Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս Է ԾԱԽՍՎՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔԸ

Ապրիլ 14,2000 00:00
hamahaykakan himnadram

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմքը ազգային տուրքն է։ Այսինքն՝ «հանուն հայրենիքի եւ ժողովրդի կատարվող պարբերական հատկացումը»։

Հիմնադրամը ստեղծման օրվանից ցայսօր շուրջ 67 մլն դոլարի ծրագիր է իրագործել Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում։ Թե ինչեր են կառուցվել, չթվարկենք։ Ստեղծման օրից սկսած բավական երկար ժամանակ նոր անկախացած Հայաստանում հիմնադրամը գրեթե միակ կառույցն էր, որ աշխատում էր առավել հրապարակային եւ բաց։ Հայտնի էին հիմնադրամ մուտք գործած գումարներն ու նվիրատվությունները, նաեւ այն, թե որտեղ եւ ինչպես են ծախսվել գումարները։ Անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 5 մլն ԱՄՆ դոլար։ Մարաթոնի նպատակն էր՝ գումար հավաքել Լեռնային Ղարաբաղի շրջաններն իրար կապող 169 կմ երկարությամբ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը կառուցելու համար։ Ճանապարհն այժմ էլ կա, պարզապես հողածածկ է, տեղ-տեղ անանցանելի։ Ավտոճանապարհի կապիտալ շինարարության համար պահանջվում է 25 մլն ԱՄՆ դոլար։ Հեռուստամարաթոնից հետո հավաքվեց միայն 5 մլն-ը։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ասուլիս հրավիրեց եւ հրապարակեց հեռուստամարաթոնի արդյունքները։

Ասուլիսի ժամանակ պրն Տեր-Ղեւոնդյանին ուղղված մեր հարցերից մեկը հետեւյալն էր՝ «քանի՞ այսպիսի հեռուստամարաթոն է հարկավոր ճանապարհի համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար»։ Գործադիր տնօրենը հույս հայտնեց, որ հեռուստամարաթոնից հետո էլ գումարներ են սպասվում։ Հասկանալի է, որ դա միայն ակնկալիք էր, իրականում ունենք այնքան գումար, որքան հավաքվեց մարաթոնի ընթացքում։ Որքանո՞վ է նպատակահարմար այսպիսի լարված սոցիալ-տնտեսական իրավիճակում (նկատի ունեմ ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ Հայաստանի վիճակը), գումար ներդնել մի գործի մեջ, որը պարզ չէ, թե ի՞նչ ընթացք եւ ելք կունենա։ Ըստ իս, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պարզապես պետք է նայի եւ ամենասովորական թվաբանությամբ զբաղվի։ Օգնենք նրանց եւ հիշեցնենք մի քանի մանրամասներ։ «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի շինարարությունը տեւել է հինգ տարի։ Ծախսվել է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար։ Ավտոճանապարհի երկարությունը 64 կմ է։ Քանի՞ տարի է հարկավոր «Հյուսիս-Հարավը» կառուցելու համար։ Հաշվենք՝ այս մեկի երկարությունը 169 կմ է, անհրաժեշտ գումարի մեկ հինգերորդն ունենք եւ դեռ հարց է՝ մնացածը կունենա՞նք, թե՞ ոչ։

Եթե նույնիսկ գումարը հավաքվի (անձամբ ես քիչ եմ հավատում), ապա ճանապարհը կկառուցվի մոտ 14 տարում։ Նպատակահարմա՞ր է համահայկական հիմնադրամի ուշադրությունը 14 տարի շարունակ սեւեռել մի ճանապարհի, որի կարեւոր ստրատեգիական նշանակությունը դեռ ապացուցման կարոտ է։ Սկզբում մենք նշեցինք ԼՂՀ եւ ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի ճգնաժամային պատկերը։ Հիմա եկեք չմոռանանք, որ քաղաքական ճգնաժամ եւս ունենք, եւ արտաքին հարաբերությունների սրված վիճակը։ ԼՂՀ կարգավիճակը դեռեւս անորոշ է, իսկ դեպի որոշակիացում տանող ճանապարհը եւս հողածածկ է եւ անանցանելի։ Գուցե սպասենք, այս ճանապարհը կառուցենք։ ԼՂՀ կարգավիճակը ավելի որոշակիացնենք եւ հետո միայն սկսենք «Հյուսիս-Հարավով» զբաղվել։ Մանավանդ, ավելի ցավոտ հարցեր ունենք, որոնք հնարավոր է հեռուստամարաթոնի հավաքած գումարով իրար հետեւից բուժել։ Ազգային տուրքի արդյունքն այսպիսով ավելի արագ տեսանելի եւ արդյունավետ կլինի։

Եվ ասվածի ապացույց կարող են լինել հենց «Հայաստան» հիմնադրամի հաշվետվությունները։ Ըստ այդմ՝ Ղարաբաղում վերակառուցված մեկ հիվանդանոցն արժեցել է 100 հազար դոլար, մեկ գյուղական դպրոցը՝ 90000 դոլար, մեկ ավերված գյուղի տների վերականգնումը՝ 240 հազար դոլար, մեկ ջրագիծը՝ միջինը 200 հազար դոլար։ Հիմա էլ հաշվենք, թե 5 մլն դոլարով քանի հիվանդանոց, դպրոց, ջրագիծ, քանի գյուղ կարելի է վերականգնել։ Հաշվելիս չմոռանանք նկատի ունենալ, որ յուրաքանչյուրի հետեւում կոնկրետ մարդիկ են կանգնած, ընտանիքներ, երեխաներ։ Ցավոք, արտագաղթը ոչ միայն հայաստանյան, այլեւ ղարաբաղյան է։ Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե ոչ՝ մարդիկ հեռանում են Ղարաբաղից եւ հիմնական պատճառը գործազրկությունն է։ Այստեղ երեւի հարմար է մեկ օրինակ բերել։ Հիշենք լրագրող Վահրամ Աղաջանյանի հրապարակումը՝ Վանաձորից Արցախում վերաբնակություն հաստատելու ցանկություն ունեցող ընտանիքներին «բյուջեում փող» չլինելու պատճառով հնարավորություն չէին տվել վերաբնակվել։ Կարծում եմ որոշ գումար էլ կարելի էր այս նպատակին տրամադրել։

Ազգային տուրքը առավել նպատակային ծախսելու մեր տարբերակը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել։ Արդյոք նպատակահարմար չէ՞, հավաքված գումարի կեսով վերակառուցել ավտոճանապարհի ամենավատ վիճակում գտնվող հատվածները, իսկ մյուս կեսը ներդնել Ղարաբաղի տնտեսության մեջ, հիմնականում՝ գյուղատնտեսական ապրանքի եւ դրա վերամշակման արտադրության ոլորտներում։ Այդ արտադրությունները կարող են դառնալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի սեփականությունը, եւ դրանցից ստացված շահույթը կարող է տրամադրվել ավերված բնակավայրերի, կրթական, առողջապահական հաստատությունների վերականգնմանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930