Բաց նամակ Հրանտ Մաթեւոսյանին
«Ուշադրություն հրավիրելով մեր ակնառու փիլիսոփա Կարպիս Քորթյանի սույն հոդվածի վրա, եթե իհարկե հնարավոր է առանց դոլարային տրցակ լինելու եւ առանց ավտոմատային կրակահերթ լինելու այսօր արժանանալ որեւէ ուշադրության, լիահույս եմ, թե ընթերցողը, մանավանդ քաղաքական շրջանակները օրվա ըմբռնումի իրենց ջանքի մեջ հանձին Քորթյանի զորակից են գտնելու։ Իր հեռավոր Բոստոնից մի Հովհաննես Պողոսյան, իր Փարիզից մի Արշակ Չոպանյան, իրենց Կահիրեից ու Բեյրութից մի Վահան Թեքեյան ու մի Անդրանիկ Ծառուկյան, իրենց ժամանակին, եղել են այդ զորակցությունը մեր այստեղի մարդուն եւ հայ քաղաքական մտքին առհասարակ,- հուսանք, որ մեր այսօրը նույնպես գոնե իր Կարպիս Քորթյանով հավակնում է ամայի չմնալ-լցվել հայության ու Հայաստանի մտահոգությամբ, այլեւ ճշգրիտ դիմապատկերի բերել այդ մտահոգությունը»։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սիրելի Հրանտ
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ին մի քանի գազաններու վայրագությամբ, հայությունը սեւ էջ եւս մը ավելցուց իր ժամանակակից պատմության՝ մեկնելով իր թե՛ հոգեկան, թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական մտքի սնանկութեթեն։ Մերժել, թե միայն նման սնանկություն մը կրնար պարարտ հողը հայթայթել եւ սնունդ տալ այս արտակարգ գազանության, որուն շղթան դեռ կրնա երկարիլ, պիտի նշանակեր իրապես ինքզինք անգամ մը եւս ազգային ինքնախաբեության դատապարտել։ Արդարեւ, որքան որ ուզենք փորձել հոկտեմբերի 27-ի այդ գարշելի արարքը անջատված խելագարներու վերագրել, այնքան պիտի խուսափինք անհրաժեշտութենեն տեսնելու այն իրականությունը, որուն մենք մեր քաղաքական մշակույթի խեղճությամբ միայն կպատկանինք, բայց ոչ մեկ քաջություն ունինք այս մեկը իր ջլատիչ ծանրությամբ ընդունելու։
Նույնն է պարագան, եթե փորձենք հոկտեմբերի այս զարհուրելի արարքը վերագրել օտար քաղաքական ուժերու եւ անոնց հետապնդած հետին նպատակներուն ու շահերուն։ Հոս հարց պետք է տալ արդարեւ. ինչպե՞ս նման օտար ուժեր ի վիճակի պիտի ըլլային դավադրություններ սարքել, եթե արդեն մեր կողմեն անսահման տրամադրվածություններ եղած չըլլային, ընդունելու համար թելադրանքներ եւ ամենայն հիմարությամբ ու կուրությամբ պատրաստակամ ըլլալու անոնց դաժան գործադրության։
Իսկ ինչ կվերաբերի մանիպուլյացիայի վարկածին, ըսել, որ մենք շահագործվեցանք, գործածվեցանք եւ խաբվեցանք, կնշանակե, մենք բոլոր տվյալները ունեինք առարկայական ապուշության եւ տխմարության, հատկապես՝ քաղաքական կալվածե ներս։
Մյուս կողմե խաբուսիկ մխիթարություն մը պիտի ըլլար, եթե փորձեինք պատմական բաղդատականներ ընել, դիտել տալով, որ մենք՝ հայերս, ի վերջո բացառություն չենք նման քաղաքական ոճրագործական արարքներու մեջ։ Մի՞թե չսպանեցին հերոս Գանդիին, ամենաժողովրդական նախագահ Քենեդուն, հաղթական նախագահ Սադաթին, զորավար Ռաբինին։ Այսուհանդերձ մենք մեզ չենք կրնար թույլ տալ աժան մխիթարությանց կառչելու, ինքնարդարացում փնտրելով, անտեսելով անհրաժեշտ համեմատությունները։ Հնդկաստան, Ամերիկա, Եգիպտոս եւ Իսրայել չկործանեցան եւ չեն կործանվիր խենթի մը փամփուշտին հարվածով։ Իսկ մենք արդեն կործանումի սեմին կգտնվինք եւ այս դաժան տարբերությունն է, որ կպարտադրե տարբեր մոտեցումներ ունենալու մեր այս արտակարգ խոցելի դժբախտության։
