Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ապրիլ 15,2000 00:00
Robert Qocharyan

Ռ. Քոչարյանի ակտիվացումից, հայտնի հրամանագրերից եւ որոշ երկրապահների կողմից նոր պաշտոններ ստանձնելուց հետո կարելի է արձանագրել, որ Ռ. Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է։

Այն, որ հոկտեմբերի 27-ից հետո ներիշխանական երկու թեւերի միջեւ ծայր առած հակասությունների համատեքստում Ռ. Քոչարյանն այսօր փաստորեն թելադրողի դերում է, վկայում են միայն վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները։ Վերջիններս հենց այն բարոմետրն են, որոնք վկայում են ներիշխանական պայքարում Ռ. Քոչարյանի կատարյալ հաղթանակի մասին։ Այսպես, վերջին շրջանում լրատվամիջոցները նոր թափով կրկին արձանագրում են, որ կառավարության կազմում կադրային փոփոխություններ են պատրաստվում եւ, ինչպես մի քանի ամիս առաջ, այսօր էլ այդ փոփոխությունների առանցքում նույն պաշտոնյաներն են՝ Վահան Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան ու նաեւ Սմբատ Այվազյան։ Իսկ երբ նման խոսակցությունները վերաբերում են հատկապես առաջին երկուսին, ապա պարզ է դառնում, թե այդ փոփոխությունների քամին որ կողմից է փչում։

Սա եւս վկայում է, որ Ռ. Քոչարյանի դիրքերն անշրջելիորեն ամրանում են, եւ, տվյալ դեպքում, հարցը ոչ այնքան այս մարդկանց մասնագիտական կարողություններին է վերաբերում, որքան փաստացի նախագահ Ռ. Քոչարյանի անձնական հավակնություններին ու վրեժխնդրությանը։ Իսկ մինչ Ռ. Քոչարյանը վճռականորեն շարունակում է իր հաղթարշավը, խորհրդարանում ներկայացված քաղաքական մեծամասնությունն ու նրա հովանու տակ գտնվող վարչապետական թեւը սկսում է արագ թափով «պարտություններ» արձանագրել։ Դրանցից մեկն այն է, որ «Միասնություն» դաշինքին չհաջողվեց հետեւողական լինել եւ կենսագործել բազմաթիվ հայտարարությունների վերածված պահանջները, մասնավորապես ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի պաշտոնանկության վերաբերյալ։ Մոռացության տրվեցին նաեւ քաղաքական մեծամասնության բուռն ցանկությունները սահմանադրական փոփոխությունները մինչեւ մայիս իրականացնելու վերաբերյալ։ Ռ. Քոչարյանի հաղթանակների թվին կարելի է դասել նաեւ երկրապահների եւ «Միասնություն» դաշինքի միջեւ խրված այն սեպը, որն առարկայացավ բանակում կատարված փոփոխությունների տեսքով։ Ի վերջո, հոկտեմբերի 27-ի գործն էլ կարծես փակուղի է մտնում։ Այսպես՝ օրերս հայտնի դարձավ, որ այս գործով կալանավորված Միսակ Մկրտչյանն ազատ է արձակված, իսկ նույն գործով մեկ այլ կալանավորվածի՝ Ալեքսան Հարությունյանի, կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը դատարանը մերժեց։ Սրանք, թերեւս, ներիշխանական վերադասավորումների արդյունքն են եւ ուղղակիորեն պայմանավորված են այն փաստով, որ այսօր արդեն Ռ. Քոչարյանի մենիշխանությունը վիճարկման առարկա չէ։ Թերեւս սրանով էին պայմանավորված նաեւ այն տեղեկությունները, թե զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Վերջինիս մեղադրանքների եւ ապացույցների «զինանոցը», հավանաբար, արդեն դատարկվել է։

