Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողություն

Ապրիլ 18,2000 00:00
Karen demirchyan

Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ Երեւանում մի շարք միջոցառումներ էին կազմակերպված։ Պանթեոն այցելելուց հետո Դեմիրճյանի հարազատները, Ազգային ժողովը՝ գրեթե ամբողջ կազմով, բազմաթիվ երեւանցիներ ուղեւորվեցին արդեն Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն՝ անվանակոչության համար, այնուհետեւ՝ գլխավոր պողոտայում բացվեց հուշաքար. պողոտան եւս այսուհետ կկոչվի Կարեն Դեմիրճյանի անվամբ, ավելի ուշ՝ հանդիսություն տեղի ունեցավ նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում։

Քանի որ երեկվա օրը ոչ թե մահվան, այլ ծննդյան օր էր, եւ ինքը՝ հոբելյարը, շատ կենսախինդ, առույգ եւ հումորով անձնավորություն, որոշեցինք Կարեն Դեմիրճյանի ծնունդը մի քիչ այլ կերպ նշել։ Ասենք այսպես՝ հուշեր է պատմում դեռեւս 1949 թվականից նրա բարեկամ Վլադիմիր Նազարյանը։ Չմոռանանք նշել, որ այսօրվա հուշերը, պատմվել են հանպատրաստից։ Ի դեպ, մեր թերթն արդեն գրել է, որ Վլադիմիր Նազարյանը ՀԺԿ անդամ է դարձել։ Երեկ իմացանք, որ նրա կուսակցական տոմսը կտրվի Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա՝ ապրիլի 17-ի ամսաթվով։ Այս մասին մեր հարցին պրն Նազարյանը պատասխանեց. «Եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, դժվար թե այդ քայլին գնայի, որովհետեւ նա կար, կյանքի փորձը կար։ Ի դեպ, պիտի ասեմ, որ Դեմիրճյանը ինձանից 23 օրով է մեծ։ Ինձ թվաց՝ իմ փորձն ու գիտելիքները պետքական կլինեն այդ կուսակցությանը։ Ստեփանին պետք է օգնել։ Կարծում եմ, ամեն մեկն էլ ցանկություն ունի այդ մեծ կորուստը լրացնել։ Իհարկե, անկարելի է լրացնել, բայց գոնե մի հյուլեի չափով ես էլ ուզեցի մի բան անել։ Կուսակցությանն իմ օգնությունը հիմնականում խոր-հրդատվական կլինի։ Կաշխատեմ օգտակար լինել կուսակցության ղեկավարությանը, մասնավորապես օրենսդրության ոլորտում։ Հիմա, ասենք Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատում ենք Սահմանադրության փոփոխությունների վրա, այդ աշխատանքներում արդեն կլինեմ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը։ Ազնիվ խոսք, Կարենը եթե լիներ, իմ կուսակցության մեջ մտնելու անհրաժեշտությունը չէր լինի։ Նա շա՜տ-շա՜տ փորձ ուներ, բայց հիմա ես զգում եմ, որ դրա կարիքը կա, գոնե օրենսդրության ոլորտում»։ Դեռեւս 1949-ից Վլադիմիր Նազարյանը եւ Կարեն Դեմիրճյանը ծանոթ են եղել։ Կարեն Դեմիրճյանի համադասարանցիներից մի քանիսը Վլ. Նազարյանի համակուրսեցիներն են եղել։ Ծանոթությունը գալիս է վաղուց, բայց երբեւէ համատեղ չեն աշխատել։ Երբ 99-ին Դեմիրճյանը դարձավ ԱԺ նախագահ, դիմեց Վլադիմիր Նազարյանին. «Վերջապես իրար հետ պիտի աշխատենք»։

