Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցակազմի բացակայությամբ

Ապրիլ 18,2000 00:00
Misak Mkrtchyan

2000 թ. ապրիլի 10-ին առողջական ծանր վիճակի պատճառով ազատ արձակվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված (1999 թ. նոյեմբերի 5-ից) Միսակ Մկրտչյանը։

Մեր թերթի նախորդ համարներից մեկում այս կապակցությամբ նշել էինք, որ Մ. Մկրտչյանը, որը կասկածյալի կարգավիճակով էր սկզբում ձերբակալվել, այժմ սակայն մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ։ Ընդ որում, մեր այդ հրապարակման մեջ նշել էինք, թե դեպքից հետո Մ. Մկրտչյանի տանը կատարված խուզարկության ժամանակ մարզական-որսորդական 2 փակ տուփ փամփուշտներ են հայտնաբերվել։

Միսակ Մկրտչյանի փաստաբան Արա Մաթեւոսյանը որոշակի մեկնաբանություն տվեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի առիթով։

– Կատարված հինգամսյա նախաքննության նյութերով որեւէ ապացույց չկար, բացի այն, որ Միսակ Մկրտչյանին որպես վկա հարցաքննելիս նախաքննության մարմնին վերջինս ասել է, որ իր տանը գտնվում են 2 տուփ մարզա-որսորդական, գործարանային արտադրության փամփուշտներ, որն իրեն տվել է իր ընկերը՝ 1991-92 թթ. Ղարաբաղ ուղարկելու համար։ Միսակ Մկրտչյանը հարցաքննվելիս չի իմացել, որ այդ ընթացքում զուգահեռ խուզարկություն է կատարվում իր տանը, եւ նա քննիչներին ասել է փամփուշտի տեղը. նա դրանք թաքցնելու միտում չի ունեցել եւ խոչընդոտ չի հանդիսացել նախաքննությանը։ Եվ դա գործում եղած միակ ապացույցն է, որի հիման վրա պաշտպանյալիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի առաջին մասով։ Սակայն պաշտպանյալս իրեն մեղավոր չի ճանաչում դրանում, քանի որ որեւէ դիտավորություն չի ունեցել փամփուշտները իր տանը պահելով։ Նշեցի, որ իր ընկերներից մեկն է տվել Ղարաբաղ ուղարկելու համար, ընդ որում՝ դրանք ղարաբաղցիները հետ են ուղարկել, նույնիսկ մի փոքր հումորով, թե՝ դա ռագատկայի քար է, պատերազմի համար չէ։ Որպես Միսակ Մկրտչյանի շահերի պաշտպան, ես մեկ-երկու անգամ միջնորդություն եմ ներկայացրել՝ նրա առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխել։ Քանի որ նախաքննությունը շարունակվում էր, ես, որպես նրա շահերի պաշտպան, չէի կարող նախաքննության կիսաշեմին միջնորդություն ներկայացնել ընդհանրապես մեղադրանքը կարճելու վարույթում։ Ամեն դեպքում շնորհակալ եմ նախաքննող մարմնին, որ վերջապես հարգվեց իմ միջնորդությունը, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փորձագետներն էլ հաստատեցին, որ Մ. Մկրտչյանի առողջությունն այնքան վատ է, որ նրան մեկուսարանում պահելն ուղղակի անհնար է, որովհետեւ այնտեղ չկա մասնագիտական որեւէ բուժում։

Ի դեպ, փաստաբանը շնորհակալություն էր հայտնում նախաքննող մարմնից, քանզի իր կարծիքով մեր հանրապետությունում հիմա այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված բոլոր տեսակի միջնորդություններն առանց խոսքի, որպես կանոն մերժվում էին։ Եվ փաստաբան Ա. Մաթեւոսյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալի արարքի մեջ որեւէ հանցակազմ չկա եւ չկան 232 հոդվածի 1-ին մասի հատկանիշներ։ «Եվ, բացի այդ, Միսակ Մկրտչյանին երբեք որեւէ մեկը չի կասկածել այդ հանցագործությունը կատարելու մեջ։ Նրան, երբ 1999 թ. նոյեմբերի 6-ին առաջին անգամ հարցաքննել են, հարցաքննել են ոչ թե կասկածելով զենք-զինամթերք պահելու մեջ, այլ Նաիրի Հունանյանի, Մուշեղ Մովսիսյանի հետ կապված եւ ծանր հանցագործությունների մեջ։ Իրավաբանական տեսակետից իր արարքի մեջ հանցակազմ չկա։ Ինքն է հայտարարել իր տան փամփուշտների մասին, որը հավասարվում է կամովին հանձնելուն»։

Փաստաբանը նաեւ շեշտեց, որ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի Մ. Մկրտչյանի նկատմամբ մեղադրանքը կարճվի հենց նախաքննության ընթացքում։ «Գաղտնիք չեմ բացահայտում, պաշտպանյալիս հետ առերեսումներ են եղել, որոնցից մեկի ընթացքում Նաիրի Հունանյանը զարմացել է՝ տեսնելով Միսակ Մկրտչյանին, թե՝ «Ինչո՞ւ եք բերել այս ընկերոջը, նա ազնվագույն մարդ է, ես ուզեցել եմ նրա ազնվությունը օգտագործեմ ընտրարշավների ընթացքում, որ չկարողանան մարդիկ խաբեն մեկը մյուսին»։ Ահա Նաիրի Հունանյանի հայտարարությունը, որը նաեւ ժխտեց Միսակ Մկրտչյանի՝ տեռորիստական ակտիվ մասնակից լինելու վարկածը»։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930