Ես հետեւաբար միայն հայության քաղաքական տհասությամբ, քաղաքական մշակույթի բացակայությամբ եւ մեր հասարակական իրականության մեջ նեղմիտ ու սնանկ ուղեղի գերակշիռ ներկայությամբ կրնամ բացատրել այս տխուր արարքը։ Այս ուղղությամբ Սփյուռքը իր գեթթոյական կազմակերպությանց մտայնությամբ շատ ավելի նախանձելի վիճակի մեջ չի գտնվիր անշուշտ։ Ես կհիշեմ, քանի ոը տարիներ առաջ Սփյուռքի կարգ մը թերթերու քաղաքական «խորունկ վերլուծումներու» որպես արդյունք՝ այն լկտի արտահայտությունները ուղղված Հայաստանի քաղաքական իշխանություններուն, ինչպես՝ «մի՞թե այդքան սուղ արժե ատրճանակի փամփուշտի մը գինը, վար գցելու համար Հանրապետության նախագահը»։ Այս երեւույթին ի տես ինչո՞ւ պիտի չուզեին թե՛ ներսի եւ թե՛ դուրսի թաքնված կամ ակնհայտ ուժեր զանազան նպատակներով նման պարարտ հողի վրա ներդրում ընել…
Սիրելի Հրանտ
Պետք է ընդունիլ, որ Հայաստանի ներկա ճգնաժամը արդյունք չէ միայն հոկտեմբեր 27-ի ողբերգական դեպքին։ Մեր երկրի առջեւ դրված ծանրակշիռ հարցերուն համապատասխան եւ գոհացուցիչ լուծումներ փնտրել եւ գտնել, կնշանակե քաղաքական դժվար նախաձեռնությանց եւ որոշումներու անցնիլ, եթե քաղաքական նախաձեռնությունները բանալին պիտի ըլլան անպայման մյուս հարցերուն, մասնավորաբար տնտեսական հարցերուն, լուրջ մոտեցումին։
Բայց ի՞նչ պոտենցիալով եւ կոմպետենցներով Հայաստանի ներկա քաղաքական իշխանությունները ի վիճակի են այսօր նման նախաձեռնությանց անցնիլ։ Ես ինձի իրավունք չեմ կրնար տալ այսօրվա Հայաստանի քաղաքական իշխանությանց գնահատականներ ու քննադատություններ ընելու. իրականության մը անծանոթի անկոցով, տգիտության մարզանքները հայության մեջ անգամ մը բազմապատկելու գնով։
Այսուհանդերձ, ես ի վիճակի եմ եւ ինձ իրավունք կտամ մատնանշումներ ընելու հետսովետական ՀՀ-ի քաղաքական օբյեկտիվ գործընթացին, դուրսեն, պարզ դիտողի մը հանգամանքով, գործընթաց մը, որու նկատմամբ չեմ կրցած անտարբեր ըլլալ եւ անտարբեր չեմ։
Սիրելի Հրանտ
Գորբաչովյան պերեստրոյկայի մթնոլորտին տվյալներեն մեկնելով, հայությունը սպոնտան քաղաքական մոբիլիզացիայի դիմեց՝ Ղարաբաղի կնճիռին արդար լուծումներ փնտրելու եւ գտնելու հույսով։ Այդ միեւնույն մթնոլորտին մեջ, խումբ մը խելացի ու գիտակից տղաք մտածեցին նաեւ կարգ մը քայլեր առնել՝ Սովետական Հայաստանի ադմինիստրատիվ հանրապետությունը քաղաքական հանրապետության վերածելու ուղղությամբ, այսինքն՝ ուզեցին բառին լայն իմաստով անկախ պետականություն ստեղծել։
