Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՐՆ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է, ՈՐ ՀԵՌԱՆԱՔ։ ԼՂՀ։

Ապրիլ 14,2000 00:00
heranal

«Հիմա Մեղրիի ջատագովը՝ Կարեն Դեմիրճյանը չկա եւ Մեղրին փոխանակելուն չի կարող խոչընդոտել։ Չկա նաեւ Վազգեն Սարգսյանը, որը ոչ միայն ՀՀ տարածքների նվիրյալն էր, այլեւ Արցախի։ Շուտով երեւի շատերն էլ չլինեն։ Կարծում ենք, որ հրամանատար առ հրամանատար կապիտուլացվում է Հայաստանը, հերթով բոլորին ջարդում են»,- իր բարձրացրած թեմայի կարեւորությունը սեփական անձի կարեւորությանը համադրելով՝ երեկ լրագրողների ներկայությամբ ասաց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Վերջինիս ասուլիս հրավիրելու վիճակին էին հասցրել Մեղրիի փոխանակման մասին տարածված լուրերը եւ պարբերական դարձած ահաբեկչությունները։ Պրն Հայրապետյանը լսել է, որ շատ բարձր մակարդակներում խոսում են տարածքների փոխանակման մասին եւ «ծեքծեքումները, ռեւերանսներ անելը, թե նման խոսակցությունները լուրջ չեն», լուրջ չի ընդունում։ Նրան հատկապես տագնապեցրել էր «Զորի Բալայանի սիրելի Քերոլայն Քոքսի» բաց նամակը, ինչպես նաեւ երեկվա «Առավոտում» տպագրված լուրը, որ հոկտեմբերի 20-ին՝ ողբերգական դեպքից 7 օր առաջ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից՝ Մեղրիի հարցը քննարկելիս դահլիճը լքել են Կ. Դեմիրճյանն ու Վ. Սարգսյանը։ Ժամանակին, երբ Գոբլն առաջարկեց տարածքների փոխանակման տարբերակը, «Հայաստան» հիմնադրամը սկսեց լրջորեն աշխատել, իսկ Նախարարների կաբինետում ստեղծվեց հատուկ Զանգեզուրի պետնախարարություն։

Պրն Հայրապետյանի ասուլիսին ներկա էին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն ու «Նոր ուղի» կուսակցության փոխնախագահ Գեորգի Վանյանը։ Պրն Հարությունյանը հաճելի հիշողություններ պատմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, որը կարողացավ Գոբլի առաջարկին ադեկվատ քայլեր անել, ինչը չի անում գործող նախագահը. «Անլրջություն եմ տեսնում Քոչարյանի պահվածքում։ Այսօրվա իշխանությունները շատ անփույթ են մոտենում հարցին։ Ենթադրենք՝ իրականում հարցը լուրջ չէ, այդ դեպքում թող պարզեն՝ ովքեր են տարածում լուրերը, որ 5000 դոլարից սկսած գումարներ են առաջարկվում մեղրեցիներին»։ Միքայել Հայրապետյանն անմիջապես նկատեց, որ ոչ ոք, ընդհուպ նախագահը, իրավունք չունի անգամ մտքի ծայրով անցկացնել Հայաստանից, հատկապես՝ Զանգեզուրից, մեկ թիզ հող փոխանակելու հարցը՝ անգամ ամբողջ Արեւմտյան Հայաստանի, Լեռնային կամ Դաշտային ղարաբաղների դիմաց։ Թեման ոգեւորիչ էր, պաթոսով խոսելուն տրամադրող, եւ պրն Հայրապետյանն ու Հարությունյանը մտերմիկ երկխոսության անցան։ Իր խոսքին պատշաճ ծանրություն տալու նպատակով պահպանողական Հայրապետյանն անցավ երկրապահներին. «Երկրապահները՝ Վազգեն Սարգսյանի զինակիցները, իրավունք չունեն թույլ տալու, որպեսզի իրենց իսկ արյունը, իրենց ընկերների մատաղ կյանքերը արժեզրկվեն։ Երկրապահներն առաջին հերթին են պարտավոր ասել, քանի որ առաջին հերթին իրե՛նք են արյուն թափել»։