Պրն Ջհանգիրյանը, ըստ երեւույթին, այս եւ ստեղծված իրավիճակի մասին երկրապահների վերնախավին տեղյակ պահելու համար էր օրերս այցելել ԵԿՄ։ Ի վերջո, այսպես թե այնպես, զինդատախազի միակ հենարանը կոնկրետ 27-ի գործի բացահայտման իմաստով ԵԿՄ-ն եւ «Միասնությունն» են, որոնց վերջին շրջանի գործունեությունը, մեղմ ասած, անհասկանալի եւ իրարամերժ է ու, ըստ էության, պարտության դատապարտված։ Գ. Ջհանգիրյանին 27-ի գործը բացահայտելու եւ համարձակ հայտարարություններ անելու համար ամուր թիկունք է պետք, որն այսօր միասնական չէ, եթե չասենք, որ ընդհանրապես չկա։ Բնական է, որ այս պարագայում հոկտեմբերի 27-ի գործով ոչ միայն առաջընթաց չի գրանցվի, այլեւ տարվող նախաքննությունն իրեն կսպառի։ Սա այն դեպքում, եթե խոսքը գնա նոր եւ բարձրաստիճան պաշտոնյաների նոր ձերբակալությունների մասին, ինչի վերաբերյալ, ի դեպ, դեռ մի քանի ամիս առաջ զինդատախազն ակնարկել էր։ Այն, որ գործի բացահայտման համար ոչ նպաստավոր պայմաններ են ստեղծված, արձանագրել են ոչ միայն «Միասնություն» դաշինքը, այլեւ ինքը՝ Գ. Ջհանգիրյանը։ Թող որ այդ պայմանները ստեղծված են պետական քարոզչամիջոցների կողմից։

Իսկ երբ իշխանության վարչապետական թեւն ամուլ է, զինդատախազ Գ. Ջհանգիրյանին մնում է լավագույն դեպքում հրաժարական տալ՝ գործը չտապալելու համար։ Պատահական չէ նաեւ, որ անգամ ԱԺ-ում, որտեղ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որը խոստացել էր ամեն ամսվա 27-ին հոկտեմբերյան դեպքերի առնչությամբ լսումներ կազմակերպել, մարտի 27-ը բաց թողեց։ Լսումներ չեղան նույն այն պատճառաբանությամբ, որ այս գործով նոր փաստեր կամ ասելիք չկա, իսկ երբ իշխանական պալատում ներիշխանական վերադասավորումներ են ընթանում, հոկտեմբերի 27-ի ողբերգությունն աստիճանաբար երկրորդ պլան է մղվում։ Իսկ այս դեպքում «Միասնությունն» ու իշխանության վարչապետական թեւն այլեւս անելիք չունեն։ Այն, որ Ռ. Քոչարյանն ի մի է բերում իր իշխանության ու իշխանական ռեալ լծակների ցիրուցան եղած բոլոր բեկորները, ըստ էության, կարող է վկայել նաեւ «Միասնություն» խմբակցության պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե նպատակահարմար է, որ ՀԺԿ-ն դուրս գա դաշինքից եւ սկսի ինքնուրույն քաղաքականություն վարել։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Ի հավելումն այս վերլուծության, ներկայացնենք, մեր կարծիքով, իրադրության փոփոխման առավել արժանահավատ վարկածը։ Իշխանության երկու բեւեռների կարկառուն մի քանի ներկայացուցիչներ ուղղակի փոխհամաձայնության են եկել եւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում են ե՛ւ կադրային փոփոխությունները (այն գուցե վերաբերի նաեւ վարչապետին), ե՛ւ Ալեքսան Հարությունյանին ազատ արձակելը (չնայած այս դեպքում նաեւ չի բացառվում, որ ուղղակի արդարադատության մարմիններն են, ինչպես միշտ, արագ կողմնորոշվել, թե ուժերի հարաբերակցությունն այժմ ում օգտին է)։ Մի բան կարող է տարօրինակ թվալ. բոլոր տեսանելի զիջումներն առայժմ մի կողմից են։ Իսկ ինչպե՞ս է փոխհատուցել այս ամենը նախագահական թեւը։ Հարցի պատասխանը թերեւս այս լուրերն են, թե որոշ բարձրաստիճան երկրապահներ փայատեր են դարձել նախագահական թեւի կողմից հովանավորվող գործարարների հետ։ Այնպես որ, քաղաքական հաղթանակն անցողիկ արժեք է, իսկ «նաղդ» փողը՝ մնայուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930