«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստին չէին մասնակցում նաեւ Շառլ Ազնավուրը, Վաչե Մանուկյանը, Հրայր Հովնանյանը, Լուիզ-Մանուկյան Սիմոնը եւ մի քանի այլ բարերարներ։
Հատկապես շեշտում ենք այս անունները, որովհետեւ Հայաստանին նվիրատվություններ կատարած մարդկանց ցուցակի մեջ վերջիններս հստակ տեղ են գրավում իրենց նվիրատվությունների չափով, անշահախնդրությամբ եւ նվիրվածությամբ։ Թերեւս բարերարներն, իրոք, շատ ավելի կարեւոր գործեր ունեին եւ միայն այդ պատճառով է, որ չկարողացան մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաշվետու նիստին։ Բայց կասկածներ կան, որ նրանցից յուրաքանչյուրը նեղանալու առիթ ուներ, քանի որ մենք դեռ չենք սովորել հավուր պատշաճի վերաբերվել մեր ազգի բարերարներին ընդհանրապես։ Մասնակիցների շարքում դատարկ էր նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի աթոռը, բայց հայտնի է, որ նա հիվանդության պատճառով էր բացակայում։
Հիմա դառնանք ներկաներին։ Նիստը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Հիմնադրամի մեծ համբավը, որ ձեւավորվել է հայ ժողովրդի մեջ, մենք կամրապնդենք»,- ասաց նախագահ Քոչարյանը։ Գնահատելով հիմնադրամի կատարած աշխատանքն ընդհանրապես, նա ասաց նաեւ. «93 թվականից մինչեւ այսօր (հիշեցնեմ, որ հիմնադրամը ստեղծվել է 92-ին, սակայն առավել բուռն գործունեություն է ծավալել 93-ից սկսած- Մ. Ե.), չկա գոնե մեկ ձախողված ծրագիր։ Բոլոր ծրագրերը կատարվում են ճիշտ ժամանակին»։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հաշվետու ելույթում ներկայացրեց հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքները, չմոռանալով հատուկ հիշատակել հիմնադրամի անդամ բոլոր համայնքների անուններն ու նրանց նվիրատվություններով կատարված գործերը։ Մի փոքրիկ դանդաղկոտություն նկատվեց Բրազիլիայի եւ Լիբանանի համայնքների աշխատանքում։ Բրազիլիայի մասին որոշվեց. «Մեկը թող գնա, տեղում տեսնի, թե ինչո՞ւ է այդպես»։ Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Հարությունյանն առանց գնալու էլ տեղյակ էր, որ այնտեղ խորհրդի անձնակազմի որոշ փոփոխություններ են կատարվել, եւ ժամանակ է հարկավոր, որ մարդիկ հունի մեջ ընկնեն։ Իսկ Լիբանանի պարագան մի փոքր այլ է։ Թեպետ սա սփյուռքի խոշոր կենտրոններից է, բայց վերջին շրջանում ակտիվությունը մի փոքր նվազել է։ Նախագահ Քոչարյանն էլ տեղից փաստեց. «Այս ուղղությամբ լավ չենք աշխատել։ Լիբանանի իմ այցի ժամանակ նման հարց գործադիր տնօրենը չէր դրել»։ Այսինքն, եթե հարցը բարձրացվեր ոչ թե խորհրդի նիստի ժամանակ, այլ՝ ավելի վաղ, երբ նախագահը պաշտոնական այցով Լիբանան մեկնեց, հարցը գուցե եւ լուծված կլիներ։
Կարդացեք նաև
Ելույթները մենք հնարավորություն չունեցանք ունկնդրել, քանի որ դրանք երկրորդ բաժնում էին նախատեսված, իսկ լրագրողներին միայն առաջինին մասնակցելու իրավունք էր տրված։ Բայց հարցեր տալու արանքում կարճ ելույթներ լինում էին։ ԱՄՆ Արեւելյան թեմի հանձնախմբի անդամ պարոն Թորոյանն, օրինակ, շատ իրավացիորեն նկատեց. «Գուցե աշխատանքի ձեւը փոխենք եւ այս գործը համայն հայկական դառնա եւ ոչ թե մի խումբ հայերի գործ»։
Հետաքրքիր է, այս առաջարկին ինչպես կվերաբերվեն տեղացի հայ գործարարները, հարուստները, ընդհանրապես հայաստանաբնակները։ Մի առիթով գրել էինք, բայց չենք ծուլանա կրկնել, որ հայ գործարարներից ոչ մեկը ոչ մի լումա չի նվիրել հիմնադրամին։ Հիմնադրամի հերթական նիստում եւս շեշտվեց, որ հիմնադրամի ունեցվածքը՝ գոհարեղենի եւ այլնի տեսքով, պահպանված է եւ ոչինչ չի պակասել հիմնադրամի պահուստից։
Այս բոլորը երեկ էր, իսկ կիրակի օրը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն այցելել էին Գյումրի, Սպիտակ եւ Վանաձոր։ Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում շահագործման հանձնվեց 15 բնակարանից կառուցված բնակելի շենք։ Այն կառուցվել է ֆրանսահայ բարերար Տիրուհի Բոյաջյանի նվիրատվությամբ։ Տիկին Բոյաջյանը, Փարիզի կենտրոնում իր երկու բնակարաններից մեկի վաճառքից առաջացած գումարով, խնդրել է Հայաստանի «անօթեւաններուն համար տուն շինել»։ Սպիտակի «Եռանկյունի» թաղամասում Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներդրումների շնորհիվ 18 սպիտակցի ընտանիք գլխին ծածկ կունենա։ Այս բնակարանները կառուցվել են Մեծ Բրիտանիայի համայնքի նվիրատվությունների շնորհիվ։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