Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ «ՆԵՐՈՒՄ» ԿԱ ԱՅՍՔԱՆ,

Ապրիլ 18,2000 00:00

Եվ այսքան կալանավոր ո՞ր երկրի ներսում…

Ապրիլի 15-ին՝ շաբաթ օրը, այցելեցինք ԼՂՀ ՆԳ նախարարության մեկուսարան՝ Վահրամ Աղաջանյանին տեսակցելու նպատակով։ Տեսակցել, բնականաբար, չհաջողվեց եւ «10-րդ նահանգ» խմբագրակազմին հաջողվեց նրան փոխանցել հայաստանյան վերջին օրերի մամուլն ու սննդամթերք։

Մեկուսարանը գերծանրաբեռնված է, եւ ամեն մի խցում, ըստ մեր տեղեկությունների, 6-7 կալանավոր է պահվում։ Հերթեր կան «տյուրմի» մուտքի մոտ… Սննդամթերքը մանրակրկիտ ստուգվում է. անգամ հայրենիքիս ջուրը՝ ջերմուկը, բացվում-փակվում։ Սա այն տեղն է, ուր արցախցի լրագրող Բորիս Գեւորգյանին («Ինտերֆաքս») 3 օրով առաջինն ազատազրկեցին (1993թ.)։ Նույն թվականի դեկտեմբերին 10 օրով ազատազրկվեց Գեղամ Բաղդասարյանը «Նոր Սպարտա՞, թե՞ նոր Արցախ» հրապարակման համար։

1994-ին Վահրամ Աղաջանյանին նետեցին մեկուսարան։ Սա, փաստորեն, վերջինիս երրորդ «այցն» է ազատազրկման վայր։ Որքան էլ արցախցիներն ասում են, թե իրենց քաղաքական էլիտան այդտեղով է անցել, տխուր է, եւ տխուր է մանավանդ, երբ լրագրողին ծանակելու համար քրեականների խուց են գցում… գլուխը սափրած… Վահրամի ընտանիքին այս օրերին անհայտ ստուգաբանությամբ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական օգտագործման լրատվական ծառայության պետ Դավիթ Միքայելյանն է դիմում՝ «իր պատիվը փրկելու» համար մի-երկու տող գրել, որ ինքը… դատարանում իրեն լավ է պահել։ Երեւի «լավ պահել» ասելով պարոնը նկատի է ունեցել այն, որ ծանրակշիռ ավանդ ունեցավ լրագրողին մեկ տարի ազատազրկման դատապարտելու հարցում։

Նույն մեկուսարանում է գտնվում նաեւ մեկ այլ մտավորական, կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Գարեգին Ղազարյանը, որը Հայաստանից գնաց Արցախում աշխատելու։ Եվ աշխատեց ինքնամոռաց նվիրվածությամբ։ Այն ծանր օրերին, երբ անուշավան դանիելյանները հայապահպանության անվան տակ գրդոնով էին զբաղվում։ Մինչեւ երեկ, փաստորեն, Գարեգինին ոչինչ չի փոխանցվել։ Գոնե հիգիենան ապահովելու համար։

ԼՂՀ դատախազության ՀԿԳ քննիչ տիկին Շուրա Օհանյանի գործողությունները սկսվեցին նրանով, որ դեռ իրենց անմեղություն-մեղավորությունը դատարանով չապացուցվածների բնակարաններում վերգրումներ, «գույքանետումներ» էր անցկացնում։ Լիբանանի քաղաքացի Վարդան Թաշճյանի բնակարանը, որը նրան էր տրվել պաշտպանության բանակի կողմից, դատարկվեց կես ժամում։ Որոշ իրեր բնավ տեղ չգտան Շ. Օհանյանի արձանագրության մեջ։ Եվ ապրիլի 13-ի «ազգայնացման» ժամանակ (ըստ ականատեսների) Վարդանի համակարգիչը հայտնվեց տիկին քննիչի երեխայի ձեռքում. վերջինս անհոգ «շարիկ» էր գլորում։

