Ստեփանակերտի քաղաքային դատարանում երեկ առավոտյան ժամը 10-ին սկսվեց (եւ 14.45-ին ավարտվեց) «10-րդ նահանգ» օրաթերթի լրագրող Վահրամ Աղաջանյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Վահրամի դեմ քրեական գործ էր հարուցվել «Վերաբնակիչների համար բյուջեում փող չկա» («10-րդ նահանգ», 99 թ., 12 դեկտեմբերի) հոդվածի հիման վրա։ Լրագրողը քննչական մեկուսարանից բերվեց ձեռնաշղթաներով։ Դատավորը Նաիրի Հակոբյանն էր, մեղադրողը՝ տիկին Բարսեղյանը։ Վահրամ Աղաջանյանի պաշտպանությունն իրականացնում էր Երեւանից ժամանած փաստաբան Բենիկ Մինասյանը։ Կառավարության կողմից տուժող կողմ էր ճանաչված Դավիթ Միքայելյանը, որը կառավարության մամուլի բաժնի պատասխանատուն է։
Լրագրողն իրեն մեղավոր ճանաչեց մեղադրանքի միայն մի մասով, այն է՝ վանաձորցի ոմն Պետրոսյան զանգահարել է իրեն, եւ ինքը, փաստորեն, առանց ստուգելու նրա տեղեկատվությունը, այն հրապարակել է։ Վահրամի պաշտպանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու եւ գործը հետաքննության ուղարկելու մասին միջնորդություններով։ Սակայն երկու դեպքում էլ դատարանը՝ Երեւանի դատարաններին բնորոշ սկզբունքներով առաջնորդվելով, մերժեց միջնորդությունները։ Դատարանը մերժեց նաեւ «10-րդ նահանգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի՝ հերքման միջոցով միջադեպը հանգուցալուծելու առաջարկը։ Գործով անցնող որեւէ վկա դատավարության ընթացքում հանդես չեկավ։ Թեեւ գործով վկա կարող էր անցնել ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի եւ վերաբնակեցման վարչության պետ Նելլի Ոսկանյանը, որը երեւանյան «Երկրապահ» թերթի մարտի 17-ի համարում հավաստել էր, որ Վանաձորից 31 ընտանիք ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, սակայն միջոցները չեն բավարարել։ (Ի դեպ, նույն բանն իր հոդվածում ասել էր նաեւ լրագրող Վահրամ Աղաջանյանը, սակայն դա որակվել էր որպես զրպարտություն)։ Սակայն դատավորը նկատեց, որ Նելլի Ոսկանյանի արտահայտած միտքը պաշտոնական չի կարող համարվել, այդ պատճառով էլ նրան որպես վկա չեն հրավիրել։
Պետական մեղադրողն առաջարկեց լրագրողին դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Մեկ ժամ խորհրդակցական սենյակում պատսպարվելուց հետո դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը՝ Վահրամին դատապարտել մեկ տարի ազատազրկման։ Դատավորն, ի դեպ, այլընտրանքային պատժի կիրառումը բացառեց հետեւյալ հիմնավորմամբ. հաշվի է առնվել «հանցագործության բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը»։ Դատարանի վճռում ասված էր նաեւ, որ հոդվածից երեւացել է հեղինակի մտադրությունը՝ նսեմացնել ԼՂՀ վարչապետի պատիվն ու արժանապատվությունը։ Որպես իրեղեն ապացույց՝ քրեական գործին կցվել էր միայն «10-րդ նահանգ» թերթը։ Իր վերջին խոսքում Վահրամն ասել է. «Ինքնապաշտպանությանս պաշարները սպառված են»։
Կարդացեք նաև
Վահրամ Աղաջանյանի դեմ կայացած վճիռը կարող է բողոքարկվել յոթ օրվա ընթացքում՝ համաձայն ԼՂՀ քր. օր.-ի։ Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վ. Աղաջանյանը ՀՀ քաղաքացի է եւ ունի եռաստիճան դատական պաշտպանության իրավունք, ապա անհասկանալի է մնում՝ ըստ ԼՂՀ քր. օր.-ի՝ Գերագույն դատարանում վճիռը բողոքարկելուց հետո Վահրամի պաշտպանն իրավունք կունենա՞ դիմել Վճռաբեկ դատարան…
Դատական նիստին ներկա չէր Վահրամի մայրը. նա խիստ վատառողջ է։ Հայրը, քույրը, այլ հարազատներ դատարանի դահլիճից հեռացան՝ արցունքն աչքերին։ Հայաստանյան մամուլից (բացի «Առավոտից») ներկա էր նաեւ «Նորաթերթի» թղթակիցը։ Չի բացառվում, որ այսօր առավոտյան մամուլի ներկայացուցիչները բողոքի ակցիա կանեն՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ։ Հնարավոր է նաեւ, որ լրագրողները դիմեն ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանին՝ պաշտպանական միջնորդությամբ։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Ստեփանակերտ