Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» ԿԱՎԱՐՏԻ՞ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 15,2000 00:00
grel

Վերաքննիչ դատարանը «Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն» համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ, եւ նույն դատարանի որոշման դեմ զինդատախազության բողոքը չբավարարվեց։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալեքսան Հարությունյանն այսօր ազատ կարձակվի։

Արդյո՞ք այս վճիռը նշանակում է, թե իշխանական երկու թեւերից նախագահականը հաղթող ճանաչվեց եւ վերջնականապես ավարտվեց երկիշխանությունը երկրում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ԵԿՄ-ն հերթական հայտարարությունը կկազմակերպի, կամ ավելի վճռական քայլերի կդիմի։ Սպասվում էր, որ ԵԿՄ վարչությունում, փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ հավաք տեղի կունենա։ Երեկ, մինչեւ ուշ երեկո ԵԿՄ-ում ոչինչ չէր կատարվում։ Վարչությունում էին միայն ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության անդամներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը։ Վերջիններիս էլ ուղղեցինք մեր հարցերը։ Ի՞նչ քայլերի է դիմելու «Երկրապահը»։ Մյասնիկ Մալխասյանի ասելով. «Այսօր չպետք է ձեռքերը ծալած սպասել, թե երկրապահը ի՞նչ պետք է անի։ Սա համազգային խնդիր է։ Ես չեմ ընդունում այն կեցվածքը, որ պետք է ժողովուրդը սպասի, թե երկրապահն ի՞նչ է անելու։ Սրանով բոլորի ճակատագիրն է որոշվելու»։ Մեր հարցին՝ արդյո՞ք նախագահական թեւն այս պահին ավելի ուժեղ չէ, պարոն Մալխասյանը պատասխանեց. «Ես հակված չեմ իշխանությունը թեւերի բաժանել։ Իմ ընկերները եւս շահագրգռված են, որ երկրում համընդհանուր աշխատանքային մթնոլորտ ձեւավորվի։ Բայց համոզված ենք, որ երկրի վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, Գագիկ Ջհանգիրյանը, որին վստահում ենք, շահագրգռված է, որ գործը բացահայտվի եւ օբյեկտիվ լինի ամեն ինչ։ Եթե Ջհանգիրյանը չունենար հիմնավոր ապացույցներ, նա չէր գնա նման քայլի։ Մնում է ենթադրել, թե ովքեր կարող էին դատական մարմնի վրա ճնշում գործադրել՝ ձեր ասած թեւը նկատի ունեմ»։

Նկատի ունենալով, որ ԵԿՄ վարչության Պախագահն արդեն նաեւ ՊՆ փոխնախարար է, հնարավո՞ր է «Երկրապահը» այս հողի վրա պառակտվի. «Չեմ կարծում, բոլորիս նպատակն է, որ արդարացիորեն գործը բացահայտվի»։

Ընդհանրապես երկրապահները վրդովված էին եւ զայրացած։ Նրանցից մեկը մեր հեռախոսային զրույցի ժամանակ նույնիսկ ասաց. «Մանթրաշ մեռնում եմ»։ Թեպետ այսպես, բայց ընդհանուր երկրապահական տրամադրությունները երեկվա ընթացքում ավելի քան զուսպ էին։ Մյասնիկ Մալխասյանը, մեր մի շարք հարցերի պատասխանելով՝ ասաց նաեւ հետեւյալը. «Երկրապահը» միշտ էլ գործել է օրենքի եւ օրինականության շրջանակներում եւ երբեք իրեն թույլ չի տվել դուրս գալ այդ շրջանակներից։ Այսօր պարզվում է, որ նրանք, ովքեր կոչված են օրենքները պաշտպանել, հենց նրանք են ոտնահարում օրենքները եւ երկիրն ավելի ծանր կացության մեջ դնում։ (…) Այսօր նրանց այդ վերաքննիչ դատարանը եւ դատավորները չգիտես ում ճնշման տակ (գուցե եւ արդեն պարզ է, թե՝ ում) կատարել են նման որոշում։ Թող դա նրանց դաս լինի, որովհետեւ բոլորն էլ իրենց արածների համար պատասխան են տալու»։

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյան– Մեզ համար արդեն պարզ էր, որ կան փաստեր, որոնց հիման վրա այսօր Ալիկ Հարությունյանին չի կարելի բաց թողնել։ Հետագա քայլերը հետո կերեւան, թե ի՞նչ կանենք։ Մենք այսօր մեծ դժգոհություն ենք հայտնում վերաքննիչ դատարանի այս վճռից։

– Դուք սպասո՞ւմ եք, որ միջնորդության մերժումից հետո զինդատախազը կարեւոր հայտարարություն կանի։

– Այսօր ազգի ճակատագիրն է որոշվում: Ոչ միայն զինդատախազը, այլեւ ամեն քաղաքացի պետք է լուրջ հայտարարություն անի։ Բնական է, այս անհայտ կարգավիճակով մենք չենք կարող պետությունն այս վիճակից հանել։ Պետք է այսօր ճիշտ կողմնորոշվենք, ճիշտ կարծիք ասենք, թե չէ իրար խաբելով չգիտեմ այս երկիրն ուր ենք տանում։

– Փաստորեն «Միասնության» հայտարարությունը, որը շահարկվեց, թե «Երկրապահի» պնդմամբ է եղել, նմանվեց իզուր օդի մեջ սուր ճոճելու։ Հիմա էլ՝ վերաքննիչի այս որոշումը։ Դուք չե՞ք գտնում, որ «Երկրապահն» իրար հետեւից պարտություն է կրում։

– Եթե այն հայտարարությունը արդյունք չտվեց, հետեւանքը եղավ այսօրվա վճիռը։ Բնականաբար հետագայում եւս նման բաներ կլինեն։ Քաոսը խորանում է։

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Ռուբեն Գեւորգյան– Երկարատեւ եւ հերոսական պայքարով ձեռք բերեցինք ինքնանվաճ ազգային արժանապատվություն, եւ նման գիտակցությամբ իրեն վերագտած ժողովուրդը այսօր հեռանում է երկրից։ Հեռանալու պատճառը մեկն է՝ հավատի պակասը երկրի իշխանավորների նկատմամբ։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է թողնելու այս հուսալքված ժողովրդի վրա։ Գործը չէր կարելի այնպիսի մարդկանց վստահել (վերաքննիչ դատարանին), որոնք չեն պատկերացնում, թե ինչ են ազգային արժեքները եւ հայ մարդը։ Նման մարդկանց երբեք չէր կարելի վստահել մի այնպիսի գործ, որի բացահայտմանն էր սպասում ողջ հայ ժողովուրդը։ «Երկրապահը» ժողովրդի ծոցից ելած ազգի սերուցք տղերքով կազմավորված միություն է։ Ինքը միշտ էլ կանի այն, ինչ-որ կթելադրի իր ժողովուրդը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930