Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՍՏՐԱԼԻԱ ԱՅՑՆ ԱՐԺԵՑԱՎ ՇՈՒՐՋ 30 ՀԱԶԱ՞Ր ԴՈԼԱՐ

Ապրիլ 19,2000 00:00
dolar

Բայց սա մանրուք է, եթե հաշվի առնենք այն հեռանկարը, որ ավստրալիական նավերը կարող են բարձրանալ Հայաստանի լեռները։

«Առավոտին» հասած լուրերի համաձայն, ԱԺ-ն բավական խրթին ֆինանսատնտեսական կացության մեջ է՝ բյուջետային հասանելիք գումարները հատկացված չեն, ուստիեւ՝ պարտքեր «Հայմամուլին», էներգահամակարգին, անգամ բենզինի համար փող չկա, չեն վճարվում նաեւ պատգամավորական ծախսերը եւ այլն։ Նման պայմաններում բավական պատկառելի մի գումար մսխվեց Ավստրալիա կատարած շրջագայության վրա։ Արդյոք ծախսված միջոցներին համարժե՞ք էր այցի արդյունավետությունը, օգտակարությունը, մեր այս հարցերին ի պատասխան ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանն ասաց. «Միանշանակ, ոչ միայն համարժեք էր, արժեր, այլ նաեւ նույնիսկ զուտ տնտեսական նկատառումներից ելնելով՝ առավել ձեռնտու էր։ Նախ, ԱԺ-ի պատվիրակության ծախսերն այդքան էլ մեծ չէին, ինչքան մամուլն է ներկայացրել։ Մասնավորապես «Երկիր» օրաթերթը ահռելի թիվ էր նշել՝ 110 հազար դոլար, իսկ իրական ծախսերը մոտ 4 անգամ փոքր էին։ Եվ հետո, միշտ չէ, որ միջպետական փոխհարաբերություններում պետք է շեշտը դնել գումարային հարցերի վրա, այցերը միայն այդպես գնահատել։ Հակառակ դեպքում մենք ուղղակի կհայտնվենք միմիայն Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններ ունենալու հեռանկարի առջեւ»։

Պրն Մանուկյանն այս այցը կարեւորեց այս նկատառումներով, թե 1991-ին Ավստրալիայի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելուց հետո շփումները սահմանափակվել էին միայն փոխարտգործնախարարների մակարդակով, որն անթույլատրելի էր՝ հաշվի առնելով այդ երկրի դերն աշխարհում ու նաեւ 40 հազարանոց ավստրալահայ համայնքի առկայությունը։

Այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններից մատնանշվեցին Սիդնեյում Հայաստանի հյուպատոսարան բացելը. «Շենքը կտրամադրի հայ համայնքը եւ իրենց վրա կվերցնեն առաջիկա ծախսերը, ինչպես նաեւ օլիմպիադային Հայաստանի պատվիրակության մասնակցության, տեղավորման, սննդի եւ այլ խնդիրները։ Այսինքն, եթե զուտ գումարային տեսակետից նայենք մեր ծախսած N գումարի հնգապատիկն է շահելու բյուջեն»։

Այցի օգտակարությունը հիմնավորելու համար Սեւակ Մանուկյանն այլ փաստարկներ էլ նշեց՝ Հայաստանում ներդրումներ անելու պատրաստակամություն է հայտնվել, որոշակի պայմանավորվածություններ կան համաշխարհային կառույցներում համաձայնեցված գործողություններ իրականացնելու, գործարարների պատվիրակությունների փոխանակման վերաբերյալ. «Եկեք Ավստրալիան չպատկերացնենք որպես շատ հեռավոր երկիր, որի հետ տնտեսական կապեր հնարավոր չեն։ Ավստրալիան մեզ դիտում է որպես խաչմերուկ։ Նշեմ, որ այդ երկիրը բավական մթերք է արտահանում Եվրոպա, մեծ ճանապարհ կտրում։ Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ ավստրալիական նավերը գալիս են մինչեւ Իրանի Բանդարաբաս նավահանգիստը, Իրան-Հայաստան-Վրաստան կապով կապահովվի Սեւ ծով նրանց նավերի ելքը, որը շատ ավելի էժան է նրանց համար»։

Մեր զրույցի ավարտին Սեւակ Մանուկյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանի ֆինանսատնտեսական դժվարությունների վերաբերյալ լուրերին. «ԱԺ-ն ունի բյուջեով հաստատված որոշակի գումարներ, որոնք այսօր դեռ ի վիճակի չէ տրամադրել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ մուտքերի հավաքագրման պատճառով։ Բյուջեն բավական վատ է հավաքվում եւ այդ պատճառով էլ ժամանակավոր ֆինանսական խնդիրներ կան ոչ միայն ԱԺ-ում, այլեւ ամբողջ երկրում»։

Նշենք նաեւ, որ ԱԺ պատվիրակության Ավստրալիա կատարած այցին անդրադարձներ եղան նաեւ երեկ պատգամավորների հայտարարությունների ընթացքում։

Այսպես, Հմայակ Հովհաննիսյանը դժգոհեց, որ Ռուսաստանի արտահերթ նախագահական ընտրություններին Հայաստանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար գումարներ չեն գտնվել. «Բացառությամբ Ավստրիայի, որի ներքաղաքական դաշտում ուրվագծվել են դարչնագույն միտումներ, Եվրոպայի բոլոր մյուս երկրներից դիտորդական առաքելությամբ Ռուսաստան ժամանած 500-ից ավելի պատգամավորների մեջ չկար միայն Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը։ Այս դառը իրողությունը ԱԺ-ի ֆինանսական վիճակով արդարացնելու փորձերը զավեշտական են, եթե ԱԺ-ի բյուջեի հաշվին հնարավոր է գնել 270 հազար դոլարի արժողությամբ մեքենա, եթե հնարավոր է ֆինանսավորել բազում գործուղումներ հեռավոր արտասահման»։ Հմայակ Հովհաննիսյանը մատնանշեց Թաիլանդ եւ Ավստրալիա այցերը։

Նրան հաջորդած Աղասի Արշակյանն էլ ասաց, թե կցանկանար իմանալ այդ գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվապահական տվյալներ. «Թե ինչ գումարներ են ծախսվում հակատուների հաշվին աշխարհով մեկ կատարվող այցելությունների վրա»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930