Պրն Հայրապետյանին հիշեցնենք, որ երկրապահների ծաղկաձորյան հավաքում գեներալ Մանվելը սպառնալից ասաց, որ թույլ չեն տա Հայաստանից եւ ոչ մի «սանտիմ» հող տալ։ «Մենք շուտով կմեկնենք Մեղրի։ Մենք պարտավոր ենք գնալ՝ ասելու՝ այս հողը տեր ունի, այս հողը որեւէ մեկն իրավունք չունի հանձնելու, իրավունք չունի անգամ մտածելու փոխանակման մասին։ Միքայել Հայրապետյանը չէր կարող իմանալ, որ իրենից բացի՝ Հայաստանում կան էլի մարդիկ, որոնք գուցե թե այդքան էլ պահպանողական չեն, սակայն վերջերս եղել են Զանգեզուրում (խոսքը վարչապետի եւ կառավարության Սյունիքի մարզի արտագնա նիստի մասին է)։ Իր սերը առ Զանգեզուրը պրն Հայրապետյանն այս կերպ արտահայտեց. «Ոչ մի միլիգրամ ասֆալտ Երեւանում չպիտի լինի, ոչ մի լումայի ներդրում Երեւանում չպիտի կատարվի։ Նույնիսկ հայ էթնոսի բնօրրան Արարատյան դաշտում չպիտի կատարվի ոչ մի լումայի ներդրում։ Նույնը՝ նաեւ Արցախում, քանի դեռ Մեղրիում աշխատատեղերի ավելցուկ չի արձանագրվել»։ Ապա որպես սեփական պրպտումների եւ հետազոտությունների արդյունք ներկայացրեց այն, ինչ կառավարությունն արդեն վաղուց որոշել է՝ Մեղրիին տալ ազատ առեւտրի գոտու կարգավիճակ եւ այլն։

Շանթ Հարությունյանը դարձյալ վերհուշի միջոցով ներկայացրեց, թե ինչպես էին Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը տարին 5 բաց նամակ հղում Տեր-Պետրոսյանին։ «Ինչո՞ւ հիմա Զորի Բալայանը մի նամակ էլ Քոչարյանին չի գրում։ Թե՜ իր ղարաբաղցի զեմլյակն ա՜, թե՛ ինչ ինտերես ունի, չգիտեմ»։

Ասուլիսի կուլմինացիան թերեւս պրն Հայրապետյանի երախտիքի խոսքերն էին՝ հղված առ Ռոբերտ Քոչարյանը. «Շա՜տ շնորհակալ ենք Ռ. Քոչարյանի կատարած աշխատանքի համար, նա մեզ հասկացրեց, որ իր կառավարման տարիներին արտագաղթի այս տեմպերը վտանգում են մեր ֆիզիկական գոյությունը։ Շնորհակալ ենք հատկապես նրա իշխանության օրոք դժբախտաբար չդադարող տեռորի, ուրվականների որսի համար։ Վերջին շնորհակալությունը կարող ենք հայտնել, եթե նա խաղաղորեն հեռանա։ Նույնիսկ կարող եմ ասել՝ ուր հեռանա՝ ԼՂՀ նախագահ դառնա։ Այսօր ՀՀ-ում նրա իշխանության ամեն մի օրը հյուծում է մեր պետականությունը, ինչպես որ արդեն իսկ հյուծված է Արցախը, ուր քաղաքացիական բնակչությունը գտնվում է բանտերում։ Ուր լրագրողին կարող են նստացնեն։ Մենք չենք ուզում ղարաբաղյան այդ ֆեոդալական բարքերի տեղափոխումը Հայաստան»։

Մանավանդ որ ֆեոդալական բարքերը Հայաստանում վաղուց են հաստատված։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել