ ասաց…»։
Հարկ է նշել, որ այս առումով «Միասնությանը» «թասիբի գցելու» փորձերը բավական անհեռանկար գործ ենք համարում եւ նրանց մարտի 3-ի հայտարարության մասին էլ հիշում ենք միայն այս նկատառումով, կարծում ենք, որ քաղաքական ցանկացած ուժի համար ինքնասպանությանը համահավասար բան պիտի լիներ նման դղրդյունով ու ճռինչով հայտարարություն հրապարակելուց հետո գլուխն ավազների մեջ թաքցնելը։ Գոնե ինչ-որ կերպ փաստարկեին, թե, ասենք, երկրում համաձայնության հաստատման նպատակով հրաժարվում են իրենց պահանջներից։ Բայց չէ՝ նույն Տիգրան Թորոսյանն անգամ հայտարարում է. «Այդ հայտարարությունը նաեւ նպաստեց ներքաղաքական լարվածության լիցքաթափմանը»։ Պիտի ենթադրես, թե առնվազն վատ հիշողություն ունեցող մարդկանց համար է պրն Թորոսյանն անում իր այս ու նաեւ այն հայտարարությունները, թե «Միասնություն» դաշինքից որեւէ մեկը չէր ասել, որ սահմանադրական փոփոխությունները մինչեւ մայիս կավարտվեն։ Ուրեմն, թյուրիմացության մեջ էինք, ենթադրելով, թե Անդրանիկ Մարգարյանը, որը ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստից հետո հարցազրույցում հենց այդպիսի պնդում էր արել, դաշինքին ինչ-ինչ առնչություններ ունի։
Տիգրան Թորոսյանը վերջերս ինքն էլ մի պատասխանատու հայտարարություն արեց, թե մայիսից 30-ից հետո կերեւա, որ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ-ն ցրելու մտադրություն չունի։ Եթե այդպես չլինի էլ, թերեւս նա հետո պնդի, թե որեւէ մեկը նման բան չի ասել։ Իսկ մինչ այդ, հանձին այս գործչի՝ «Միասնությունն» էլ սկսեց նույն երգը երգել, որ վաղուց կատարում էին նախագահական խմբի մաս կազմող քաղաքական գործիչները։ Կրկներգն այս է՝ այս ամենի մեղավորը նախկիններն են։ Ընդ որում, ինչքան վիճակը վատանում է եւ ակնհայտ դառնում, որ ոչ դաշինքն է իր խոստումները կատարում, ոչ էլ նախագահի՝ 2-3 տարուց դրական փոփոխություններն ակնհայտ դառնալու 1998-ի հավաստիացումն է իրականանում՝ այդքան այդ հանգերգը բարձր է հնչում։
Ա. Ի.