Ժամանակավոր դադար

Արցախի միակ ընդդիմադիր թերթը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը։ «Մեզ վրա այս հինգ ամսում այնքան ցեխ է շպրտվել, որ ոչնչով չենք զարմանում։ Չենք զարմանում, բայց հոգնել ենք։ Հոգնել ենք ցավից, վիրավորանքից, զրպարտությունից, մեզ սխալ հասկանալուց եւ մեր ասածը դիտմամբ խեղաթյուրելուց, երկրիս բոլոր մեղքերը մեզ վրա բարդելուց»։ Հրաժեշտի համարում Վահրամի պաշտպանության հայտարարություններն են, «10-րդ նահանգ» շաբաթաթերթի լրագրողներ Ռ. Իշխանյանի «Օրինականությունը ուժի օրենքը չէ», Գ. Բաղդասարյանի «Այո, մաքրություն ամենից առաջ», Վ.Օվյանի «Մենք» եւ Լ.Բաղրյանի «Ազատ խոսքի ազատ հետապնդում» հրապարակախոսական հոդվածները։ Վերջինիս հոդվածում դատավարության լուսաբանումն է. «Նախագահողի կողմից արգելվեց նույնիսկ դատական նիստի նկարահանումը կամ ձայնագրումը։ Ձայնագրման իրավունք տրվեց միայն դատապաշտպանին՝ իր համար»…

Փաստաբանությո՞ւն, թե՞…

Քիչ թե շատ պաշտոն ունեցող, պատասխանատու մարդիկ վախեցած են։ Կարող են հետդ զրուցել, հետո կանգառներով վազել հետեւիցդ, թե …«անունս չգրես»։ Այդպես պատահեց, երբ «Արցախմամուլից» դուրս էի եկել՝ ճշտելով, որ, այո, ապրիլի 14-ին ընդհանրապես որեւէ թերթ Արցախում չի տարածվել։ ԼՂՀ փաստաբանական կոլեգիայի նախագահ Էլմիրա Հարությունյանի հետ զրույցից տեղեկացա, որ ԼՂՀ փաստաբանները գործում են «Փաստաբանական գործունեության մասին» (1999թ. հունվարի 12) օրենքով։ Կա ընդամենը 13 փաստաբան։ Չկան փաստաբանական այլ միություններ, չկա հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան, եւ դատական համակարգն էլ անհասկանալի է իր կառուցվածքով։ ԼՂՀ-ն ունի քաղաքային-ժողովրդական դատարան եւ Գերագույն դատարան, որն իրականացնում է միաժամանակ երկրորդ, երրորդ եւ սահմանադրական դատարաններին բնորոշ ֆունկցիաներ։ Պատկերացնել, թե այս 13 փաստաբանները հասցնում են իրականացնել պաշտպանություն, ինքնախաբեություն կլինի։ Կարող եմ վստահ պնդել, որ նախաքննություն, եթե կատարվում էլ է, ապա՝ առանց… պաշտպանների։ Է.Հարությունյանը նշեց, որ իրենց բոլոր փաստաբանները ներգրավված են մարտի 22-ի «մահափորձի» գործով, սակայն տվեց ընդամենը 4 փաստաբանի անուն. Կարեն Գարայան, Վազգեն Հայրապետյան, Նիկոլայ Հակոբյան, Երվանդ Սաֆարյան… Գաղտնիք չէ, որ իրականում Հայաստանից են հրավիրվում պաշտպաններ, որովհետեւ արցախցի փաստաբանները վախ ունեն եւ իրավաբանությունը փրկելուց առաջ հարկավոր է նախեւառաջ նրանց վախը բռնել։ Այլապես փաստաբան ունեցող երկրում կասկածյալի իրերը փողոց չեն շպրտի, կտրվի հստակ տեղեկատվություն, թե ով ինչի համար է մեղադրվում։

«Զանգվածային լռության միջոցների» մասին

Վերադառնալով կրկին Վահրամի թեմային, մի հետաքրքիր զուգադիպություն նկատեցի. Վահրամն իր «հանցակազմ» պարունակող հոդվածը գրել է 1999թ. դեկտեմբերի 12-ին։ Ճիշտ մեկ օր առաջ Արցախում ընդունվել է ԶԼՄ-ների մասին օրենքը։ Ու վերամբարձ շահարկել, թե լրագրողը խախտել է այդ նորածին՝ մեկ օրական օրենքի այս կամ այն հոդվածը, հասկացեք, տգիտություն է։ Վահրամը պետք է դուրս բերվի մեկուսարանից մինչեւ գերագույն դատարանի նախատեսվելիք նիստը։ Եվ մտածել «կոմպրոմիսի» մասին (այն է՝ տուգանքի, հերքման) սխալ է, որովհետեւ ակնհայտ է մի բան. Վահրամը մեկուսարանում է պահվում ապօրինի։ Եվ ձեռնաշղթաները միայն նրա ձեռքերին չեն։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930