Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հավելումն

Ապրիլ 14,2000 00:00
toto

«Առավոտի» ապրիլի 12-ի համարում «Միայն մասնակի ստուգումներով բացահայտվել են բազմաթիվ խախտումներ եւ չարաշահումներ» հրապարակմանը Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի արձագանքը անհրաժեշտ է դարձնում մի քանի պարզաբանումներ։

Նախ, ինչպես եւ մատնանշել էինք հրապարակման մեջ՝ մեր մեջբերած բոլոր փաստերն ուղղակի վերաշարադրված են ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետ Ռ. Միրզոյանի եւ նույն վարչության 3 աշխատակիցների՝ գլխավոր վերահսկիչ-վերստուգիչներ Ա. Մեհրաբյանի, Ս. Եղիազարյանի եւ առաջին կարգի վերահսկիչ- վերստուգիչ Ռ. Բունիաթյանի գրություններից։ Մենք ոչինչ չենք հավելել՝ միայն պակասեցրել ենք, ուստի անիմաստ է «Առավոտին» վերագրել ՀԱՀ-ի ղեկավարությանը մեղադրելու կամ վարկաբեկելու փորձերը։ Չարաշահումների մասին վկայող փաստաթղթերի իսկության մեջ կասկածողներին հրավիրում ենք խմբագրություն։ Թե որքանով են նշված փաստերը «զավեշտական եւ կապ չունեն իրականության հետ»՝ ՀԱՀ-ի ղեկավարության եւ պատկան մարմինների միջեւ պարզելիք հարց է։ Չնայած դատախազությանն ուղղված իր դիմումում ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետը նշել էր, թե իրենց միջանկյալ ակտերը հունվարի 27-ին ուղարկել էին ՀԱՀ-ի ղեկավարությանը՝ «դրանց ծանոթանալու եւ ստորագրելու, իսկ անհամաձայնության դեպքում՝ պարզաբանումներ եւ առարկություններ ներկայացնելու համար, սակայն առայսօր որեւէ պատասխան չի ստացվել»։

Ստուգող խմբի եզրակացության մեջ գնահատականներ կան նաեւ ֆինանսների նախարարին ՀԱՀ-ի տնօրենի ուղղած գրություններին. «դիտավորյալ ոչ ճիշտ մեկնաբանելով նախագահի հրամանագիրը… անհիմն պատճառաբանություններ… մատնանշվում են իրականությանը չհամապատասխանող փաստեր»։

Իհարկե, կարող էինք նախապես, մինչեւ նյութի տպագրումը, լսել նաեւ ՀԱՀ-ի ղեկավարության մեկնաբանությունները, սակայն լրագրողական էթիկայի շրջանակներից դուրս չէ նաեւ հակափաստարկներն առանձին ներկայացնելը, որը, ի դեպ, «Առավոտի» կիրառվող սկզբունքներից է։ Իսկ ընդհանրապես, այդ նորմերի չպահպանման վերաբերյալ կշտամբանքներն ավելի տեղին կհնչեին նրանց շուրթերից, ովքեր իրենց գործունեությամբ գրեթե ամեն օր չեն ոտնահարում համակողմանի եւ հավասարակշռված լրատվության սկզբունքները (ամենաթարմ ապացույցը հենց ապրիլի 13-ի «Հայլուրն» էր, պատկառելի տեւողությամբ մի սյուժեում միայն մեղադրող կողմին եթեր տրամադրելը)։

Տիգրան Նաղդալյանի արձագանքում պարունակվող մի ակնարկն արդեն հստակ եզրահանգման տեղիք է տալիս. կառավարության որոշ պաշտոնյաների նկատմամբ ԱԱՆ-ի կամ մեկ այլ մարմնի կողմից հավանաբար մշտական արտաքին դիտարկում է կիրառվում՝ արձանագրվում, թե նրանց առանձնասենյակներն ով է մտնում, ինչ են խոսում, ում հետ են ճաշում եւ այլն։ Ու նաեւ, որոշակի սպասարկու լրատվամիջոցներ կան, որոնց հարկ եղած պարագայում (ասենք, երբ առկա փաստերն ուղղակի պետք է արժեզրկել) տրամադրվում են այդ տվյալները։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930