Անկախ պետականություն ունենալու նման նախաձեռնություն մը շատ խորթ, իռեալիստ եւ նույնիսկ ուտոպիական նկատվեցավ Հայաստանի եւ Սփյուռքի կողմե։ Այս ժխտական կեցվածքը իր հիմքն ուներ Հայաստանի եւ Սփյուռքի պահպանողական եւ կլեանտելիստ մտայնության մեջ։ Արդարեւ բյուզանդական-ռուսական իմպերիումի կովկասյան կոլեկտիվի մտայնությամբ սահմանափակված եւ օսմանյան կայսրության միլլեթի աշխարհայացքով պարտադրված ու ստեղծված հայ քաղաքական մտքի հորիզոնին մեջ, դժվար կրնար զետեղվիլ պետականություն եւ անկախ պետականություն ստեղծելու լուրջ եւ անհրաժեշտ գաղափարը, ինչպես նաեւ անոր կոնկրետ քայլերով ձեռնարկելու գործընթացը։ Այստեղ դիտել կուզեմ տալ, որ հայությունը կամ հայ քաղաքական միտքը, ոչ մեկ քաղաքական լուրջ ծրագիր ուներ եւ կամ ունեցած էր։ Ինքնախաբեության համազոր է ըսել, որ ավանդական կարգ մը կուսակցություններ վերջին հարյուրամյակին իրենց ծրագիր կանոնագիրներու մեջ քաղաքական ծրագիր են ունեցած։ Քաղաքական ծրագիր մը այն չէ, զոր կարելի է միայն խմբագրել եւ դարակներու մեջ դնել եւ երբեմն կարգ մը տոնակատարությանց առթիվ անով խանդավառվիլ կամ անով գոհանալ։ Նման ծրագրի մը իմաստը կկայանա նախ՝ ռեալ աշխարհի մը պրակտիկ եւ դինամիկ մասնակցության մեջ։ Ապա՝ լայն եւ ոչ միայն լոկալ օբյեկտիվ իրականության մը նկատմամբ ինքզինք տեսնելու, ճանաչելու եւ ըմբռնելու եւ համապատասխան տվյալներե մեկնելով՝ խելացիությամբ քաղաքական հորիզոններ բանալու մեջ։
Սիրելի Հրանտ
Կվերադառնամ գլխավոր կետին՝ լուրջ պետականություն ստեղծելու եւ ամրապնդելու նախաձեռնության։
Նախ պիտի ուզեի դիտել տալ, որ Սովետական Հայաստանի ադմինիստրատիվ հանրապետությունը քաղաքական անկախ հանրապետության վերածելու գնահատելի ծրագրի գործադրությունը գրեթե համընկավ Սովետական Միության փլուզումին հետ։ Միջազգայնորեն իրականացավ Հայաստանի անկախ հանրապետությունը, բայց այս մեկը ավելի շատ որպես հետեւանք սովետական կառույցներու փլուզումին, քան որպես դրական արդյունք մշակված քաղաքական ծրագրի մը գործադրման։ Ես կկարծեմ, որ վերջին տասնամյակին ազատ ու անկախ Հայաստանի նոր Հանրապետության քաղաքական իշխանությունները շատ ավելի կայսրության մը քայքայման բացասական հետեւանքները պարտադրաբար ժառանգեցին, քան ի վիճակի եղան պետություն կառուցանելու եւ ամրապնդելու՝ մեկնելով հիմնական ու անհրաժեշտ կոնցեպտներե։ Այդ բացասական հետեւանքներուն, անշուշտ ավելի մեծ թափ տվավ նաեւ Ղարաբաղի հակամարտությամբ ստեղծված իրավիճակը։ Թերեւս պետք է ընդունիլ, որ այդ հակամարտությունն ինքն առանձին գրեթե մաշեցուց Հայաստանի Հանրապետությունը։ Հրաշքի համազոր էր արդեն հայության հաղթանակը։ Հոս ո՞վ կրնա ուրանալ Հայաստանի իշխանությանց այն բացառիկ քաղաքական խելացիությունը, որ ստեղծեց մեր պետության ուժի ամենակարեւոր լծակը՝ Ազգային բանակը։ Հետեւաբար, գրեթե անկարելի կթվեր, պատերազմի պահանջներուն գոհացում տալու ստիպողության տակ, պետական անհրաժեշտ կառույցներ ստեղծելու գործադրության անցնիլ։ Ինչ կվերաբերի Սովետական Միության փլուզումի դրական հետեւանքներուն Հայաստանի քաղաքական իշխանությանց համար, առնված նախաձեռնությունները մեծ կշիռք ու կոնկրետ արդյունքներ չունեցան։ Հոս եւս, Ղարաբաղի կնճիռը դամոկլյան սուրի սպառնալիքով, թերեւս, շատ բան անդամալուծեց եւ դեռ կշարունակե անդամալուծել։
Բայց ճի՞շտ է մտածել արդյոք, Հայաստանի ներկա ռեալ քաղաքական անելը անոր միայն վերագրել։