Վլադիմիր Նազարյանին խնդրեցի մի քանի հուշ պատմել. «Մի օր իրա մոտ նստած ենք, սեղանին պոպոք կար՝ ասաց՝ կե՛ր, կե՛ր։ Սկսեցի ուտել, ընկա խոսելով, չնկատեցի, որ անընդհատ ուտում եմ։ Մեկ էլ Դեմիրճյանը դարձավ ինձ՝ «ասացինք կեր, չասացինք՝ քաշի գլուխդ»։ Կանչեց քարտուղարուհուն, ասաց. «Էդ պոպոքը դրա ձեռից փրկի»։ Ի դեպ, մեկ ուրիշ ընկույզի պատմություն էլ պատմեցին. ինչ-որ հավաքույթի ժամանակ 25 տարեկան մի երիտասարդ ասել է, թե ինքը ընկույզ շատ է սիրում, Կարեն Դեմիրճյանը դիմել է նրան. «Այ տղա, էդ ի՞նչ 25 տարեկան ես, որ պոպոքի կարիք ունես»։ Կարեն Դեմիրճյանի մասին խորհրդարանական հուշեր պատմելիս ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց. «Նրա ներկայությունից խորհրդարանը ձգվում էր, նույնիսկ թշնամիներն իրար հարգալից էին վերաբերվում։ Եվ ոչ միայն արտաքին կողմն էին պահում, այլ մի տեսակ համախմբվում էին նրա շուրջը։ Այդ մարդը կարողանում էր յուրաքանչյուր երեւույթի արմատը տեսնել։ Ամենաբարդ մտքերն այնքան պարզեցված էր ներկայացնում, որ ամենաանհասկացողներն անգամ հասկանում էին, ցանկացած բարդ խոսակցությունն անմիջապես պարզվում էր, ինքը տրամադրում էր զրուցակցին բացսրտության, որովհետեւ ինքն ուներ այդ բացսրտությունը։ Միշտ սիրտը բաց էր եւ աշխատում էր միշտ օգտակար լինել գործին եւ մարդկանց։ Երբեք ձեւական պատասխաններ չէր տալիս»։

Վերջում՝ Կարեն Դեմիրճյանի եւ Ռասել Ջոնսթոնի հետ տեղի ունեցած մի քանի հանդիպումների մասին։ Զրույցներից մեկի ժամանակ Ռասել Ջոնսթոնին դիմելով Կարեն Դեմիրճյանն ասել է. «Դու կենդանակերպի ո՞ր նշանի տակ ես ծնվել»։ Նա էլ թե՝ «Առյուծ»։ «Ուրեմն, որ ես խոյ եմ, ինձ պիտի ուտե՞ս՝ չես կարող»։ Մեկ այլ առիթով Կարեն Սերոբիչը հարցրել է Ռասել Ջոնսթոնին, թե քանի տարեկան է, պարզվել է, որ պրն Ջոնսթոնը չորս ամսով փոքր է։ Դեմիրճյանը դիմել է նրան. «Մեր մոտ գիտե՞ս կարգը ոնց է, եթե մեկը մեկից թեկուզ մեկ օրով մեծ է, փոքրը մեծին պիտի քեռի ասի։ Ես քո համար քեռի եմ, սրանից հետո ինձ քեռի կասես»։ Ի դեպ, թարգմանչուհին չի ցանկացել այս խոսքերը թարգմանել։ Դեմիրճյանը պնդել է, որ թարգմանվի։ Ռասել Ջոնսթոնը լիուլի հասկացել է հումորը։

Կ. Դեմիրճյանից հետո թվաց, թե ՀԺԿ-ն կքայքայվի, թեպետ այս թեմային մենք բազմիցս անդրադարձել ենք, այնուամենայնիվ, առիթն օգտագործելով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանին հարցրինք ՀԺԿ-ի այսօրվա վիճակի մասին. «Բնական է, որ հոկտեմբերի 27-ին ամենամեծ հարվածը հասցվել էր ՀԺԿ-ին, եւ շատ բնական է, որ ամենաուժեղ հարված ստացածը մի քիչ ավելի ուշ կարող է սթափվել։ Իրոք, միառժամանակ մեզ մի քիչ կորցրած էինք զգում, բայց հիմա որոշակի համախմբում տեղի ունեցավ։ Ամենակարեւորն այն է, որ մեր կուսակցությունը համախմբվում է որակյալ մարդկանցով։ Միանգամից հոսք սկսվեց մեր կուսակցություն։ Գալիս են քաղաքացիության զգացում, բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Երեւի դա մտավորականի բնազդն է, որ համախմբվում են մի գաղափարի, խորհրդանիշի շուրջ։ Պատասխանատվությունն է երեւի դրդում այդ մարդկանց գալ եւ համախմբվել, քանի որ շատ ծանրացել է երկրի վիճակը»։

Թերեւս մարդու հիշատակը հարգելու լավագույն ձեւը նրա արածը գնահատելն ու արդեն ստեղծածին նորերն ավելացնելն է։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930