Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

Ապրիլ 18,2000 00:00
zlm

«Ազատությո՛ւն Վահրամ Աղաջանյանին» մակագրությամբ պաստառներով երեկ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի մոտ պիկետ էին կազմակերպել հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները (շենքը հսկում էին զինվորականները)։ Սա մեր գործընկերոջ հանդեպ Ստեփանակերտի քաղաքային դատարանի վճռի դեմ կազմակերպված ակցիաներից առաջինն էր։ Մինչ լրագրողների պատկառելի կազմը հայտարարության տեքստը հանձնում էր ԼՂՀ ներկայացուցիչ Կարեն Միրզոյանին (նախապես գործընկերներին խնդրելով՝ եթե 20 րոպեից չվերադառնանք, եկեք մեր ետեւից), դրսում սպասող լրագրողների մի մասը հանդես էր գալիս բացականչություններով՝ «Ազատությո՛ւն Վահրամին», «Անուշավա՛ն, հեռացիր», ապա սեփական նախաձեռնությամբ՝ «Ղարաբաղը մերն ա, թաթարների ձեռն ա»։ Ամենացնցող բացականչությունը, սակայն, «Զարթնիր, լաոն» էր։ Լրագրողների շարքերում նկատեցինք ԼՂՀ նախագահի նախկին մամուլի քարտուղար Ժաննա Կիրակոսյանին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի դեպարտամենտի ղեկավար Ջոն Բալյանին։ Կարեն Միրզոյանին հանձնելով համապատասխան տեքստը՝ պատվիրակները վերադարձան. ԼՂՀ ներկայացուցիչը խոստացել էր այն փոխանցել ԼՂՀ վարչապետին։

Պրն Միրզոյանն իր ու ԼՂՀ նախագահի անունից ընդունել է, որ Վահրամին ազատազրկելով՝ որոշակի սխալ է գործվել, եւ խոստացել է, որ հարցը ԼՂՀ օրենքների շրջանակներում կլուծվի եւ Վահրամ Աղաջանյանն ազատ կարձակվի։ Իսկ վարչապետ Անուշավան Դանիելյանն այդ ժամանակ կառավարության ընդունելությունների տանը մասնակցում էր «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների ժողովին, ուր եւ իրենց քայլերն ուղղեցին լրագրողները։ Ընդունելությունների տունը հսկում էին ոստիկանները, որոնք, հասկանալի է, չէին պատրաստվում լրագրողներին դարպասներին մոտ թողնել։ Ամեն դեպքում, պիկետի մասնակիցները հասցրին եւս մի քանի բացականչություններ անել, ապա պայմանավորվեցին որպես հաջորդ քայլ ներկա լինել ԼՂՀ Գերագույն դատարանում Վահրամ Աղաջանյանի վճռի բողոքարկմանը։

Ի դեպ, պիկետավորների մեջ իր համեստ ցուցանակով բոլորի ուշադրությունը գրավեց մի կին։ Նրա թղթի վրա գրված էր. «Ստեփանակերտի զինդատախազ Մանասարյանն ապօրինի ազատում է հանցագործ սպային (Վարդգես Արզումանյանին)՝ ոտնահարելով կնոջ իրավունքն ու արդար պահանջը»։ Տիկնոջ անունը չենք հրապարակում, քանի որ ցուցանակում նշված կինը հենց ինքն էր, որին բռնաբարել, ապա եւ ազատ էր արձակվել սպա Վարդգես Արզումանյանը։ Տիկինն արդեն 7 տարի է՝ Ամերիկայից եկել է Հայաստան, մասնակցել է Արցախի պատերազմին, պատրաստվում է ապրել Արցախում, այնտեղ ամուսնանալ, սակայն Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն ամեն ամիս ձգձգում է նրա մեկնումը Արցախ։ Տիկնոջ տվյալներով՝ նրանից անգամ ամիսը 25 հազար դոլար են պահանջում՝ Արցախում մնալու համար։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930