Սիրելի Հրանտ
Վստահաբար ոչ դուն եւ ոչ ալ ես մասնագետներ ենք այս խնդրին բոլոր ծալքերուն։ Հավանաբար Հայաստանի քաղաքական ակտորներուն եզրակացությունն այն է՝ մեկնելով պրակտիկ, պրագմատիկ տվյալներե, որ առանց այս կնճռին լուծումին Հայաստան չի կրնար վերապրիլ։ Բայց արդյոք այս կետե՞ն կախյալ է միայն հայության անկախ պետականություն զարգացնելու եւ ամրապնդելու կարելիությունը։
Ես կկասկածիմ-կրնամ թերեւս շատ սխալիլ- այս հարցումներու դրական պատասխանին։ Երկրի մը քաղաքական իշխանությանց գոյության իրավունքը չի կայանար այն բանին մեջ, որ քաղաքական խնդիրներու լուծմանց անելներու առջեւ գտնվելով, մտածումի տեղ քայլ ընեն ու ամլանան վերապրելու մտահոգության սեւեռումով։ Այսօր գոյություն ունի Ղարաբաղով ստեղծված անելը եւ որպես թե անով միայն պայմանավորված Երկրին տխուր իրավիճակը։ Վաղը կրնան բոլորովին տարբեր կնճիռներով շատ ավելի բարդ իրավիճակներ հառաջանալ եւ այդպես շարունակ։ Հետեւաբար, ի՞նչ մտածումով, եւ անհրաժեշտ գործողություններով դեմ դնել անձնասպանության համազոր նման քաղաքական գործընթացի։
Երկրի մը, որպես քաղաքական միավոր (պետություն) գոյությունը ռեալ ուժերու փոխհարաբերություններով պայմանավորված իրականություն մըն է։ Եթե այդ միավորին պատկանող կոլեկտիվին քաղաքական միտքը առաջնահերթորեն կկեդրոնանա լուրջ կոնցեպտներով եւ ոչ թե ad hoc միջոցառումներով որակավոր ուժի լծակներ ստեղծելու վրա, այդ պարագային միայն, երկրին քաղաքական իշխանությունները ռեալ ակտորի կվերածվին, փոխանակ պարտադրաբար խաղալիքն ու մեղսակիցը դառնալու կլանական մութ շահերու տերերուն եւ կամ այսպես կոչված «դրսի ուժերուն»։ Իսկ եթե մեր քաղաքական մտքի ու նախաձեռնությանց հորիզոնը պիտի սահմանվի-արտաքին գետնի վրա- օր մը միայն Ռուսաստանի հետույքով եւ կամ օր մը Թուրքիո քմահաճույքով եւ մյուս կողմե, ներքին գետնի վրա թաքուն կամ հայտնի մութ ուժերով ու անոնց հետապնդած շահերով, այդ պարագային թե՛ Հայաստանի եւ թե՛ Ղարաբաղի սոսկ գոյությունն իսկ պատահականության խաղալիք եւ խնդրո առարկա կրնա դառնալ։
Սիրելի Հրանտ
Հայությունը եթե իր գենոցիդեն վերջ պատմության այս հեգնանքին եւս պիտի արժանանա, հարց պետք է տալ, թե ո՞ւր է իր խելացիությունն ու արժանապատվությունը, որոնցով կուզե ինքնախաբեությամբ միշտ հպարտանալ։ Պարզ մտավորականի մը իմ այս խոսքերը հոկտեմբերյան ողբերգության առնչությամբ, համեստ հրավեր մըն են, ուղղված Հայաստանին եւ Սփյուռքին՝ սթափելու եւ ուրիշ ոչինչ։ Ես պիտի ուզեի, որ մեր պատմության ավելի փայլուն ու խոստումնալից էջերեն մեկնելով այս ժողովուրդը որակ տար իրեն, որպեսզի հառաջիկա սերունդները այլեւս թունավոր նվերներ չժառանգեին։ Այս տարրական խոսքերով կուզեմ իմ հարգանքս ընել հոկտեմբեր 27-ի զոհերուն եւ մասնակցիլ անոնց հարազատների սուգին ու կսկիծին, զոր պիտի ուզեի հավատալ, որ ամբողջ հայության կսկիծը դառնար, եւ այս ժողովուրդը նախ ինքզինք իրապես հարգելով ու խելացիությամբ իմաստ ուզեր տալ իր ապագա գոյության։
Սիրով՝ ԿԱՐՊԻՍ ՔՈՐԹԵԱՆ
Փարիզ-Վիեննա